Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը էիչ առաջ երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման համար ԱԺ հատուկ նիստն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նիստը վարում է ԱԺ նախագահի լիազորությունները կատարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց՝ նշելով.
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:
Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող Ալեն Սիմոնյանը, նախարարներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:
Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով: