Կառավարությունը 2021 թվականի աշխատանքների մասին նոր հաշվետվություն է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ առանձին բլոկ հատկացված է արտաքին քաղաքականության ոլորտին:
Նշվում է, որ 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը չորս անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, երեք անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձեւաչափով հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ: Տարվա ընթացքում ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ կայացել է մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, ՀՀ վարչապետի եւ ՖՀ նախագահի միջեւ՝ հինգ հեռախոսազրույց։ ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ ԵՄ խորհրդի նախագահի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Վրաստանի վարչապետի եւ այլ երկրների ղեկավարների հետ:
2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջեւ ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Եռակողմ աշխատանքային խումբն սկսել է իր աշխատանքները, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաեւ սահմանային, մաքսային եւ հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 8 աշխատանքային հանդիպում: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպումներին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկաթուղին գործելու է սահմանային ու մաքսային հսկողության միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։ Այժմ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:
2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջեւ ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործը տանել դեպի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձեւավորումը»: Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար եւ հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով: Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկին: Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված եւ դրանից բխող բոլոր հարցերի կարգավորումը: Սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո:
Հայաստանն ընդգրկվել է 3+3 տարածաշրջանային ֆորմատում, որի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:
Ն.Հ.
ՊԱՀԱՆՋԸ ՀԱՆՎԵԼ Է
Հայաստանում COVID-19-ով պայմանավորված` համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է՝ բացառությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության: «Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն»,- նշվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կլինի միջուկային ու կործանարար: Նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «երրորդ համաշխարհային պատերազմի» սկիզբն անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ սահմանված պատժամիջոցները դարձել են «պատմության մեջ ամենախոշորը»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դրա համար «լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, հատկապես՝ երկարաժամկետ հեռանկարում»։
ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ
Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջադրել էր ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 70 պատգամավոր, բոլորը միաձայն կողմ հանդես եկան Ջանջուղազյանի թեկնածությանը:
ՍՊԱՆՈՂԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձնակի դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքեւ ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սպանված կնոջ ամուսինը՝ Վրեժ Քարամյանը, որեւէ բան չի կարողացել պատմել, թե ինչու է գնացել այդ քայլին: Քննիչները հարցրել են, թե քանի երեխա ունի նա, վերջինս անգամ չի հիշել իր երեխաների անունները կամ նրանց ով լինելը: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ամուսինը ամիսներ առաջ կնոջը ուղարկել էր Ռուսաստան՝ որդու մոտ: Կինը տեւական ժամանակ մնացել է այնտեղ, որից հետո հետ է վերադարձել Վանաձոր, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Եվ, ահա, այս ողբերգական դեպքից 1 ամիս անց առեղծվածային պայմաններում Վրեժ Քարամյանը քրեակատարողական հիմնարկում մահացել է: Ըստ նախնական վարկածի՝ սրթի կաթված է ստացել եւ մահացել:
ՈՎՔԵ՞Ր ԿՊԱՅՔԱՐԵՆ
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը տեղեկացավ, թե ովքեր են թեկնածուները: Այսպիսով, տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը: