2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ երկրի կառավարման ղեկը լրագրող Նիկոլ Փաշինյանին անցավ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել ու մինչև այժմ էլ խոսում են լրատվամիջոցների թափանցիկությունից:
Ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով մերօրյա իշխանավորներն ամբիոններից վերամբարձ տոնով հայտարարում են, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրենց մատուցած լրատվության հետևում ով է կանգնած:
Հայաստանում գործող օնլայն մեդիայի 37, տեսալսողական մեդիայի 20 %-ն է միայն թափանցիկ։ Այս տվյլաները ներկայացված են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը» վերլուծության մեջ: Կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ հետազոտել են հայկական 89 առցանց լրատվամիջոց: Որքան շատ տվյալ է ներկայացված, հետևաբար այնքան ավելի թափանցիկ է լրատվամիջոցը:
Փաշինյանի և թիմակիցների, որոնց շարքերում ի դեպ, լրագրողները բավական մեծ թիվ են կազմում, ԶԼՄ-ների թափանցիկության մասին հայտարարությունները սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գիծը տանող որոշ լրատվամիջոցների վրա չեն տարածվում: «Ռեգիոն» կենտրոնի հետազոտած լրատվամիջոցների ցանկում իշխանությանը սատարող երեք լրատվամիջոց է ներառված եղել, որոնցից միայն մեկն է հայտնվել թափանցիկ լրատվամիջոցների ցանկում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան