Արմավիրի բանտի 3-րդ տեղամասի 30-րդ խցից հրահանգ է տրվել. քրեական ենթամշակույթի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արշակունի Սամվելի Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, այն է՝ իր հանցավոր համոզմունքների, սովորույթների և դրսևորած վարքագծի համար ստանալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, հանդիսանալով այսպես կոչված «զոն նայող», գտնվելով արգելանքի տակ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020թ. փետրվարի 22-ից հետո շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, իսկ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար՝ հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

Իրենց հերթին, տարբեր անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Արշակունի Թովմասյանի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:
Բացի այդ, տարբեր անձինք իրենց ենթադրյալ իրավունքերն իրացնելու համար մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Արշակունի Թովմասյանին:

Այսպես.
Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Արշակունի Սամվելի Թովմասյանը, «Վիտուշ» մականվամբ Արթուր Սերժիկի Պապիկյանի հետ գտնվելով արգելանքի տակ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես, իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլեխաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, մասնավորապես 2020թ. հուլիսի 3-ին «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի կողմից խնդրանքով իրեն դիմելուց հետո ստանձնել է ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ի 6-րդ տեղամասի 4-րդ խցում պահվող կալանավորին մոլեխաղերից զերծ պահելու հարցի լուծումը, ինչպես նաև 2020թ. հունիսի 29-ին իրեն դիմած Արթուր Սարգսի Ավագյանի խնդրանքով ստանձնել է մասնավոր հարցին առնչվող վեճը, այն է՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներ «Ալեքսիկ» մականվամբ Ալեքսանդր Պապիյանցի և Նարեկ Կամանյանի կողմից նրան պարտք մնացած գումարը վերադարձնելու հարցի լուծումը, 2020թ. հուլիսի 5-ին Արսեն Ժիրայրի Մարտիրոսյանը խնդրանքով դիմել է <Արմավիր> ՔԿՀ կալանավոր Արշակունի Թովմասյանին` իր և <Ծաղկաշենցի Տիկո> ներկայացած անձի միջև ոմն Ժորայի արտը այրելու կապակցությամբ մասնավոր հարցին առնչվող վեճը իր օգտին լուծելու նպատակով: Իր հերթին Ա.Թովմասյանը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող իր անօրինական ազդեցությունը օգտագործելով, ստանձնել է նշված հարցի լուծումը: Քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը, մասնավորապես, նույն քրեակատարողական հիմնարկի 1-ին տեղամասի 30-րդ խցի կալանավոր «Տոլիկ» մականվամբ Անատոլի Միխաիլի Տերյանի հետ «Վիտուշ» մականվամբ Արթուր Պապիկյանի առաջարկով քննարկել է նույն տեղամասի այսպես կոչված «զոն նայող» Սմբատ Դավթի Ավդալյանին պատժելու հարցը, բացի այդ, կազմակերպել և վերահսկել է այսպես կոչված «օբշակի»՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, այդ գումարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող «Չոբռա» մականվամբ Արսեն Մարտիրոսյանի միջոցով պարբերաբար իրականցրել է ճշգրտումներ:
Այսինքն՝ Արշակունի Սամվելի Թովմասյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
2․Արսեն Ժիրայրի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իր ենթադրյալ իրավունքն իրացնելու համար

Այսպես.
Արսեն Մարտիրոսյանը, լինելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախկինում պահված անձ, 2020թ. հունիսի 14-ին և 15-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Արշակունի Թովմասյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պատիժ կրող և կալանքի տակ գտնվող անձանց կողմից մոլեխաղերի միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով ստացված՝ անօրինական օգուտ հանդիսացող դրամական միջոցների՝ այսպես կոչված «օբշակի» գումարների հավաքագրման չափերը, ինչպես նաև հայտնել դրանք փոխանցելու հանգամանքները՝ այդ կերպ իր մասնակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտ հանդիսացող դրամական միջոցների՝ այսպես կոչված «օբշակի» գումարների հավաքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը:
Այսինքն՝ Արսեն Ժիրայրի Մարտիրոսյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, Արսեն Մարտիրոսյանն իր ենթադրյալ իրավունքներն իրականացնելու նպատակով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու նպատակով 2020թ. հուլիսի 5-ին, ժամը 00:30-ի սահմաններում զանգահարել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արշակունի Սամվելի Թովմասյանին և տեղեկացրել, որ իր հարևանությամբ բնակվող անձանցից մեկն իրեն մեղադրում է արտն այրելու մեջ և որ այդ կապակցությամբ նրա համար որպես «հարց լուծող» հանդես եկող ոմն «Ծաղկաշենցի Տիկո» ներկայացած անձը ցանկանում է հանդիպել իրեն և կատարել պարզաբանումներ, ինչի կապակցությամբ խնդրել է իր հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով լուծել նշված վեճը:
Ա.Թովմասյանը խոստացել է լուծել մասնավոր հարցին առնչվող հիշյալ խնդիրն ի օգուտ Ա.Մարտիրոսյանի և նշել, որ նշված հարցի կարգավորման նպատակով կարող է տվյալ անձին փոխանցել իր հեռախոսահամարը՝ զանգահարելու և պարզաբանումներ կատարելու համար:
Այսինքն՝ Արսեն Ժիրայրի Մարտիրոսյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպիսով, Արսեն Ժիրայրի Մարտիրոսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարում:
3․ Արթուր Սարգսի Ավագյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի` վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելով այլ առավելություն ստանալու նպատակով մասնավոր հարցին լուծում տալու համար, որպիսի գործողությունները կայացել են հետևյալում.

Այսպես.

Արթուր Սարգսի Ավագյանը մասնավոր հարցին առնչվող վեճը(խնդիրը) լուծելու նպատակով 2020թ. հունիսի 29-ին, ժամը 00:17-ի սահմաններում, զանգահարելու եղանակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված` «զոն նայող» հանդիսացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արշակունի Սամվելի Թովմասյանին և տեղեկացրել, որ իր մտերիմներին ունեցած 180.000 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու հարցով, որպես «պատասխանատու» հանդես եկող ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներ «Ալեքսիկ» մականվամբ Ալեքսանդր Պապիյանցը և Նարեկ Կամանյանը խախտել են իրենց իսկ սահմանած` 25 օրյա ժամկետում գումարը վերադարձնելու պայմանավորվածությունը և վերջնականապես հրաժարվել վերադարձնել գումարը, ինչի կապակցությամբ խնդրել է իր հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով ստանձնել նշված հարցի լուծումը: Ա.Թովմասյանը խոստանալով լուծել մասնավոր հարցին առնչվող վեճն ի օգուտ Ա.Ավագյանի ներկայացրած անձանց, հայտնել է, որ հարցի կարգավորման նպատակով հաջորդ օրն առավոտյան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների միջոցով կտա կոնկրետ հանձնարարականներ:
Այսինքն՝ Արթուր Սարգսի Ավագյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով:Գործը դատարանում է :

Ք.Մ




Լրահոս