ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների վավերացրած «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

 

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը հանձնաժողովում մերժվել է քաղաքական մեծամասնության՝ ՔՊ-ի կողմից: «Խորհրդարանական կառավարման երկրում այս խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է գնահատական տա՝ ընդգծելով մեր մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին: ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության եւ հետագա անհաջողությունների…»:

Ըստ նրա՝ հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այդ հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձեւավորմանը՝ ընդդիմությունը նշում է, որ, ընդհակառակը, այն ամբողջությամբ ազգային է, ուղղված է պետական աջակցությանը: «Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից:  Այն մեսիջ կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի Հանրապետության ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր ու չենք նահանջելու դրանից, այսինքն՝ ինքնիշխանության եւ ժողովրդի արժեքների կորուստ չի լինելու»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն առաջարկեց հարցը ներառել նիստերի օրակարգ, հակառակ դեպքում իրենք դա կդիտարկեն որպես «թշնամու շահերի սպասարկում»: ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ, արձագանքելով Սեյրան Օհանյանին, հորդորեց սպառնալիքների տոնով չխոսել, հարգալից լինել: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի մտքին, թե դա քաղաքական խոսք էր՝ Արշակյանն ասաց, որ սպառնալիքը քաղաքական խոսք չի կարող լինել:

«Դեռ շատ մեծ հարց է, թե ով է թշնամու շահերը սպասարկում»,-հավելեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն  Ռուբինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Առաջինը՝ մենք հղում արեցինք, որ 2021 թվականի հունիսի 17-ին ԱԳ նախարարության կողմից եղել է համապատասխան գնահատականն ու արձագանքն այդ հռչակագրի առնչությամբ: ՀՀ ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ: ՀՀ կառավարությունը կառավարում է Հայաստանի անվտանգության ռիսկերը: Եվ մենք, ՀՀ իշխանության լինելով, նաեւ պատասխանատվություն ունենք՝ իրականացնելու այն գործընթացը, որը համարում ենք ՀՀ-ի համար օգտակար, անվտանգ: Մեր կարծիքով՝ ՀՀ պետական շահերի սպասարկման գնահատականներում բավականին տարբերություն կա՝ մեր գործընկերների եւ մեր պատկերացումների մեջ: Մենք գտնում ենք, որ խաղաղության օրակարգը շատ կարեւոր  ու անհրաժեշտ օրակարգ է ՀՀ-ի համար եւ այդ օրակարգը բխում է այն ընթացիկ վիճակից եւ այն նպատակներից, որ ունի մեր երկրի լեգիտիմ իշխանությունը»,-ասաց Արսենյանը՝ առաջարկելով նախագծին ձեռնպահ քվեարկել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ սթափության կոչ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Պատգամավորը, որպես սթափության առարկայական դրսեւորում, 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը հարցը ստացավ 26 կողմ, 1 դեմ, 57 ձեռնպահ ձայներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՎԱՐՏՎԻ

Ռուսական զորքերի աջակցությամբ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերի կողմից Մարիուպոլի շրջափակումը կավարտվի երեքշաբթի, քաղաքն օղակի մեջ կառնվի: Այս մասին երեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։ «Այսօր Մարիուպոլի շրջափակումն ամբողջությամբ կավարտվի, այն ամբողջությամբ օղակի մեջ կառնվի»,- ասել է նա։  Ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալն ասել է, որ Մարիուպոլի խաղաղ բնակիչների համար անհրաժեշտ կլինի մարդասիրական միջանցք բացել։ Բասուրինն ասել է նաեւ, որ Ուկրաինայի զինված ուժերը նոր սադրանքներ են ծրագրում Մարիուպոլի, Գորլովկայի եւ Դոնեցկի շրջանում։ «Ուկրաինայի զինված ուժերը որոշել են սադրանք կազմակերպել Ռուսաստանի Դաշնության դեմ, նրանք պատրաստվում են հագնել ռուս զինվորականների, մեր տղաների, մեր հանրապետության զինվորականների համազգեստ եւ սպանել քաղաքացիական անձանց։ Եվ սա միայն Մարիուպոլի մարզում չէ, Գորլովկայի շրջանում էլ է, Դոնեցկում պատրաստվում են նման սադրանքներ անել»,- ասել է նա։

 

 

 

ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ ԵՆ

Սումգայիթում եւ Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետեւանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի տարելիցների առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ: «Ադրբեջանի իշխանությունները ջանք չգործադրեցին պատժելու պատասխանատուներին, փոխարենը փորձեցին կոծկել կոտորածներն ու հերքել այս հարձակումները հրահրելու գործում կառավարության ունեցած դերակատարումը»,- նշել է Շիֆը: Նա ցավով է արձանագրել, որ վերոնշյալ դեպքերից շուրջ երեք տասնամյակ անց պատմությունը կրկնվեց, երբ ադրբեջանական ուժերը հերթական անգամ թիրախավորեցին ու կոտորեցին Լեռնային Ղարաբաղի անմեղ հայ բնակչությանը: «Այսօր շարունակվում  է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի ժողովրդի: Հայ զինվորները շարունակում են ապօրինաբար ձերբակալված մնալ եւ խոշտանգվել, միեւնույն ժամանակ հազարավոր քաղաքացիական անձինք ապրում են վտանգի տակ: Կրոնական ու մշակութային հայկական կոթողներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ մշտական սպառնալիքի տակ են:

 

 

 

ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԲԼՈԿԸ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Ըստ Rate.am կայքի՝ այս ժամերին ընթացքում ռուբլին միջինը կարելի է ձեռք բերել միջինը 3.50 դրամով, մինչդեռ երեկ առավոտյան ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է կազմել, վաճառքինը՝ 5 դրամի սահմաններում։ ArmLur.am-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչպես կանդրադառնա ռուբլու արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ այս դեպքում Հայաստանի տնտեսության համար ամենամեծ վնաս կկրի տրանսֆերտների բլոկը: «Իմ կարծիքով, շատ կտուժի, դա ավելի մեծ գումար է, քան արտահանմման ծավալները, եւ միգրանտների խնդիրը կսրվի: Ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի տրանսֆերտների վրա. քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում, նույն տրանսֆերտները կփորձեն անել նույն ռուբլիով: Ենթադրենք՝ 10 հազար ռուբլի են ուղարկում, բայց այդ 10 հազար ռուբլին կդառնա ոչ թե նախկին 7 դրամով հաշված, այլ 3-5.5 դրամ, այսինքն՝ այն ծախսերը, որոնք մարդիկ իրենց ընտանիքների համար են անում՝ բուժման, կեցության, առողջապահական, կրթության խնդիրների համար, չեն կարող ապահովել: Այսինքն՝ կհայտնվեն աղքատության մեջ»,- կանխատեսեց մասնագետը: Ստեղծված իրավիճակի երրորդ վնասկար կողմը կարող է լինել այն, որ այդ դժվարության պատճառով մեր միգրանտները հնարավոր է վերադառնան Հայաստան: «Այսինքն՝ ձեռնտու չլինի այնտեղ մնալը, աշխատելը՝ գումարած այն, որ իրենք Ռուսաստանում պետք է սնվեն, իրենց կեցությունն ապահովեն, կամ այնտեղ աշխատատեղեր փակվեն, ապա հետ կվերադառնան Հայաստան»,- նշեց Գագիկ Մակարյանը:

 

 

 

70 ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ

Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա՝ ՄիԳ-29-եր եւ ՍՈւ-25-եր: Դրանք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական խնդիրներ կկատարեն։ Նշվում է նաեւ, որ Բուլղարիան 16 հատ ՄիԳ-29-ը կփոխանցի Ուկրաինային եւ 14 ՍՈւ-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29-ը։ Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու առաքումն Ուկրաինա. հայտնում է BBC-ն։ Լրատվականը հայտնում է նաեւ, որ լույս մարտի 1-ի գիշերը Խերսոնն ամբողջությամբ շրջապատվել է ռուսական զորքերով, եւ որ սնդդամթերքի մատակարարման խափանումներ են առաջացել։

 

 




Լրահոս