Գաղտնիք չէ, որ դեռ արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը լցված էր բանակը հարստացնելու եւ սպառազինությունների ձեռքբերման գործին։ Եւ պարզվում է՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա ավերիչ պատերազմից հետո էլ Ադրբեջանի գերնպատակը շարունակում է զինված ուժերի միջոցների ավելացումը մնալ: Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսված գումարը: «Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ, ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության եւ ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը:
Իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: 2021 թվականի ՀՀ բյուջեի նախագծի տվյալների համաձայն՝ ծրագրված էր պաշտպանության ոլորտին (մեծամասամբ՝ ռազմական պաշտպանությանը) հատկացնել բյուջեի ծախսերի 16.9%-ը:
Աճը կազմում է 1.3%: Նշենք, որ Հայաստանի ռազմական ծախսերը 2022-ի բյուջեով աճելու են մոտ 11 տոկոսով:
Իսկ Ադրբեջանը շարունակում է առավել մեծ ծախսեր անել ու էլի ավելացնել ռազմական ծախսերի չափաբաժինը: Ադրբեջանը ծախսերն ավելացրել է 20.9 տոկոսով ՝ ՀՀ-ից կրկնակի շատ։ Ահաբեկչական այդ երկրի ախորժակը որեւէ կերպ չի նվազում:
ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել: Տեղեկացանք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ներկայացրած հիմնավորման մեջ առաջարկվել է օրակարգում երկու հարց ներառել՝ առաջինը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացման մասին է եղել, երկրորդը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանն ու դրանից բխող հետեւանքները տեղի, մասնավորապես՝ Ուկրաինայի հայ համայնքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին դիջեյ Էդուարդ Աղաջանյանի գլխավորած հանձնաժողովն անհեթեթ պատճառաբանությամբ մերժել է արտահերթ նիստ անկացնելու առաջարկը՝ փաստացի խուսափելով վերոնշյալ թեմաները քննարկման առարկա դարձնել: Մերժման մեջ հանձնաժողովի երաժշտասեր նախագահը նշել է, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պաշտոնատար անձանց մասնակցությամբ նիստը հանձնաժողովի նիստ չի համարվում: Տարակուսելի է առնվազն, թե ինչպես է Աղաջանյանը որոշել՝ որեւէ հարցի քննարկում որ դեպքերում կարելի է քննարկել հանձնաժողովի նիստում, որ դեպքում՝ ոչ, եթե ո՛չ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ո՛չ հանձնաժողովի աշխատակարգում այդ մասին որեւէ սահմանում չկա: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն իհարկե փորձեց նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը լսել, նա, սակայն, մեր զանգերն անհաղորդ թողեց: Թե ինչու է ոչ միայն ԱԺ-ի, այլ նաեւ պետության համար խիստ կարեւոր այս հանձնաժողովը պարապուրդի մատնված (8-րդ գումարման ԱԺ-ի ձեւավորումից ի վեր ընդամենը մի քանի նիստ է արել) ու ինչու է մերժում օրախնդիր հարցերը քննարկման առարկա դարձնել, լրջագույնս մտորելու տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցված քրեական գործի քննությունից: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն օրերս գնացել է Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ է գնացել նաեւ հարցաքննելու ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն. Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը գործով ճանաչվել են տուժող:
Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 36 մլն 830 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հունվարին տրանսֆերտները շարունակել են դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։ Այս ցուցանիշը, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ, բավականին նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Փաստորեն, տարեսկզբին 20 մլն 375 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը եւս պակասել է. եթե նախորդ տարվա դեկտեմբերին այն կազմել է 44 մլն 212 հազար դոլար, ապա հունվարին դարձել է 27 մլն 623 հազար դոլար: Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա: Այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի: