Փետրվարի 5-ին` ժամը 03։35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի գազալցակայանում զինված հարձակում է եղել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել էին, որ ժամը 03։00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը՝ ինքնաձիգով, հարձակվել էին գազալցակայանի աշխատակիցների վրա։ Մտել էին աշխատասենյակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, ինքնաձիգից կրակել հատակին և փող պահանջել, ապա հափշտակել էին դրամարկղի մոտ 150 000 դրամը ու փախել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ավազակությունը բացահայտելու ուղղությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, նաև քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Գյումրեցի 27 և 31 տարեկան երկու տղամարդիկ մարտի 7-ին հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Նրանք ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են:
Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվել է 27-ամյա տղամարդու տունն ու ավտոտնակը: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և 7,62 մմ տրամաչափի 9 փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։