ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայից կատարված գողությունը բացահայտվել է. երկու անձ ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շուրջօրյա հետևողական ու համագործակցված աշխատանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին մարտի 9-ին, և դեպքից 3 օր անց ավազակությունը բացահայտվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Երևանում բնակվող 27-ամյա երիտասարդներին հայտնաբերեցին մայրաքաղաքի Շերամի փողոցում ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք։ Երիտասարդները ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են գողոնն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս