Լրատվամիջոցներին վերաբերող նոր հայեցակարգ կմշակվի. Հայաստանի վարկանիշին վնաս է հասցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության բերափոխումների թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից:

Քննարկմանը ներկա է եղել նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ում խոսքով, մտահոգիչ է տեղեկատվական ոլորտում ստեղծված իրավիճակը: Ուստի եւ առաջարկվել է մշակել ոլորտի բարեփոխումների հայեցակարգ: Հայեցակարգի մշակման գործընթացը սկզբնական փուլում է, ընդգծվել են հիմնական ուղղությունները:

Այս հարցերի եւ քննարկման շուրջ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին:

-Պարո՛ն Մելիքյան, կմանրամասնե՛ք ինչ քննարկում էր ընթանում խորհրդարանում:

-Դա ընդհանուր քննարկում է եղել: Մտահոգված ենք եղել նախորդ տարվա օրենսդրական փոփոխություններով, որոնց հետ կապված մեծ վերապահումներ են եղել, այդ թվում՝ միջազգային կառույցների կողմից: Մենք փորձում էինք պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի ԶԼՄ-ներին եւ տեղեկատվական ոլորտին վերաբերող որևէ օրենսդրական նախաձեռնություն շրջանառության մեջ մտնի եւ չընդունվի՝ առանց նախնական քննարկման եւ լրատվական կազմակերպությունների մասնակցության: Եվ մենք առաջարկեցինք մի հայեցակարգ մշակել, ըստ որի, պետք է բարեփոխվի մեդիաներին վերաբերող օրենսդրությունը: Պայմանավորվեցինք նաեւ, որ այդպիսի հայեցակարգ մշակենք լրագրողական կազմակերպությունների հետ համատեղ քննարկումների միջոցով: Դա կընդունենք, որից հետո կարելի է սկսել նոր օրինագծերի պատրաստումը:  Մենք տեսնում էինք, որ այն օրենքները որ վերաբերում էն մեդիային եւ խորհրդարանում ընդունվում էին, իրենց մեջ վտանգ էին պարունակում խոսքի եւ լրատվամիջոցների ազատության մասով: Դրանց մեջ կան նաեւ արդեն ընդունված օրենքներ, որոնք հակասում են միջազգային պրակտիկային եւ օրենքներին: Առայժմ նախնական պայմանավորվածությունների փուլում է ամեն ինչ:

-Ու՞մ նախաձեռնությամբ է եղել քննարկումը:

-Առաջարկը մերն է եղել, անձամբ եմ արել: Տեսնում էինք, որ ինչ օրենք ընդունվում էր, դա ԶԼՄ-ներին դեմ էր:

-Իսկ Ձեր կողմից հնչած քննադատությանն իրենք ինչպե՞ս արձագանքեցին: Ընդունեցի՞ն որ, որ վնասում են լրատվամիջոցներին:

-Այն տպավորությունն էր, որ իրենք հակասում էին, որ այն պրակտիկան, որ իրենք կիրառել են, ճիշտ չէ: Այսինքն, չի կարելի առանց քննարկումների ամեն ինչ անե, երբ հաշվի չեն առնում նաեւ միջազգային փորձը: Մենք փորձում էինք իշխանական պատգամավորներին հասկացնել, որ այդպես նաեւ հնարավորություն են տալիս, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանի հանդեպ բացասական գնահատականներ հնչեն: Մենք ասում էինք, որ դա ազդում է Հայաստանի վարկանիշի վրա եւ ինձմոտ այն տպավարությունն էր, թե ըմբռնում կա: Սակայն որևէ գնահատական չեմ կարող տալ, մինչեւ գործնական փուլ չմտնեն քննարկումները:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս