ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը։ Համաձայն կարգի՝ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում աշխատանքային 3 օրվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու պարագայում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչեւ հաղթող ճանաչվելը: Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում, եւ թափուր պաշտոնը համալրվում է ոչ մրցութային կարգով, եթե պաշտոնը թափուր է ժամանակավորապես, եւ առկա է նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածու:

 

Թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ աշխատանքային 3 օրվա ընթացքում, տնօրենն այդ մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին: Հայտարարությունը հրապարակվում է հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի եւ մարզպետարանի պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ ՀՀ հրապարակային ծանուցումների ինտերնետային պաշտոնական կայքում եւ տեղական մամուլում: Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հրապարակման օրվանից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթին կարող է մասնակցել տվյալ պաշտոնով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը, ինչպես նաեւ դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ կերպով հանցագործություն կատարելու համար:

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն, տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական աշխատող, լիազոր մարմնի ներկայացուցիչ, մանկավարժական աշխատող այլ հաստատությունից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Նիստն իրավազոր չլինելու դեպքում այն կարող է հետաձգվել 2 անգամ մինչեւ 3 աշխատանքային օրով: Նիստի՝ 3-րդ անգամ իրավազոր չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Յուրաքանչյուր փուլի համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է հարցաշար՝ կազմված 100 հարցից: Հարցաշարերը հաստատվում են ԿԳՄՍ նախարարի հրամանով եւ հրապարակվում նախարարության պաշտոնական կայքում:

Թեստավորման փուլի համար յուրաքանչյուր հաստատություն նախարարության կայքում հրապարակված հարցաշարի հիման վրա կազմում է թեստային առաջադրանք` բաղկացած հարցաշարի 50 հարցից եւ դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ամբողջական ճիշտ պատասխանն է: Թեստավորման փուլը համարվում է հաղթահարված առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանելու դեպքում:

Հարցազրույցի փուլն անցկացվում է նույն օրը՝ թեստավորման փուլի արդյունքների հրապարակումից հետո: Հարցազրույցի փուլի ժամանակ մասնակիցը պատահական ընտրությամբ հարցաշարից ընտրում է 5 հարց: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:

Ն. Պ.

 

 

 

ՄԻՊ-Ը ԱՇԽԱՏՈՂՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ ամսի 23-ի դրությամբ, 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ «Այս օրերին ունենք իրավիճակ, որ կարեւորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք»,- ասել է պաշտպանը։ Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։ «Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում»,-ասել է  Գրիգորյանը:

 

 

259 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420 757-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1623 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 128-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 404 157, փաստացի բուժվողներինը՝  6472: Մեկ օրում արվել է 3382 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 906 066 թեստավորում:

 

 

ՉՎԵՐԹՆԵՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանից Հայաստան ոչ բոլոր չվերթներն են այս օրերին իրականացվում ճիշտ ժամանակին։ Պատճառը որոշ պետությունների օդային տարածքների փակվելն է, որի  հետեւանքով էլ օդանավերի ուղին ելման կետից մինչեւ նպատակային կետը երկարել է։ Չվերթների ուշացումները կարող են կապված լինել նաեւ տեխնիկական խնդիրներով։ Այս մասին տեղեկացրել են «Զվարթնոց»-ի Քաղավիացիայից։  Ռուսաստանի Դաշնությունում այս պահին անորոշ ժամանակով փակ են  Կրասնոդարի եւ Ռոստովի օդանավակայանները։

 

 

ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՑԱՆՑԸ

Team Telecom Armenia-ն շարունակում է գերհզոր NGN (Next Generation Network) ցանցի ընդլայնումը Հայաստանում: Թիմի աշխատակիցները Ջերմուկի բնակիչների համար կառուցել եւ շահագործման են հանձնել տարածաշրջանում եզակի ցանց, որի թողունակությունը հասնում է 25 Գբ/վ։ Նորագույն այս ցանցը հասանելի է Ջերմուկ քաղաքի գրեթե բոլոր բնակարաններում: Օպտիկամանրաթելային այս ցանցի հիման վրա ընկերությունը իր բաժանորդներին առաջարկում է «Տիեզերական» COSMO փաթեթներ՝ ինտերնետի 70-ից մինչեւ 1000 Մբ/վ արագություն, teamTV որակյալ IPTV ծառայություն, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապ։ Ապագայում «Թիմը» նախատեսում է այս ցանցի միջոցով իրար կապել Հայաստանի բոլոր բնակավայրերը, դրանով իսկ ապահովել ինտերնետի, բջջային կապի եւ այլ ծառայությունների անգերազանցելի որակ։ ««Թիմ»-ի գերժամանակակից ցանցը գրավում է նոր քաղաքներ ու համայնքներ։ Կառուցում ենք ե՛ւ մայրաքաղաքում, ե՛ւ մարզերում, քանի որ վստահ ենք, որ այս ցանցի միջոցով կարող ենք զարգացնել մեր երկրի մի շարք տնտեսական ոլորտներ՝ Ջերմուկում, առաջին հերթին՝ տուրիզմը։ Շնորհավորում եմ Ջերմուկի բնակիչներին, իսկ հաջորդ քաղաքը կլինի Հրազդանը, որտեղ աշխատանքները մեծամասամբ ավարտված են»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Տարածաշրջանում եզակի NGN ցանցն արդեն հասանելի է Գնդեվազում, Քաջարանում, Ջերմուկում, ինչպես նաեւ Երեւանի երկու վարչական շրջաններում՝ Դավթաշենում եւ Արաբկիրում։ Միացի՛ր «Թիմ»-ին:

 

 

 

ԿԲ-Ի ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ

Վարկային հաստատությունները գտնվում են Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո: Այս մասին ԱԺ նիստին Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, հայտարարել է թափուր պաշտոնի թեկնածու, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Լեւոն Սահակյանը։ Թեկնածուի խոսքով՝ ավանդական բանկինգը շուտով պետք է իր տեղը զիջի առցանց բանկինգին։ «Այս տեսանկյունից, կարծում եմ, սխալ կլինի Հայաստանին հետ պահել ֆինանսական տեխնոլոգիաների խթանումից կամ դրանց ներդրումից։ Դա սխալ մոտեցում է։ Սակայն այս հարցը կարող է բոլորովին այլ հարթության մեջ հայտնվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեխնոլոգիաները կարող են խարդախության հետ կապված որոշակի ռիսկեր պարունակել։ Կենտրոնական բանկն իրականացնում է սպառողների շահերի պաշտպանության իր բոլոր վերահսկողական գործառույթները»,- պարզաբանել է Սահակյանը։

 




Լրահոս