ԱՄՆ-Ն ՈՒ ԵՎՐՈՊԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ ԽԱՉ ՉԵՆ ՔԱՇԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական երկրների ու Ամերիկայի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների համարժեք սանկցիաներ Ռուսաստանը չի կիրառել: ArmLur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը նշեց, որ ՌԴ-ն հայտարարել է, որ, օրինակ, գազի մատակարարումը դադարեցնել չի պատրաստվում:

 

-Այս օրերին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը չի դադարում, տնտեսական մի շարք սանկցիաներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, ՀՀ քաղաքացիներին հուզող հարցն այն է, թե Հայաստանը  ինչ վիճակում է հայտնվելու:

-Նախ եւ առաջ դա կախված է, թե այդ տնտեսական, ավելի ճիշտ՝ ֆինանսական պատժամիջոցները որքան ժամանակ կտեւեն, եւ Ռուսաստանը տնտեսության հնարավոր արձագանքը ինչպես կլինի: Կարճաժամկետ հատվածում կարող են ցնցումներ լինել: Այս պահի դրությամբ, այո, մենք տեսնում ենք նաեւ հայկական դրամի փոխարժեքի որոշակի արժեզրկում դոլարի եւ եվրոյի նկատմամբ, ինչը բնական է: Մեր տնտեսությունն ու Ռուսաստանի տնտեսությունը խիստ փոխկապակցված են: Կենտրոնական բանկը առայժմ դեռ չի միջամտում, սակայն հնարավոր է որոշ դեպքերում, եթե սահմանը չանցնի, վտանգավորության շեմը չանցնի, եւ մեր ֆինանսական շուկան որոշակի ցնցումների մեջ հայնտվի, ապա կմիջամտի ԿԲ-ն: Դրա հնարավորությունը կա, սակայն խնդիրն այլ է: Եթե,  այնուամենայնիվ, դրամի կայությունը պահելը այս պարագայում, երբ ռուսական ռուբլին արժեզրկվում է, դա մեր տնտեսության մեծապես վնաս կհասցնի, քանի որ մեծ վնասներ կկրեն արտահանողները, մրցունակությունը մեծ անկում կապրի ռուսական շուկայում, իսկ դա մեր արտահանման 33 տոկոսն է շուրջ կազմում, այսինքն՝ ամենամեծ մասնաբաժինը: Այս դեպքում մեր արտահանողների մրցունակությունն այդ շուկայում անկում կապրի, եւ հետեւաբար մեր տնտեսությունն  ավելի շատ վնասներ կկրի: Վերջին օրերին ռուսական արժույթը շատ մեծ տատանողականություն ունի, դա կախված է ֆինանսական շուկայի հնարավոր դիրքորոշումից, իհարկե որոշակի քայլեր Ռուսաստանի կենտրոնական բանկն իրականացրեց, բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 20 տոկոս, արգելվեց օտարերկրյա քաղաքացիների եւ կազմակերպությունների ֆինանսական ակտիվների արտահոսքը երկրից, նաեւ պարտադրեց, որպեսզի արտահանոցներն 80 տոկոս արժույթային պաշարներն իրացնեն տեղի շուկայում: Այս ամենը, բնականաբար, կարճաժամկետ հատվածում որոշակի արդյունք չէր տալու, եւ ուղղակի զուտ սպասումների առումով հնարավոր էր հանգստացնել շուկայի մասնակիցների մտավախությունները, սակայն,  կարծում եմ, երկարաժամկետ հատվածում որոշակի արդյունք կունենա:

-Եվրոպան եւ Ամերիկան Ռուսաստանի վրա խաչ չե՞ն քաշի տնտեսական առումով:

-Այո, նաեւ այդպես, որովհետեւ մինչ այժմ ռուսական գազը արտահանվում է եվրոպական երկրներ, Ռուսաստանը հայտարարել է, որ չի դադարեցնելու, իհարկե, դա մի կողմից Ռուսաստանին նաեւ օգուտ է, որովհետեւ գազի գինը կտրուկ բարձրացավ, եւ դա նույնպես արժութային ավելի մեծ հոսքեր է ապահովում երկրին:  Եվ նաեւ զուտ բարի կամքի դրսեւորում, որ ես, բնականաբար, այս պատժամիջոցներին համարժեք քայլեր դեռ չեմ իրականացնում: Սակայն կան այլ շուկաներ, այլ երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, հարավային Ամերիկայի երկրներ, Մերձավոր արեւելքի, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն աջակցում եւ չեն պաշտպանում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՁՎԻ ԳՆԵՐԻ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ

Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայաստանյան ձվի շուկայում ստեղծված իրավիճակին՝ գների անտրամաբանական անկմանը: Նիկոլ Փաշինյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվել է նաեւ, թե ինչպես է կառավարվելու իրավիճակը, որ, օրինակ, Սրբ. Զատկի տոնին անցյալ տարվա իրավիճակը չլինի:

 

Գեղամ Գեւորգյանը մանրամասներ է ներկայացրել թեմայի վերաբերյալ. «Այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետեւ գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարող սուբյեկտի կողմից, ում մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը, ու շղթայաձեւ ռեակցիա է եղել: Այսինքն՝ այդ տնտեսվարող սուբյեկտը գործել է մեկ սուպերմարկետում, սուպերմարկետում գինն իջել է, առաքիչների միջոցով այլ տեղեր եւս գինը սկսել է իջնել, եւ շղթայական ռեակցիա է տեղի ունեցել: Իրականում չի կարող կայացած շուկայում փոքր տնտեսվարող սուբյեկտը նման փոփոխություն անել: Ինչ վերաբերում է Զատկին կամ ընդառաջ, եթե մենք կարողանում ենք վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին, իսկ պատմությունը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք վերահսկել, որովհետեւ 2 տարվա ընթացքում, կարծում եմ, մեր հարգելի տնտեսվարող սուբյեկտները հասկացան, որ մեր ապացուցողական բազան բավական լավն է, եւ հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի գործերը հաջողությամբ կարծես թե ավարտեցինք: Իհարկե, դա ցանկալի սցենար չէ, մեր հորդորն այն է, որ ընդհանրապես ինտերվենցիայի կարիք չունենանք: Հիմա Հայաստանում կա, մի կողմից, լավ իրավիճակ, որ ձվի պաշարների ինքնաբավությունը բարձր է, եւ ունենք պրոֆիցիտ, այդ պոտենցիալի պատճառով է, որ հաճախ սպառումը տեղի չի ունենում, եւ տնտեսվարողներն սկսում են գինն իջեցնել: Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ պրոֆիցիտը դեպի դրական տեղ ուղղելու հարցը, այսինքն՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան»:

Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրին. «Եթե թույլ տաք, նաեւ հավի մսի եւ տավարաբուծության հետ կապված երկու թիվ հնչեցնեմ՝ այս ծրագրի կարեւորությունը մատնանշելու համար: Մենք այս տարի ուսումնասիրել ենք հավի մսի եւև կաթնամթերքի շուկաները: Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում: Կարծում եմ՝ այս ծրագիրը պետք է բավական հասկանալի լինի տնտեսվարող սուբյեկտների համար, որ հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր իրականում չկա. Հայաստանի Հանրապետությունն ինքնաբավության մակարդակով 30-33 տոկոս է, եւ այս ծրագրերի նույնիսկ ամբողջական օգտագործման պարագայում մենք ունենք սպառման տեղ, իսկ բիզնեսում ամենակարեւորը սպառումն է: Նույնը կաթնամթերքի առումով է, որ մեր ներքին դեֆիցիտը կարողանանք ծածկել»:

Ն. Պ.

 

 

 

ԳՐԱՆՑՎԵԼ Է 11.4 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում փետրվարին, հունվարի համեմատ, գնանկում է արձանագրել 0.1 տոկոսի չափով, բայց մեկ տարվա ընթացքում այս շուկաներում գրանցվել է 11.4 տոկոս գնաճ: Ձվի գինը փետրվարին, հունվարի համեմատ, 11 տոկոսով նվազել է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ձու արտադրող ընկերություններից մեկ հատիկ ձվի գինը վերջին շրջանում զգալի նվազեցրել է՝ հասցնելով 30-35 դրամի: Այս քայլին հետեւել են նաեւ մյուս՝ խոշոր արտադրողները: Սա է պատճառը, որ ձվի գինը մեկ ամսվա կտրվածքով 11 տոկոսով նվազել է:  Մյուս կողմից՝ ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8 տոկոս գնաճ: Բայց 2022 թվականի հունվարի համեմատ, հակառակը, կարագն էժանացել է 1 տոկոսով: Շաքարավազի գինը մեկ ամսվա ընթացքում 0.3 տոկոսով է նվազել, բայց այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն 18.2 տոկոսով է թանկացել: Պաշտոնապես պանրի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, պանիրը թանկացել է 1.8 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում այս շուկայում արձանագրվել է 17.2 տոկոս գնաճ: Մսամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ թռչնամսի գինը բարձրացել է 0.3 տոկոսով, գառան մսինը՝ 0.8, տավարինը՝ 3.7, իսկ խոզի մսի գինը՝ 1.4 տոկոսով: Տեւական ժամանակ քաղաքացիները դժգոհում էին թարմ կաղամբի բարձր գնից: Բայց Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ թարմ կաղամբի գինը փետրվար ամսին, հունվարի համեմատ, 5.6 տոկոսով նվազել է: Կարտոֆիլը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 8.3 տոկոսով: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կարտոֆիլի գինը բարձրացել է 71.4 տոկոսով:

 

 

 

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն: Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, զբոսաշրջությունը եւ գյուղատնտեսությունը: Քալընն ընդգծել է, որ Թուրքիան ցանկանում է մնալ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ՝ որպես պատժամիջոցների որոշումից խուսափելու ավելի կարեւոր գործոն։ «Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ եւ խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Քալընը:

 




Լրահոս