«Դա իմ թուլությունն է». Արթուր Հակոբյանը տեւական դադարից հետո կրկին կլինի էկրանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական դադարից հետո հայտնի դերասան Արթուր Հակոբյանը կրկին կլինի հեռուստաեթերում: Նա նկարահանվել է նոր հումորային նախագծում՝ «Պլան Բ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

«Առաջարկներ եղել են, բայց ես ինքս չեմ ընդունել: Ինձ համար կարեւոր էր լինել մի նախագծում, որը մեծ հետաքրքրություն կվայելեր հեռուստադիտողի կողմից: Արդյունքում տուժեցինք ե՛ւ ես ե՛ւ իմ հանդիստաեսը»,-անկեղծ նշեց մեր զրուցակիցը:

Արթուր Հակոբյանը «Պլան Բ» սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանից. «Առաջին բանը, որ ուզել եմ, դա եղել է սցենարը: Ինձ համար կարեւոր է սցենարը, ինչքան էլ եթերում քիչ եմ հայտնվում, ամեն դեպքում ամեն դեր չէ, որ կհամաձայնեմ խաղալ: Կերպարն ինձ դուր եկավ, փոքր կերպար է, բայց հետաքրքիր: Մարմնավորում եմ տան ախլքալաքցի աշխատաողներից մեկին, հումորային կերպար է: Չեմ ուզում շատ պատմել, մինչեւ եթեր չգնա լիարժեք չի ընկալվի հեռուստադիտողի կողմից: Անկեղծ խոսելն էլ է բարդ: Հուսով եմ սիթքոմը կսիրվի մեր հեռուստադիտողների կողմից»:

Դերասանի խոսքով՝ նկարահանումներն անցել են հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում:

«Անկեղծ կլինեմ, ինձ համար տեւական դադարից հետո հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Ունեցել եմ կատարյալ ազատություն: Մի բան կասեմ՝ եթե դերը հավանեցիք ուրեմն՝ ես եմ  հաղթել, իսկ եթե չէ, ուրեմն՝ իրենք են հաղթել, քանի որ չեն խոսել, ցուցումներ չեն տվել: Իհարկե ամեն ինչ անում էի «կոնտեքստի» մեջ, բայց շատ մեծ իմպովիզացիաներով, որովհետեւ դա իմ թուլությունն է, եւ ուրախ եմ, որ դրա հնարավորությունը կար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս