ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ համար հասկանալի չէ դատարանում ներկա պահին քննարկվող եւ մինչ այդ ներկայացված միջնորդության կապը, որի համար Դուք հեռացել էիք խորհրդակցական սենյակ»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստի ժամանակ, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, ասել է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը։

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին եւ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին եւ 63 հոդվածի 1-ին մասին։

Դանիբեկյանը հղում է արել Քրեական դատավարության 31 հոդվածի 4 մասին, որի համաձայն՝ քրգործի վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Այս դեպքում դատարանը գտել է, որ առկա են դատավարական գործողություններ, որոնց դատարանը դեռ պետք է անդրադառնա։

Նախագահող դատավորը տեղեկացրել է, որ գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը միջնորդություն է ներկայացրել երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատարանը գտել է, որ նախնական այդ միջնորդության լուծումը Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ։

«Ձեր խոսքի մեջ միտք կար, որ քանի որ քրեական գործի վարույթը կասեցնելուց առաջ բոլոր անհրաժեշտ գործողությունները պետք է կատարված լինեն, մեզ մոտ տպավորություն առաջացավ, որ Դուք խորհրդակցական սենյակում որոշել եք կասեցնել, բաց մինչեւ կասեցնելը վերադարձել եք Արմեն Գեւորգյանի դատական նիստերի մասնակցության հարցը լուծելու. եթե ոչ, ապա որեւէ կապ այս պահին քննարկվող եւ խորհրդակցական սենյակում Ձեր գտնվելու ժամանակ քննարկված միջնորդության հետ կապված հարցերի միջեւ չենք տեսնում։

Ինչ վերաբերում է դատական նիստերին բացակայությանը եւ հետագայում դատական նիստերին ներկայանալու անհնարինությանը, ապա սա այն է, ինչի մասին մենք խոսել ենք։ Այն, ինչ միջնորդության տեսքով ներկայացվեց, կարելի է ձեւակերպել շատ ավելի կարճ՝ ինձ աշխատանքային ժամերին հարմար չէ ներկայանալ դատական նիստրին, եւ ինձ հարմար չէ դատական նիստերին ներկայանալ, որովհետեւ ես աշխատանքի չեմ։ Եթե չմեջբերեմ Քրեական դատավարության որեւէ նորմ դատական նիստերին պարտադիր լինելու մասին, ապա գործընթացը քրեական դատավարության հետ որեւէ առնչություն չունի։ Քրեական դատավարությունը, որպես հարյուրավոր տարիներ գոյություն ունեցող երեւույթ, հեղինակազրկվում է, որեւէ մեկի պարտականությունների կատարումը, հանդիպումները, քննարկումները չեն կարող իրեն փաստացի ազատել մեղադրյալի կարգավիճակից փաստացի»,- ասել է Բաղասարյանը։ Վերջինս առարկել է ներկայացված միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։

Ն. Պ.

 

 

42 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ, 19-Ը՝ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի զեկուցմամբ՝ ՀՀ ԶՈւ-ի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ՝ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաեւ 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում, եւ նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։ Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու եւ այլն: 2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Բռնությամբ, ծառայողների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններով զուգորդված հանցագործությունների պատճառներից ու պայմաններից շարունակում է ակտուալ մնալ ներքին փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ զինծառայողների ոչ պատշաճ վերաբերմունքը:

 

 

ԴՊՐՈՑԸ ՀՐԴԵՀՎԵԼ Է

Մարտի 1-ին՝ ժամը 07։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։ Բարեբախտաբար, հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզում է հրդեհի պատճառը։

 

 

ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի նորակոչիկների գումարտակի հրամանատար, մայոր Ի.Վ.-ն, հանդիսանալով նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ նա չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհետ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Ի.Վ.-ն, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքերը:

21.02.2022 թվականին Ի.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 25.02.2022 թվականին ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 28.02.2022 թվականին որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, եւ նույն օրը քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

 




Լրահոս