«Մենք թեւակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի, մասնավորապես՝ Մեղրիի տարածաշրջանում դաշտային աշխատանքներին»: Այսօր կառավարության նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ զուգահեռ դե յուրե կամրագրեն այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի եւ Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում։
«Բայց մինչ այդ աշխատանքը չի կանգնում, այսինքն՝ մենք զուգահեռ աշխատում ենք, որպեսզի նաեւ ժամանակը ռացիոնալ օգտագործենք», – նշեց Փաշինյանը։ Կառավարության նախորդ նիստին Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ տեղեկացնելով, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում՝ առանց մանրամասներ հրապարակելու։
Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է, նշում է, որ մասնագիտական խումբն այսօր առավոտյան կմեկնի Մեղրի, եւ որ 9 հոգուց բաղկացած խումբը ղեկավարում է Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտորը։ «Երկուշաբթի օրը երկու հոգի կմիանան «Ռուսական երկաթուղիներից», եւ երկու- երեք շաբաթվա ընթացքում եւ՛ գեոդեզիական, եւ՛ երկրաբանական ուսումնասիրություններ կարվեն, պաստառի վիճակը կուսումնասիրվի, բետոնային բոլոր կառույցները կուսումնասիրվեն, կսքանավորեն, բոլոր կառույցները, որոնք հետագայում խանգարելու են էդ շինարարությանը, եւ վերաբնակեցման խնդիր կարող է առաջանալ, կգույքագրվեն, եւ էդ համալիր հետազոտության արդյունքները կդրվեն առաջադրանքի եւ նախագծի հիմքում», – նշեց Թումանյանը։
Կառավարությունն այդ աշխատանքների համար գումար հատկացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Վերջում Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս ամենը դիտարկում են «Հայկական խաչմերուկի» շրջանակներում։
Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին՝ Սոչիում ապա Բրյուսելում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո: Ըստ այդմ, Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հույս ունի մեծ տեմպերով իրականացնել այդ նախագիծը։ Հայաստանի կառավարությունը վերաձեւակերպել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը՝ դարձնելով «Հյուսիս-Հարավ/Արեւելք-Արեւմուտք» կամ «Հայկական խաչմերուկ», եւ հույս ունի այն մեծ տեմպերով իրականացնել. այսօր կառավարության նիստում հայտատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-hարավ, Արեւելք-արեւմուտք, կամ եթե կարճ ասենք՝ «Հայկական խաչմերուկի» ճյուղերից մեկը կկապի հյուսիսը հարավին, այսինքն՝ ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան եւև հետագայում՝ դեպի Նախիջեւան, Թուրքիա», – ներկայացրեց վարչապետը:
Երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում: Փաշինյանը, սակայն, մանրամասներ չհայտնեց՝ օրինակ, արդյոք այն վերջակետ է դնելու ամիսներ շարունակ Երեւանի ու Բաքվի միջեւ հրապարակային բանավեճին, թե ինչ իրավազորության ներքո են գործելու Ադրբեջանը Նախիջեւանին կապող երկաթուղային եւ ավոտոմոբիլային ճանապարհները։ Կամ արդյոք փաստաթուղթը ստորագրվելու է Հայաստանի ու Ադրբեջանի մի՞ջեւ, թե՞ այն լինելու է եռակողմ՝ նաեւ Ռուսաստանի ներգրավվածությամբ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ՔԱՅԼ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արձագանքի հետ կապված լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն ասել է. «Երեկ տեղի ունեցավ հերթական մանիպուլյացիոն քայլը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Հարց ՊԵԿ-ին՝ մամլո հաղորդագրությունը, որը հրապարակել է 15 մլրդ-ի մասին, ինչի՞ չի հրապարակել անուն: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գլուխները կախ բերել մուծել են. ո՞վ է բերել, ո՞ւմ գլուխն է կախ, ու ինչի՞ հետեւանքով է բերել, ո՞ւմ է դա վերաբերում: ՊԵԿ-ը հատուկ չի հրապարակել անուն, ինչը հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին պոպուլիստական հայտարարություն անել»: Նա ասել է, որ օգոստոսի 2-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապ չունի, խորհրդի անդամ է եղել: Դիտարկմանը, որ գուցե փաստաթղթերով ձեր հետ կապ չունի, բայց մենք գիտենք՝ հայկական իրականության մեջ ինչպես է, նա պատասխանել է. «ՊԵԿ-ը գրել է՝ գործադիր տնօրեն: Հարցում ուղարկեք ՊԵԿ-ին, թե ով է եկել գլուխը կախ»: Նա հայտարարել է, որ եթե այդ հայտարարությունը՝ «թալանչի», իրեն է վերաբերում, միանշանակ հանդիպելու են դատարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ
Ուկրաինայում ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք հատել են Լեհաստանի, Սլովակիայի Ռումինիայի ցամաքային սահմանները եւ մուտք ենք գործել այդ երկրների տարածքներ, նրանցից շատերը այժմ Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին ասել է Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։ «Մենք ակտիվ կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների, անհատների հետ, որոնք ապահովում են տրանսպորտային փոխադրումների, կացարանների, սննդի եւ այլ հնարավորություններ։ ՀՀ քաղաքացիները ունեն 15-օրյա ժամկետ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի տարածքը որպես տրանզիտ օգտագործելու եւ հայրենիք վերադառնալու համար, իսկ Դոնբասի մեր հայրենակիցները կարող են դուրս գալ դեպի Դոնի Ռոստովի եւ Վորոնեժի տարածք»,- ասել է Ալեքսանյանը։ Վերջինս նշել է, որ այս պահին փաստաթղթերի խնդիր, որպես այդպիսին, չկա։
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՁԵՌՆՊԱՀ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ եւ դուրս բերել ռազմական ուժերը։ «Ագրեսիա՝ Ուկրաինայի դեմ» անվամբ բանաձեւին ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից կողմ են քվեարկել 141-ը։ Դեմ է քվեարկել 5 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։ Ձեռնպահ է մնացել 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Հայաստանի հետ միասին ձեռնպահ քվեարկած երկրների թվում են նաեւ Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը։
ՊՆ-Ն ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՆԻ
Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումը կկայանա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն տեղի կունենա «Դվին» հյուրանոցում: Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա օրակարգում: Ոորոշվել է այն անցկացնել «Դվին» համալիրի մեծ դահլիճում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16 հազար 653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13 մլն 322 հազար 100 դրամ: Տեղեկացնենք, որ Հայոց բանակի 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը պետք է տեղի ունենար հունվարի 28-ին, չէր կայացել, որովհետեւ Զինված ուժերի ղեկավար կազմը վարակված էր կորոնավիրուսով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս միջոցառման ֆինանսավորման աղբյուրը գոյանալու է «Ամանորին նվիրված միջոցառումներ» տողից 18 մլն դրամ եւ «Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ», «Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ» տողից 10 մլն 322 հազար 100 դրամ ծախսերի կրճատման հաշվին: Մեզ հայտնի դարձավ, որ պոլիգրաֆիական աշխատանքի տպագրման ծառայության համար կծախսվի 15 մլն դրամ, պայմանագիր կկնքվի «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի հետ: Ի դեպ, տպագրվելու են պաստառներ:
ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
Երեկ Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր եւ թեկնածուն ստացել է հենց 71 ձայն: Նկատենք, որ այժմ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 70 պատգամավոր, քանի որ Ալեն Սիմոնյանը կատարում է նախագահի պարտականությունները: Եվ, ահա, Armlur.am-ը տեղեկացավ, որ 71-րդ կողմ քվեարկողը եղել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը: ArmLur.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու է կողմ քվեարկել նախագահի թեկնածությանը, եթե, օրինակ, երեկ նա դեմ էր քվեարկում իշխանության բերած նախագծերին: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ է փոխվել մեկ օրում: Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անձնական հարաբերություններն ինձ համար կարեւոր են: Ես երկար տարիներ Վահագն Խաչատուրյանի հետ ճանապարհ եմ անցել, մենք լավ ընկերներ ենք: Անձնական հարաբերությունները քաղաքականությունից վեր են ինձ համար»: Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանն ընտրվեց միայն երկրորդ փորձից: Առաջին փուլով ընտրվելու համար նրան 80 ձայն էր անհրաժեշտ: