Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում այսօր գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն է: Արտահերթ նիստը հրավիրվել է ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց այդ խմբակցությունների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու 27 մանդատներից 13-ն ստացել էր ՔՊ-ն, 10 մանդատ ստացել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը եւ 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս»-ը: Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Նա հրաժարվել էր մանդատից։
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քանի որ իրենք տեղեկացված չեն եղել նիստի մասին:
2022 թվականի հունվարի 3-ին, ՔՊ-ը համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկել էր մանդատները վայր դնել եւ նոր ընտրություններ անցկացնել, սակայն, ընդդիմադիր ուժերը հրաժարվել էին։
Ն.Հ.