Նորընտիր իշխանությունները հաճախ ներկայացնում են տվյալներ եւ փորձում ցույց տալ, թե իրենք ձեռքբերումներ են ունեցել, սակայն հաճախ դրանք լինում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ունեցած ձեռքբերումներ, որոնք վերագրվում են ՔՊ-ին:
Մարտի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն եւ բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել են։ «ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210%-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 2 անգամ, էլի համարյա 200%, նվազագույն աշխատավարձը՝ 3.6 անգամ, միջին աշխատավարձը համարյա 3 անգամ է աճել, միջին կենսաթոշակը՝ 3.6 անգամ, եւ պետական բյուջեի մուտքերն աճել են 2.3 անգամ»,- նշեց նա։ Ի պատասխան Մամիջանյանի այս հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ Մամիջանյանի հնչեցրած պնդումները չափազանցված են։ «2009 թվականին նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամ էր, իսկ իշխանությունը հանձնելու պահին (2018-ի ապրիլին – խմբ.)՝ 55 հազար էր, հետեւաբար տարբերությունը 1.8 անգամ է, ոչ թե 3.6 անգամ, այսինքն՝ Էստեղ ակնհայտորեն սխալ տվյալ եք ներկայացրել։ Նույնը վերաբերում է, օրինակ, միջին աշխատավարձին։ Ասում եք՝ 3.6 անգամ եք ավելացրել։ Նայում ենք վիճակագրությունը, տեսնում ենք՝ 96 հազարից դարձել է 172 հազար եւ ավելացել է ընդամենը 1.8 անգամ։ Այսինքն` նորից 2 անգամ վիճակագրությունը կեղծված եք ներկայացնում»,- հայտարարեց Պապոյանը։ Մինչդեռ, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, միջին կենսաթոշակը 2000 թվականին կազմել է 4500 դրամ, 2006-ին՝ 10 900 դրամ, 2008-ին՝ 21,400 դրամ, իսկ 2009-ին՝ 24,500 դրամ: 2018-ին, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, միջին կենսաթոշակի չափը կազմում էր 40,500 դրամ։ Սա նշանակում է, որ միջին կենսաթոշակը, 2000-ի համեմատ, աճել է 9 անգամ, 2006-ի համեմատ՝ 3.7, 2008-ի համեմատ՝ 1.9, եւ 2009-ի համեմատ՝ 1.7 անգամ։ Ինչ վերաբերում է պետական բյուջեի մուտքերին, ապա 2000 թվականին այն կազմում էր 172 մլրդ, 2006-ին՝ 441 մլրդ, 2008-ին՝ 785, իսկ 2009-ին՝ 690 մլրդ։ 2018-ին Հայաստանի բյուջեն կազմում էր արդեն 1342 մլրդ, ինչը, 2000-ի համեմատ, ավել է 7.8 անգամ, 2006-ի համեմատ՝ 3 անգամ, իսկ 2008-ի եւ 2009-ի համեմատ՝ համապատասխանաբար 1.7 եւ 1.9 անգամ։ Այսպիսով, եթե ընդունենք, որ Հանրապետական կուսակցության ղեկավարման տարիները սկսվել են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու տարեթվից, ապա Մամիջանյանի կողմից հնչեցված թվերը համապատասխանում են իրականությանը, իսկ նախկին ՀՀԿ-ական, այսօր ՔՊ-ական Պապոյանը մանիպուլացնում էր թվերը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված օրենսդրական որեւէ նախաձեռնություն չի քննարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ոչ միայն խորհրդարանի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն այս հանձնաժողովը, որտեղով պետք է անցնեն Հայաստանի արտաքին քաղաքականության ու հարակից հարցերին վերաբերող նախաձեռնությունները, օգոստոսից ցայսօր ընդամենը 4 նիստ է արել: «Դրանցից առաջինի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել, այսինքն՝ ինձ: Երկու անգամ ընդդիմության նախաձեռնությամբ հանձնաժողովում սահամանագծման ու սահմանազատման թեման է քննարկվել, 4-րդի ժամանակ էլ «Շուշիի հռչակագրին» է եղել օրակարգում»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասաց անձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը: Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Շուշիի հռչակագրի» հարցով նիստի արձագրության մասին տեղեկատվություն կա միայն: Իշխանությունը, փաստորեն, առ այսօր արտաքին հարաբերություններին վերաբերող որեւէ հարց, նախագիծ չի քննարկել: Դա վկայումն է այն բանի, որ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը, բժշկական տերմինաբանությամբ ասած, կայուն ծանր վիճակում է:
Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, որ տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հիմնական պայքարը դատական համակարգում գնալու է Սերգեյ Մարաբյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, իսկ, ահա, մյուս տեղի համար պայքարելու են ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ու Աննա Մարգարյանը:
Մեր հանրապետությունում գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը, անցյալ տարվա արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 977 մլրդ 327.5 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս: Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 463 մլրդ 559 մլն 300 հազար դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, ավելացել է 0.8 տոկոսով: Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են: Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021 թվականին մասնագետները մեկնաբանում են 2020 թվականին գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։