ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. հունվարի 1-ից աշխատանքային միգրանտների մատնահետքերի գրանցման, լուսանկարման ընթացակարգերը, ինչպես նաեւ բուժզննումը պարտադիր են դարձել Ռուսաստան մտնելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Այս մասին ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։ Նա հիշեցրել է, որ աշխատանքային միգրանտներ են համարվում այն անձինք, որոնք, լրացնելով միգրացիոն քարտը, այցի նպատակ են նշում «աշխատանքը», եւ նախազգուշացրել է, որ այս պայմանը չկատարելու դեպքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ, եւ քաղաքացին չի կարողանա աշխատանքային պայմանագիր կնքել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվող քաղաքացիներին, ապա, ըստ նրա, նրանց թվին են պատկանում աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամները, ուսանողները եւ այլք, որոնք նույնպես պետք է մատնահետք հանձնեն, լուսանկարվեն եւ բուժզննում անցնեն, բայց արդեն 90 օրվա ընթացքում։

 

«Նախ եւ առաջ պետք է բուժզննում անցնել, իսկ հետո արդեն մատնահետքերի գրանցման եւ լուսանկարվելու ընթացակարգերը։ Բժշկական եզրակացություն ստանալու համար պետք է քիմիաթունաբանական հետազոտություն անցնել (թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործման զննում), ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների (տուբերկուլյոզ, բոր, սիֆիլիս, ՄԻԱՎ) առկայությունը պարզելու նպատակով։ Մարտի 1-ից կորոնավիրուսը հանվել է այդ ցուցակից։ Բացի այդ, երեկվանից քիմիաթունաբանական հետազոտությունը պարտադիր է 13 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,- ավելացրել է Դավթյանը։

Նա պարզաբանել է, որ քաղաքացին պետք է բուժզննում անցնի 5 օրվա ընթացքում կամ 18 օրվա ընթացքում, եթե կա վարակիչ հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման կասկած։ «Բուժզննումը հաջող անցնելու դեպքում տրվում է երկու փաստաթուղթ՝ ՄԻԱՎ-ի բացակայության մասին տեղեկանք եւ տեղեկանք այն մասին, որ մարդը սպառնալիք չի ներկայացնում շրջապատողների համար։ Բժշկական եզրակացության ժամկետը 2022թ. մարտի 1-ից սահմանվել է 1 տարի։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարելի է բուժզննում անցնել։ Վերոնշյալ կետերի խախտման դեպքում մեկ օրվա ընթացքում քաղաքացուն տեղեկացնում են այն մասին, որ երեք օրվա ընթացքում նա պետք է հեռանա Ռուսաստանից։ Եթե անձը չի կատարում այս պահանջը, ապա կարող է տուգանվել, վտարվել՝ առաջիկա հինգ տարիներին Ռուսաստան մտնելու իրավունքից զրկվելով»,- նշել է պաշտոնյան։ Ռուսաստան այցելող Հայաստանի քաղաքացիները մինչեւ 90 օր կարող են գտնվել այդ երկրում, առանց հատուկ ընթացակարգերն անցնելու, ինչից հետո պետք է ներկայացնել հիմնավորում Ռուսաստանում գտնվելու համար։ «Ռուսաստան 90 օրով այցելող Հայաստանի քաղաքացիների համար մատնահետքի գրանցման, լուսանկարվելու եւ բժշկական եզրակացության անհրաժեշտություն չկա։ Առանձնացվել է քաղաքացիների մի կարգ եւս, որը Ռուսաստան է մեկնել մինչեւ 2021թ. դեկտեմբերի 29-ը (մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը)։ Նրանց վերոնշյալ ընթացակարգերն անցնելու պահանջ չի ներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Ռուսաստանից»,- ընդգծել է նա։

Այս ընթացակարգը, ըստ Դավթյանի, պարտադիր չէ նաեւ այն անձանց համար, որոնք մշտական բնակության եւ ժամանակավոր բնակության թույլտվություններ ունեն, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով արդեն անցել են այդ ընթացակարգերը։

«Բացառություն է արվել նաեւ մինչեւ 6 տարեկան երեխաների, դիվանագիտական ծառայողների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եւ Բելառուսի քաղաքացիների համար»,-ամփոփել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալը։

Ն. Պ.

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Apple-ը հայտարարում է, որ իր Apple Pay վճարային համակարգը «եւ այլ ծառայություններ» այժմ սահմանափակված է Ռուսաստանում։ Apple-ը հայտարարել է, որ որոշել է դադարեցնել իր արտադրանքի վաճառքը Ռուսաստանում ուկրաինական իրադարձությունների պատճառով։ BMW-ն դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը ՌԴ-ում: Մասնավորապես, նա դադարեցնում է Կալինինգրադրում իր բրենդի ստեղծումը եւ դադարեցնում է ավտոմեքենաներ ուղարկել ՌԴ:  Այս մասին հայտնում է  The Wall Street Journal-ը: Ընդ որում, սա միակ դեպքը չէ, եւ այլ ավտոարտադրողներ եւս նման հայտարարությամբ հանդես եկել են: Առաջինը այս մասին նշել է Volkswagen Group-ը (Audi, Volkswagen, Skoda, Porsche), ինչպես նաեւ  General Motors (Chevrolet եւ Cadillac) եւ Jaguar Land Rover.

 

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

Ըստ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի՝ կանանց տոնը նշվում է մարտի 8-ին. այն ոչ աշխատանքային օր է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտ ամիսն ունի 9 ոչ աշխատանքային օր, մեկ նախատոնական օր՝ մարտի 7-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 7-ին աշխատանքային ժամն ավարտվում է սովորականից մեկ ժամ շուտ: Իսկ, ահա, ապրիլ ամսին ոչ աշխատանքային օրերը 9-ն են: Մայրության եւ գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, աշխատանքային օր է։ Հայ կինոյի օր նշվում է ապրիլի 16-ին, աշխատանքային օր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս դեպքում՝ ապրիլի 30-ին: Նշենք, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:

 

 

342 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 498 դեպք, որից 403 հազար 671-ը` առողջացած, 8493-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6717 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 4020 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, առողջացել է 755 քաղաքացի, արձանագրվել է մահվան 15 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 902 հազար 684-ի:

 

 

 

ՆՈՐ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կատարողականի նախաբանում նշված է, որ 2021 թվականը մեկնարկեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հարուցած անվտանգային, սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամի պայմաններում: COVID-19-ի համավարակի հետեւանքով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններն ավելի խորացան՝ լարումներ ստեղծելով ֆինանսատնտեսական համակարգի համար:

«Իրադրությունն ավելի սրվեց 2021 թվականի փետրվարին, երբ ԶՈւ հրամկազմը Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությամբ հանդես եկավ: Զինված ուժերի այս անթույլատրելի քաղաքականացումն էական ազդեցություն չունեցավ ներքաղաքական կյանքի վրա, բայց ավելի սրեց Հայաստանի անվտանգային սպառնալիքները: 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասված է ծրագրում:

Ապա կառավարության ծրագրում ներկայացված է ճանապարհային քարտեզը՝ կետերով, եւ կատարված աշխատանքները: Առաջին կետում կառավարությունը շարունակում է ներկայացնել կետերն ու ասել, թե ինչ է կատարված: Նշվում է՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում»:

Ծրագրում նշված է, որ 2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ. 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Սույն զեկույցի ներկայացման պահին ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը։ Սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքներին (ամսական 300,000 դրամ)։ Ընդհանուր վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ:

Ն.Հ.

 




Լրահոս