2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության եւ այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ, ինչը, 2020թ. համեմատ, ավելի է շուրջ 10 տոկոսով, որոնցից 64-ի վարույթը կարճվել է 2020թ., 31-ի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից կոնկրետ խոշտանգման հանցակազմով 2021թ. քրեական հետապնդում հարուցվել է 1 անձի նկատմամբ:
Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում լուծվել է խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը (Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0558/01/18 քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 15-ի որոշումը): Վերջինս էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանն այդ կարեւոր որոշմամբ գտել է, որ խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել. տվյալ դեպքում կարեւոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը: Ավելին, իրավապահի կողմից իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը դատարանը դիտում է որպես խոշտանգման դրսեւորում, լուրջ հարձակում անձի արժանապատվության վրա, քանի որ դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսեւորում նրա սոցիալական ինքնությունը:
Բացի այդ, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսեւորումների քրեականացումից հետո առաջին անգամ 2021թ. դատարանում կայացվել է այդ հանցակազմով առաջին մեղադրական դատավճիռը, որը եւս նախադեպային կարեւոր նշանակություն ունի դատարանում քննվող նմանատիպ գործերի լուծման տեսանկյունիցՍՄեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով:
Ավելին՝ խոշտանգման նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորմամբ «Վիրաբյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը:
Ն. Պ.
ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄՆԵՐ՝ ՀՆԴԻԿՆԵՐԻՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության աշխատակիցների կատարած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առեւտրային կազմակերպություն հանդիսացող Երեւանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել եւ կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների եւ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երեւանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:
Առեւտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաեւ իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ իրացնելու առերեւույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
6.500.000 ԴՐԱՄԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ԳՈՂԱՑՎԵԼ
Մարտի 2-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: Պարզվել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել եւ նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը: Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին եւ ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
Նախօրեին՝ ժամը 18.50-ին, ՍՊԸ-ներից մեկի Արարատյան փողոցի տերմինալի անվտանգության պետը ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներին տեղեկացրել է, որ տերմինալի աշխատակիցներից մեկը խփել է անվտանգության մեկ այլ աշխատակցի եւ նռնակը ձեռքին՝ սպառնում է ինքնասպան լինել: Ժամը 20.05-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը սրունքի փակ կոտրվածքով եւ դեմքի սալջարդով բուժօգնության է տեղափոխել տերմինալի անվտանգության 73-ամյա աշխատակցին, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է տերմինալի տարածքում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 18.40-ին տերմինալի անվտանգության 32-ամյա աշխատակիցը, «Ֆ-1» տիպի նռնակը ձեռքին, վիճել է 73-ամյա աշխատակցի հետ, խփել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետեւ կոտրել է գրասենյակի մուտքի դուռը եւ բակում կայանված «Մերսեդեսի» ապակին ու սպառնացել, որ ինքն իրեն պայթեցնելով՝ ինքնասպան կլինի: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է: 32-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին եւ ձերբակալվել: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ 576.600 ԴՐԱՄ
2021թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2022թ-ի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով եւ «Skype» ծրագրի միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել Արցախի Մարտունու քաղաքի բնակիչ Ս.Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ երաշխավորությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, Ս. Գ.-ից պահանջելով անձնական տվյալներ՝ վերջինիս համար նրանց կողմից բացված հաշվին փոխանցելու եւ գործող կեղծ երաշխիքի պայմանի եղանակով Ս.Գ.-ից հափշտակել են ընդհանուր 1185 ԱՄՆ դոլարի համարժեք 576.600 դրամ՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: