ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի առեղծվածն իրավապահների տունը կռիվ է գցել: Գլխավոր դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն միմյանց դեմ են դուրս եկել:
Արդեն մի քանի օր է ինչ մամուլը հրապարակում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-նում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Գնորդն էլ եղել է ոչ ավել ոչ պակաս Նարեկ Նալբանդյանը, որը օրեր առաջ նաեւ ձեռք էր բերել «Գոլդեն փելիս» հյուրանոցը՝ 5 միլիարդ դրամով:
Եվ ահա նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել: Արդյունքում, երեկ իրավիճակին անդրադարձավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ տարակուսանք հայտնեց:
Ցավալի է, սակայն փաստ վերահսկող մարմնի ղեկավարը անտեղյակ է ու ինչպես շատ դեպքերում գնացքը վաղուց գնացել է ու մեր իրավապահ համակարգը նոր է գործի անցնում՝ հասկանալու համար, թե այդ ինչպես վաճառվեց: Ու մինչ Գլխավոր դատախազությունը փորձում է գտնել մեղավորներին, կրակը ավելի թեժացրեց Հակակոռուպցիոն կոմիտեն եւ հերթական անգամ հրապարակային դաշտում պատասխան է տալիս Գլխավոր դատախազին, թե իրենք օրենքի շրջանակում են աշխատում .«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո:
Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Հետևաբար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։
Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն:
Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»:
Ի դեպ արձանագրենք մեկ բան. սա առաջին դեպքը չէ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանում է Գլխավոր դատախազությանը եւ դեռ ավելին՝ արձանգրենք, որ աղմակահարույց մի շարք քրեական գործեր դատախազությունը չի հաստատում եւ կրկին ուղարկում Կոմիտե՝ այն քննելու եւ թերությունները շտկելու: Վերլուծելով իրավիճակը՝ ակնհայտ է մեկ բան՝ Գլխավոր դատախազի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ջրերը մեկ առվով չեն հոսում ու ներքին տարաձայնությունը թեւակոխել է հրապարակային դաշտ: Իսկ թե որքանով այս ամենից կշահի արդարադատությունը, ցույց կտա ժամանակը:
Քնար Մանուկյան