Գլխավոր դատախազությունը անդրադարձել է Դավիթ Գալստյանի ազատ արձակմանը եւ հայտարարություն տարածել.
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, նախաքննական մարմնին «գործարք» է առաջարկել: