ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Տվյալ համալսարանի ուսանողների կրթության շարունակականության ապահովման նպատակով նրանց հետագա ուսումնառությունը կկազմակերպվի այլ բուհերում: Համաձայն կարգի՝ վերոնշյալ գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ են հետեւյալ գործողությունները.

 

Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի եւ հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը եւ միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ ուսման վարձի մասով:

Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող, նախընտրելի մինչեւ երկու հաստատություն՝ ըստ ԿԳՄՍ նախարարության հաստատած ցանկի՝ նշելով համապատասխան բուհի տվյալ եւ նախընտրելի մինչեւ երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր)՝ առաջին հայտի գերակայությամբ:

Ուսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի՝ համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) եւ կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունը որոշվում է ընդունող հաստատության կողմից՝ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) եւ ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից:

Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի՝ ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որեւէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների եւ ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին, եւ նրան թույլատրվում է մասնակցել տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել ավելի ցածր կիսամյակից, որից ուսումնառության շարունակման՝ սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում հաստատության առաջարկությամբ եւ սովորողի համաձայնությամբ սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:

Սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում սովորողը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը:

Տվյալ կիսամյակում սովորողի՝ հետագա ուսումնառության շարունակման համար նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչեւ խախտման պատճառների վերացումը: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը 5 աշխատանքային օրվա ընթացքում սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի եւ հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը եւ միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով): Անհրաժեշտ տեղեկատվությունը եւ համապատասխան փաստաթղթերը պետք է տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանողներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելու նպատակով:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ

Ազգային ժողովի նիստի օրակարգ չի ընդգրկվել ապրիլի 10-ը Արցախի Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդերի զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Ազգային ժողովում «Տոների եւ հիշատակի օրերի օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

 

«Այդ նույն օրենքում ամրագրված է նաեւ արբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, որը նշվում է փետրվարի 28-ին։ Մարաղայի վրա հարձակումը եւս ուներ բացառապես հայ խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ եւ այդ ոճրագործության շարունակություններ՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի եւ այլ բնակավայրերում հայկական բնակչության կազմակերպված եւ զանգվածային ջարդերի ու տեղահանության, սակայն այս ոճրագործությունները տեղի են ունեցել  Սովետական Ադրբեջանի տարածքում, իսկ Մարաղայի դեպքում գործ ունենք Արցախի Հանրապետության տարածքում արդեն անկախ Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերի հետ, ինչը դատապարտելու օր մենք պետք է սահմանենք»,- ասել է  նա:

Պատգամավորը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում եւ իրականացվում է մինչ օրս, ինչն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Մենք պետք է հետսովետական շրջանում իրականացված Մարաղայի դաժան ջարդերի արձանագրումն ու դատապարտումը հակակշռենք Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» կեղծ հարցը միջազգային օրակարգ տեղափոխելու թշնամական Ադրբեջանի ջանքերին եւ շահարկումներին։ Տվյալ դեպքում Ադրբեջանը՝ որպես հանցագործ, ինքն է բարձր գոռում՝ «բռնե՛ք հանցագործին»։ Մենք պետք է ի ցույց դնենք, որ Ադրբեջանի գործելաոճը չի փոխվել, ինչը նաեւ հուշում է, թե ինչ կլինի հայ բնակչության հետ, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Ինձ համար անընդունելի է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը տարբեր պատճառաբանություններով չընդունեց մեր այս նախագիծը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող խմբակցությունը մերժել էր նաեւ «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը՝ այդ որոշումն իրենց դեպքում խիստ տրամաբանական էր, քանզի մտածում են, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին չի կարելի նեղացնել իրենց կողմից կիրթ եւ կառուցողական որակված Ալիեւին»,- նշել է պատգամավորը:  Նախագիծը չի ընդգրկվել նիստի օրակարգ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց որոշմանը։

Ն. Պ.

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՐԳՈՒՄ

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ 2022թ. մարտի 1-ից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային եւ ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային, օդային եւ ծովային ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային  անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր (ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը): Այն պետք է լինի տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ բոլոր պատվաստանյութերը ընդունելի են նաեւ Վրաստանում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։

Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլեւս չի գործում:

Մինչեւ 10 տարեկան երեխաներն ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։

Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաեւ առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան եւ հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո եւ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մինչեւ 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։

 




Լրահոս