ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքը նոր մարզպետ ունի. հարցը կառավարության օրակարգում էր ներառված։ Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է նշանակվել Սյունիքի մարզպետ։ Նշենք, որ Ռոբերտ Ղուկասյանը միաժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է, եղել է Կալավանի գյուղապետը։ ArmLur.am-ը ուսումնասիրեց Ղուկասյանի ներկայացրած հայտարարագիրը՝ դրամական միջոցների եւ ունեցվածքի մասին:

 

Նրա՝ 2020 թվականի ներկայացրած հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքերի առկայության մասին որեւէ տեղեկություն չկա: Բանկային հաշվին առկա դրամական միջոցը կազմել է 700 հազար դրամ, իսկ կանխիկ գումար ունեցել է 250 հազար դրամ: Ստացած եկամուտը գոյացել է սեփական աշխատավարձից, որը ամսական կազմել է 887 հազար դրամ: Բացի այս, նա հայաստանյան բանկերից մեկից ստացել է 439 հազար դրամի փոխառություն:

Կնոջ՝ Աստղիկ Ղուկասյանի հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքերի մասին եւս տեղեկություն չկա: Կանխիկ դրամը 2020 թվականի սկզբին կազմել է 650 հազար դրամ, իսկ տարվերջին կազմել է 50 հազար դրամ: Բայց 2019 թվականի հայտարարագրում նշված է, որ «Աստղիկ Անդրանիկի Ղուկասյան» Ա/Ձ-ից ստացել է 2 մլն 662 հազար դրամ, իսկ «Թայմ Լենդ» հիմնադրամից՝ 315 հազար դրամ:  Սյունիքի մարզպետ էր Մելիքսեթ Պողոսյանը, որին խոստացել են նշանակել պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնում՝ չնայած այն բանին, որ Պողոսյանը դեռ իշխանություններին չի տվել իր վերջնական համաձայնությունը: ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ 2020 թվականի դրամական միջոցների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: ՀՀ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը թվով 4 հողամաս ունի, որից երեքը գտնվում է Սյունիքի Տեղ գյուղում, մեկը՝ Գորիսում: Բացի այս, նա Գորիսում ունի անհատական բնակելի մեկ տուն եւ հողին ամրակայված թվով երկու անշարժ գույք: Բացի այս, Մելիքսեթ Պողոսյանն ունի 4 ավտոմեքենա: Բանկային հաշվին 2020 թվականին առկա է եղել շուրջ 1 մլն դրամ: Նրա ունեցած կանխիկ դրամը կազմել է 20 մլն դրամ:  Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի եկամուտը ստացած աշխատավարձն է եղել ու կենսաթոշակը: Ամսական կենսաթոշակը կազմել է 160 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 89 հազար դրամ:

Նախկին մարզպետի կնոջ՝ Ալվարդ Պետրոսյանի 2020 թվականի հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում ունի մեկ բնակարան եւ մեկ Toyota մակնիշի ավտոմեքենա, որը գնվել է 2020 թվականին: Տիկնոջ բանկային հաշվին եղել է 105 հազար դրամ, կանխիկ դրամը կազմել է 2 մլն դրամ: Կնոջ եկամուտը կազմել է կենսաթոշակը, որը կազմել է 318 հազար դրամ: Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, ունի հասարակական նշանակության թվով 10 շինություն, որոնք գտնվում են Գորիսում: Երկու ավտոմեքնեա ունի՝ 2015 թվականի արտադրության Toyota եւ 2000 թվականի արտադրության Opel մակնիշի: Կրտսեր Պողոսյանի կանխիկ դրամը կազմել է 30 մլն դրամ: Ի դեպ, «Մելիք Բարխուդար» ընկերությունից նա ստացել է 546 հազար դրամի եկամուտ:

Պողոսյանների հետ համատեղ բնակվող մեկ այլ անձի՝ Լիլիա Մկրտչյանի բանկում ունեցած ավանդը 2020 թվականին կազմել է 69 մլն 397 հազար դրամ: Բանկային հաշվին ունեցած գումարը կազմել է 106 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 3 մլն դրամ: «Մելիք Բարխուդար» ընկերությունից ստացել է 372 հազար դրամ աշխատավարձ, նա նաեւ այլ եկամուտ է ստացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 1 մլն դրամի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏՈՎ

ԱԺ ՔՊ պատգամավորներ եւորգ Պապոյանն ու Ծովինար Վարդանյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում: Այս օրենքի ընդունման պարագայում կարգելվի տոտալիզատոր, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով:

 

Հիմնավորման մեջ պատգամավորները նշում են, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից: Նրանք ներկայացրել են նաեւ թվային տվյալներ. եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաեւ խաղացողների թիվը՝ 2018-ից 2020թ. բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը:

Նրանք նշում են, որ բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարեւոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը, եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը:

Այսպիսով, առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում, անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշենք նաեւ, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը խաղալու նպատակով: Կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:

Ն. Պ.

 

 

 

ԵՌԱԳՈՒՅՆԸ ՀԱՆԵԼ ԵՆ

2021թ. սեպտեմբերից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ Կիրանցի կողմից ճանապարհի վերջին ոլորանի մոտ գտնվող բլրի վրա տեղադրված դրոշակաձողին ծածանվում էր հայկական եռագույն դրոշը։ Մարտի 1-ին դրոշը հանվել է։ Թե որոնք են եղել դրոշի տեղադրման, այն այժմ հանելու պատճառները, հայտնի չէ։ Ոսկեպար գյուղի բնակիչներից ոմանք կարծում են, որ  Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի եզրին հայոց եռագույն դրոշը տեղադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների կողմից։

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է

Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, հաշվի առնելով Այրում համայնքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի տնօրեն Սուրիկ Թանդարյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, որոշել է 2022թ. փետրվարի 25-ից Այրում համայնքի զարգացման եւ ներդրումների հիմադրամի տնօրեն Ս. Թանդարյանին ազատել աշխատանքից։  Նոյեմբերյանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի ղեկավար Ա. Աղաբաբյանի որոշմանը կից ներկայացված է Ս. Թանդարյանի դիմումը, որտեղ նա, ելնելով իր առողջական վիճակից, խնդրում է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Արսեն Աղաբաբյանի պաշտոնավորման օրոք նախկինում աշխատած կադրերից շատերն են ազատվել աշխատանքից. այդ գործընթացը շարունակվում է

 

 

 

ՄԱՀԱՓՈՐՁ

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Ավագ Բալինյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու 61-րդ հասցեում գործող գազալցակայանի բակում Դիլիջան քաղաքի Կամարինի 42 հասցեի բնակիչ Արման Ղալեչյանին քննության համար դեռեւս չպարզված շարժառիթով սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող հրազենով երեք անգամ կրակել Ա. Ղալեչյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով աջ գոտկային, ձախ ազդրի միջանցիկ եւ վերցալքային շրջանի կույր հրազենային վնասվածքներ, սակայն Ա. Բալինյանն իր կամքից անկախ հագամանքներում՝ Մեսրոպ Խառատյանի միջամտության արդյունքում  չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, որից հետո «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Նա տեւական ժամանակ գտնվել է հետախուզման մեջ եւ հայտնաբերվել է այդ դեպքից շուրջ 6 ամիս անց։ Ա. Բալինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում նշանակված է մարտի 29-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս