ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԳԵՐԻՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայատյացությունն Ադրբեջանում եւ էթնիկ զտումների վտանգ Արցախում» թեմայով քննարկմանը ներկա է եղել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը խրախուսվում է բարձրագույն մակարդակով. «Ադրբեջանում Սաֆարովի միջոցով կերտվել է հերոսի կերպար. դա այն կերպարն է, որը երկրում կամ երկրի սահմաններից դուրս հայ է գլխատել։ Սա նրա արդյունքն է, որ Հունգարիան որոշեց համագործակցել կոռումպացված, ավտորիտար ռեժիմի հետ եւ արտահանձնել Սաֆարովին։ Սա հուշում է, որ միջազգային հանրությունը ոչ թե զսպում է Ադրբեջանին, այլ, ընդհակառակը, նրա հետ հեշտ համագործակցելու միջոցով նոր նախադրյալներ է ստեղծում Ադրբեջանի հայատյաց վարքը շարունակելու համար»,-ասել է Սիրանուշ Սահակյանը։

 

Իրավապաշտպանը փաստել է, որ խտրական վերաբերմունքն առավել սրվել է պատերազմի ժամանակ, երբ լարումն ավելի մեծ է։ Այս առումով նա հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ ականատես են եղել բազմաթիվ պատերազմական գործողությունների ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ ռազմագերիների դեմ, իսկ ռազմագերիները, միջազգային իրավունքի տեսանկյունից, հատուկ պաշտպանության ներքո գտնվող սուբյեկտներ են։ «Մենք ունենք մի քանի տասնյակ հայրենակիցներ, հիմնականում՝ տարեցներ, որոնց պատմական հիշողությունն այլ է, քան մեր սերնդի։ Նրանք, մտածելով, որ երբեւէ համատեղ բնակվել են ադրբեջանցի ժողովրդի հետ, որոշեցին չհեռանալ իրենց տներից եւ բնակվել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Խնդիրն այն է, որ նրանցից ոչ մեկին չի հաջողվել ապրել։ Որոշ հաջողակներ գերեվարվել են, սակայն նրանք էլ ենթարկվել են խոշտանգումների, եւ արդյունքում կա՛մ գերության ընթացքում սպանվել են, կա՛մ այնպիսի վիճակում են վերադարձել հայրենիք, որ ամիսներ անց մահացել են։ Սա կրկին հուշում է այն մասին, որ խաղաղ համագոյակցության նախադրյալները բացակայում են»,- հայտարարել է Ս. Սահակյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարակության մեջ շատ է քննարկվում Խծաբերդի միջադեպը՝ իրավապաշտպան Սահակյանը պարզաբանել է. «Խծաբերդը գտնվում է Հադրութում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ուժով պիտի հանձնվեր Հադրութը, սակայն, ըստ պայմանավորվածության, մեր զորքերը շարունակելու էին տեղակայված մնալ Խծաբերդում, բայց Հադրութի հանձնման շրջանակներում քննարկման առարկա դարձավ նաեւ Խծաբերդը։ Այստեղ մենք ունեցանք 62 գերի։ 62 գերիներից մի մասը համաձայնել էր զենքը վայր դնել եւ հետ գալ ու միանալ կանոնավոր բանակին, սակայն մյուս մասը գերեվարվել էր։ Այստեղ նույնպես ունենք խտրական մոտեցում։ Ինչպե՞ս է ստացվում, որ խմբի մի մասն ազատ է արձակվում, իսկ մյուս մասը գերեվարվում է եւ մինչ օրս պահվում»։ Բանախոսի պնդմամբ՝ ռազմագերիների խնդիրն ընդամենը օգտագործվում է քաղաքական նպատակներով. «Մենք տեսնում ենք որոշակի օրինաչափություններ. յուրաքանչյուր քաղաքական գործընթացից հետո կամ առաջ գերիներ են վերադառնում։ Գերիներն օգտագործվում են փոխհարաբերությունները լավացնելու, հաճախ միջազգային ատյաններում «միավորներ» հավաքելու համար»,-ասել է նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս պահին դեռեւս 38 գերիներ մնում են Ադրբեջանում, ըստ իր թիմի փաստահավաքության՝ կան եւս 80 գերիներ, որոնց գոյությունը Ադրբեջանը չի հաստատում։ Իրավապաշտպանի շեշտադրմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նկատել է օրինաչափություն առ այն, որ հայերի նկատմամբ կատարված հանցավոր գործողություններն Ադրբեջանի կողմից նույնիսկ չեն քննվում, այսինքն` դրանք չեն համարվում հանցագործություններ։

Այս առումով, Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ, դատարանն Ադրբեջանին ուղղակիորեն ցուցում է տվել քննել հայերի նկատմամբ կատարված գործողությունները եւ առանձնակի ուշադրություն դարձնել էթնիկ մոտիվներին։

Ն. Պ.

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՈՒ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ այլ չարաշահումներ, որոնց հետեւանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձեւական բնույթ կրող քննություններ:

 

Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գեւորգյանը, տեղեկանալով Երեւանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, խարդախություն կատարելու դիտավորությամբ Լ. Բ.-ին վստահեցրել է, թե, իբր, հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձեւական բնույթ: Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գ. Գեւորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին եւ ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է՝ ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում: Արդյունքում տեսուչը, Գ. Գեւորգյանի դրդմամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։

Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գեւորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Գարիկ Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ, 38-308-րդ եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ՝ 100 ԴՐԱՄ

Դիլիջան խոշոր համայնքի ավագանու քննարկման է ներկայացվել համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 8535 քառակուսի մետր մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու հարցը։ Համայնքի ավագանու փետրվարի 8-ի որոշմամբ հաստատվել են  աճուրդային լոտը, դրա պայմանները եւ մեկնարկային գինը։ Փետրվարի 25-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան համայնքի  Հաղարծին  բնակավայրում գտնվող  4-րդ կարգի արոտավայր հանդիսացող 8535 մակերեսով աճուրդով օտարելու օր նշանակել 2022թ. մարտի 28-ը, աճուրդի մեկնարկային գին սահմանել  853 հազար 500 դրամ։

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է

Նոյեմբերյան  խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը փետրվարի 25-ին որոշում է ընդունել Արմինե Ամիրաղյանին ազատել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի  պաշտոնից։ Ա. Աղաբաբյանը նույն օր որոշումներ է ընդունել նաեւ Արարատ Յարալյանին Այրումի համայնքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետի, Արմեն Ազատյանին՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոններից ազատելու մասին։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարը դեռեւս որոշումներ չի ընդունել Նոյեմբերյան համայնքի 18 բնակավայրերի վարչական ղեկավարներ նշանակելու մասին։ Արսեն Աղաբաբյանը հայտնել է, որ վարչական ղեկավարների նշանակումների  ձգձգումը պայմանավորված է այն բանով, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ուշ են հաստատել Նոյեմբերյանի համայնքապետանի պաշտոնական դրույքաչափերը։

 

 

 

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Մանվել Հովհաննիսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. մայիսի 23-ից մինչեւ 2016թ. մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառնույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության  շահերին  հակառակ օգտագործելով, դիտավորությամբ խոչընդոտել է «Կապիտալ ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ՌԴ Վոլգոգրադ քաղաքից ձեռք բերված եւ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձեւակերպմանը, որի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, իսկ «Կապիտալ ինվեստ» ՍՊԸ-ին՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս։ Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս