71 կողմ ձայնով ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի վերջո, երկրորդ փորձից ՔՊ-ն կարողացավ միայնակ ընտրել երկրի նախագահ, առանց ընդդիմության, եւ թերեւս միայնակ էլ կանցկացնի նրա երդման արարողությունը: Այսպիսով, Վահագն Խաչատուրյանը երրորդ հանրապետության հինգերորդ նախագահն է: Նախորդ չորս նախագահներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանն են, որ ամբողջական ժամկետով չեն պաշտոնավարել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի պարագայում դա տեղի ունեցավ երկրորդ անգամ ընտրվելուց հետո: Առաջին անգամ նա պաշտոնավարել է 1991-1996 թվականներին, ապա վերընտրվելով՝ պաշտոնավարել է միայն երկու տարի՝ հրաժարական տալով 1998 թվականին: Ռոբերտ Քոչարյանը եւս երկու շրջան է պաշտոնավարել՝ 1998-2003 եւ 2003-ից 2008 թվական: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ չնայած պաշտոնավարեց տասը տարի, սակայն արդեն վարչապետի պաշտոնում նա պաշտոնավարեց ընդամենը մեկ շաբաթ: Պաշտոնավարման հինգ տարին լրանալու ժամկետից ընդամենը մեկ տարի առաջ էլ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, որը նախագահ էր ընտրվել դեռ 2018 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք՝ մինչեւ հեղափոխությունը: Եվ, ահա, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը մեկ ամիս եղավ նախագահի պաշտոնակատար, ՀՀ հինգերորդ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Իհարկե, գաղտնիք չէ, որ նա լինելու է կողմնակալ նախագահ, այսպես ասած՝ ՔՊ-ականների սրտով, սակայն թերեւս նա եւս չի պաշտոնավարի իր ամբողջ ժամանակով եւ նախագահի պաշտոնում կաշխատի ժամանակավոր:
2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո իշխանության եկածները խոստանում էին, թե «նոր» Հայաստանում ներդրումային բում է լինելու: Անգամ 44-օրյա պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե «ներդրումները հորդելու» են: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե 2018-ից ի վեր Հայաստանում ինչ ծավալի ներդրումներ են եղել, ու արդյոք նրանք հորդել ու դրական ազդակներ են ապահովել տնտեսությանը: «Կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախարարությունը, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ թվային տվյալներ ստանալու նպատակով օգտվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունից»,- պատասխանել են Էկոնոմիկայի նախարարությունից: Ներդրումների համար պատասխանատու նախարարությունը, փաստորեն, սեփական վերլուծություններն ու ցուցանիշները չունի, թե ներդրումային դաշտում ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է ԱՎԿ-ի ներկայացրած տվյալներին, ապա տիտանական ջանքեր պետք է գործարդել՝ գտնելու համար կոմիտեի կայքում առկա վերլուծությունը: Այն առանձին պատուհանով հասանելի չէ: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունն ու հրապարակված թվերի համեմատությունը ցույց տվեց՝ իրականում որեւէ բում էլ չի եղել, ավելին՝ ներդրումների ցուցանիշը տարեցտարի անկում է ապրել:
Դատական համակարգում արշալույսները կրկին խաղաղ չեն: Դատավորների եւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի միջեւ վեճերն ու հակասություններն այնքան են թեժացել, որ դատավորներն անգամ դիմում են դատարան: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատի տալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Դատավորը պահանջում է, որ դատարանը ստիպի նախարարին 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշումը չեղյալ համարել: Խոսքը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին է: Նշենք, որ նախարարը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ դրա հիմք է եղել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ն.Խալաթյանի զեկուցագիրը: Ի դեպ, դատարանն էլ մերժել է դատավորի հայցն ընդդեմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, ինչն էլ անսպասելի չէ:
Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Այս նախագծի հեղինակն Առողջապահության նախարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների եւ ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ըստ հետազոտությունների՝ տղամարդկանց 40.3 եւ կանանց 30.1 տոկոսն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում, իսկ 71 տոկոսը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը: