Նիկոլ Փաշինյանի կաբինետը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասով փորձում է որդեգրել «նախկինների» ձեռագիրը։ Այպես ասած նախահեղափոխական Հայաստանում գործադիրը հող մշակողներին կամ, առհասարակ, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին աջակցում էր՝ սուբսիդիաներ տրամադրելով։ Դրանք նախ հաստատվում, ապա տրամադրվում էին ըստ գյուղացիների բարձրացրած առաջարկ-պահանջների։ Կառավարության մարտի երեքի նիստի ժամանակ Փաշինյանի կաբինետը հասատատել է ծրագիր, ըստ որի՝ հող մշակող գյուղացիները ցածր գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր կարող են ձեռք բերել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերոնշյալ ծրագիրը կյանքի կոչելը պետբյուջեի վրա ավելի քան 4 մլրդ դրամ կարժենա։ Տեղեկացանք նաև, որ պետական սուբսիդիայի միջոցով գյուղացիները պարարտանյութ կարող են ձեռք բերել միայնումիայն էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված մատակարարներից։
Պետությունը, որ ազոտական, ֆոսֆորական ու կալիումական պարարատանյութեր կտրամադրի ըստ մարզպետարանների ներկայացրած հաշիվների, գյուղացիներին կօժանդակի ձեռք բերվելիք պարարտանայութի գումարի 50 տոկոսի չափով։
Ի՞նչ է ստացվում․ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները, որ առիթը բաց չեն թողնում քննադատել նախկին իշխանություններին ու նրանց իրականացրած բոլոր ծրագրերին «անուն» են դնում, այժմ, փաստորեն, «նախկինների» կիրառած փորձն ու մեթոդներն են բանեցնում։
Սևակ Վարդումյան