Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Նույն հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները: Հավելենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ հունվարի 20-ին էր հայտարարել Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Հայկական կողմը հաստատեց Միրզոյանի մասնակցության մասին միայն օրեր առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում