500 ՀԱՅ ԴԻՄԵԼ Է ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Ուկրաինա բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ ամեն պահի կապ է հաստատում Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ՝ ճշտելու այնտեղ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված հարցեր: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ զոհերի ու վիրավորների մեջ, բարեբախտաբար, հայեր չկան:

 

-Պարո՛ն Հակոբյան, որպես ուկրաինական համայնքի հետ ակտիվ կապեր ունեցող  պատգամավոր, ի՞նչ կփոխանցեք այս պահին ոչ միայն տեղի հայ համայնքի, այլ նաեւ հենց ուկրաինացիների մասին, քանի որ տարբեր տեղեկատվություն է գալիս:

-Պատերազմական գործընթացները սկսելու առաջին իսկ օրվանից մշտապես կապ եմ  պահել Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, նաեւ հեռախոսազրույցներ եմ ունեցել Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի հետ, խոսել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ խոսել եմ Հայաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնավարի   հետ: Կարելի է ասել, որ բոլոր այն դիմողները, որոնք ՀՀ քաղաքացիներ են եղել  եւ դիմել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն, որպեսզի լքեն Ուկրաինայի տարածքը, բոլոր դիմումներին դեսպանատունը հետեւողական  վերաբերմունք է դրսեւորել, եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիների զանգերը նվազել են, կարելի է ասել, որ մեծ մասը արդեն լքել է Ուկրաինայի տարածքը:

-Չե՞ք ֆիքսել, թե քանի հոգի են եկել:

-Չեմ կարող ասել, քանի որ ՀՀ դեսպանատուն դիմել են ե՛ւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ե՛ւ Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցները: Ինչպես գիտեք, առաջին օրերին բժիշկների խումբ ունեիքն այնտեղ, որոնք գործուղման  էին գնացել, իրենց խնդիրն էր լուծվել, որովհետեւ Ուկրաինայում մեր դեսպանատունը ձեռք էր բերել Ռումինիայի եւ Լեհաստանի դեսպանատների համաձայնությունը, որ առանց վիզայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել այդ երկրներ, հետագայում՝ 15 օրվա ընթացքում, լքեն  այդ երկրները՝ գնալով երրորդ երկիր: Բայց կոնկրետ թիվ, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի պետք է լքեն  Ուկրաինան, կամ Ուկրաինան մեր քանի հայրենակից է լքել, չեմ կարող ասել: Չունեմ նման  տեղեկություն:

-Կա՞ տեղեկատվություն՝ հենց ուկրաինացիներից Հայաստան ժամանողներ արդյոք եղել են՝ մարդասիրական սկզբունքներոց ելնելով:

-Չունեմ նման տեղեկություն: Մշտապես հետաքրքրվում եմ՝ արդյոք զոհերի շրջանում հայազգի մեր հայրենակիցներ կան, թե ոչ: Բարեբախտաբար, ասեմ, որ չունենք: Վերջին պաշտոնական տվյալներով՝ չունենք մեր հայրենակիցներից զոհ:

-Իսկ առաջին օրերին Հայաստան գալ ցանկացողների թիվը մե՞ծ էր:

-Երկրորդ, թե երրորդ օրը դեսպանատունը ստացել են 500-ից ավել զանգ, եւ արդեն ասացի, որ բոլոր զանգերին հետամուտ է եղել  եւ փորձել ինչով հնարավոր է, օգնել: Բնականաբար, երբ խոսքը վերաբերել է մեր այն հայրենակիցներին, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են,  դեսպանատան գործառույթը մի փոքր արդեն նվազ է, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կապված մեծ գործ է արվել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ Է

Անցյալ տարի Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 30 հազար 245 դեպք, իսկ, ահա, 2020 թվականին Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 26 հազար 468 դեպք:

 

Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 3777 դեպքով: Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարի Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 16 հազար 520 դեպք, 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 13 հազար 629: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն անցյալ տարի եղել է 350՝ 2020-ի 296-ի դիմաց: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ կտուկ աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցյալ տարի կաշառք ստանալու, տալու ընդամենը 237 դեպք է գրանցվել, իսկ 2020 թվականին նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 157-ի:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ անարդյունավետ է:  Իհարկե, հաշվի առնելով հայկական իրականությունը եւ մեր երկրում կոռուպցիայի տարածվածության աստիճանը՝ հիսուն կամ երկու հարյուր դեպքերով իրավիճակը հնարավոր չէ շտկել: Բայց պարզվում է՝ իրավապահները սկսել են կաշառք ստանալու մեջ ավելի շատ մարդկանց մեղադրել: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով անցյալ տարի դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: 2020 թվականի 4 հազար 910 դեպքի դիմաց անցյալ տարի արձանագրվել է 6 հազար 356 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին Հայաստանում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 783 դեպք, իսկ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 1034:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում ընդունել է Կանադայի ժողովրդավարական կենտրոնի պատվիրակությանը: «Խորհրդարանում ընդունեցի Կանադայի ժողովրդավարական կենտրոնի պատվիրակությանը։ Քննարկման առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն էին։ Մանրամասն ներկայացրի այս դաշտում առկա խնդիրները, ընդգծեցի նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, մտքեր փոխանակեցինք դրանց լուծման օրենսդրական հնարավորությունների, միջազգային փորձի վերաբերյալ»,-նշել է պատգամավորը:

 

 

 

Հ. ԱՐՇԱԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ArmLur.am-ը ուսումնասիրել է ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը:

2019 թվականի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Արշակյանն ունի մեկ բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որը գնվել է 2017 թվականին: Պարզվում է՝ 2019 թվականի պաշտոնական հայտարարագրում Արշակյանն ունի նաեւ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2021 թվականին: Բանկային հաշիվներին Արշակյանն ունեցել է 3 մլն 200 հազրա դրամ, իսկ կանխիկ դրամը կազմել է 9 մլն 500 հազար դրամ: 2019 թվականին, երբ նա զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ամսական ստացել է 1 մլն 397 հազար դրամի չափով աշխատավարձ:

Պաշտոնյայի 2020 թվականի հայտարարագիրը բացակայում է, կա միայն 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի երկու բնակարան, երկուսն էլ՝ Դավթաշեն վաչչական շրջանում, որից մեկը նա 2019 թվականին նվիրատվություն է ստացել:  Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություն չկա, այսինքն՝ հայտնի չէ՝ 2001 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վաճառվել է, թե կա: Բանկային հաշվին եղած մնացորդը կազմել է 2 մլն 220 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 4500 դոլար:

Ս.Հ.




Լրահոս