Մենք գիտեինք, որ գազատարը վերանորոգվելու է. Արցախի պատգամավորը՝ քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի չորս անդամ Երևանում մասնակցում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին ՀՀ պատգամավորները որոշել են կրթության վերաբերյալ քննարկում անցկացնել այն դեպքում, երբ նույն Արցախում այդ իրավունքը վտնագված էր՝ գազատարի խափանման պատճառով:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչու էր այս իրավիճակում հրատապ նման քննարկում անցկացնել: Սակայն Հարությունյանն արդարացում ուներ:

«Հրատապության հարց չկա. մենք նախնական պայմանավորվածություն ունեինք եւ այդ նիստը կայացել է: Արդեն այս հրապարակվեց, որ հիմա Արցախում գազատարը վերանորոգվում է, չգիտեմ՝ այդ հանգամանքից որքան մարդ կուրախանա: Մենք նախնական որոշակի ինֆորմացիա ունեինք, որը պետք չէր հրապարակել, որ պրոցեսներին չխանգարեր», – նշեց նա:

Հարությունյանը նաեւ մանրամասներ հայտնեց քննարկումից: «Երեք հիմնական հարց ունենք, առաջինը՝ Հայաստանում կրթության մինչեւ 2030 թվականի ռազմավարությունն էր, Արցախում նույնանման նախագիծ մշակելու աշխատանքներ են տարվում: Քննարկել ենք պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր եւ նաեւ քննարկելու  ենք ՏՏ ոլորտի կրթական ծրագրերը», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս