ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Երեկ երկու երկրների առաջնորդները Փարիզում մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Ինչպես հաղորդում են Հայաստանի վարչապետի գրասենյակից, Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, ապա երկու երկրների առաջնորդները Փարիզում մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

 

Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձինք: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ են ունեցել Փաշինյանը եւ Մակրոնը:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեյի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Վարչապետին ուղեկցել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը եւ կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք: Նշենք, որ Մակրոնը Փաշինյանին Ֆրանիա էր հրավիրել մարտի 4-ին, երբ ուղերձ էր հղել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

«Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը եւ իրականացմանը», – գրել էր Էմանյուել Մակրոնը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում։

«Այս օրը նշելու եւ մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ,- Հայաստանի վարչապետին գրել է Ֆրանսիայի նախագահը՝ շարունակելով:- Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի եւ հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաեւ բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական եւ տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»։

«Դարեր շարունակ ֆրանսիացի եւ հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան եւ խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի:

Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային եւ տնտեսական շփումները շարունակում են է՛լ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաեւ վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման», – Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Հավատացա՛ծ եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին», – գրել է Մակրոնը Փաշինյանին։

Վերջին անգամ Փաշինյանը պաշտոնական այցով Փարիզ էր մեկնել անցած տարի հունիսին։ Մակրոնը Երեւանում է եղել 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։

Ն.Հ.

 

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

«Ադրբեջանի ասած խաղաղության իմաստը, կարճ ասած, հետեւյալն է. ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները, եւ դուք կունենաք խաղաղություն»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Բայց ես ավելին ասեմ, նույնիսկ այդ պահանջների բավարարման պարագայում, այսինքն՝ ադրբեջանական հավակնությունները բավարարելու պայմաններում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու: Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ, թե տարբեր իրավիճակային զարգացումների պարագայում ինչպես ենք մենք գործելու»,- ասել է նա: Պատգամավորը հավելել է, որ մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ մենք անընդհատ ապրելու ենք մի տարածաշրջանում, որտեղ լինելու են տարբեր ճգնաժամերի բարձր հավանականություն. «Մենք պետք է ունենանք պետություն, իշխանություն, որն ունենա կենսունակություն, որը գիտակցում է իրավիճակի խորությունը, կարողանում է որոշակի ժամանակի ընթացքում կանխատեսել հնարավոր զարգացումները եւ չեզոքացնել այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի ու Արցախի գլխին:

 

 

ԿՓՈԽՎԻ

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են առյուծը, սուրը, ՀՀ դրոշը եւ գանձարկղը: Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերեւ ուղղած եւ շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս։ Առյուծը ոսկեգույն է եւ խորհրդանշում է ուժ, քաջություն եւ հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով եւ մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության: Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը մուգ կապույտ է: Առյուծից վերեւ՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել մարտի 7-ին եւ այն կմնա մինչեւ մարտի 22-ը:

 

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԽՐԱՄՈՐԹԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե, իբր, Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։ Այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլեւ, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին եւ 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից համապատասխանաբար 2 եւ 3 անգամ կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է

Մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի եւ «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է: Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 2 հատ կրակված պարկուճ։ Նույն օրը կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ անձ: Դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։ Վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է»: Եվ, ահա, ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ այս երկու կրակոցները միմյանց հետ կապ ունեն, եւ իրավապահ համակարգը կոնկրետ տեղեկություններ ունի, որ քրեական աշխարհում արշալույսները խաղաղ չեն, եւ քրեական հեղինակությունները կամ «օրենքով գողերը» դուրս են եկել միմյանց դեմ: Փաստ է մեկ բան, որ Մալաթիայում եւ Կենտրոնում հնչած կրակոցները ուղղված են քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողի» դեմ, եւ մեկը մյուսից վրեժ է լուծում:

 

 

 

ՆՈՐ ՀՐԱՄԱՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նոր հրամանի նախագիծն է դրվել հանրային քննարկման, ըստ որի՝ կսահմանվեն դպրոցական տարիքի երեխային հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու ժամանակ սահմանված առաջնահերթությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի հրամանով սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին: Առաջնահերթություն կտրվի նաեւ Հայաստանի տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին եւ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:

 




Լրահոս