Այսօրվանից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը։
Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Այս պահին պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթ, որը պետք է ներդրվի հենց այսօրվանից»,- ասել է նա։
Լը Դրիանը նշել է, որ ԵՄ-ում դեսպանները ներկայումս բանակցություններ են վարում պատժամիջոցների այս փաթեթի շուրջ։ Մասնավորապես, այն կներառի Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք, հավելել է նախարարը։
Նաև արգելք կմտցվի ռուսական նավթային ոլորտում բոլոր ներդրումների համար։ Բացի այդ, պատժամիջոցները, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, կազդեն գործարարների ավելի լայն շրջանակի վրա։
«Այլ միջոցները չեն կարող բացառվել, բոլոր տարբերակները դիտարկվում են»,- ասել է Լը Դրիանը։
Միաժամանակ, Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Փարիզը կողմ է Մոսկվայի հետ երկխոսության ուղիների պահպանմանը։
«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն պատերազմում Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նա։