ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՄՆԱ՞Ն ԿԱԼԱՆՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի եւ Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։

Պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ամբաստանյալների նկատմամբ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց։ Բողոքները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի վարույթում։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի նախկին պաշտոնատար անձինք մնան կալանքի տակ, ուստի չի բացառվում, որ Վերաքննիչ դատարանը մերժի պաշտպանների բողոքը:

Ք. Մ.

 

 

 

ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է

Իջեւան քաղաքի բնակիչ, բարձրագույն կրթությամբ, 2-րդ խմբի հաշմանդամ, 1953թ. ծնված Հրանտ  Էդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջեւան» մասնաճյուղում որպես վարպետ, լինելով 18 տարին լրացած անձ, 2017 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը, վերոնշյալ մասնաճյուղի արհեստանոցում նույն մասնաճյուղի սան, 14 տարին չլրացած աղջկա միայնակ գտնվելու հանգամանքից օգտվելով, մոտեցրել է նրան, բարձրացրել նրա վերնազգեստը, ձեռքերով հպվել նրա մարմնի բաց մասերին, ապա իջեցրել նրա տաբատն ու վարտիքը եւ հպվել սեռական օրգանին՝ աղջկա նկատմամբ կատարելով անառակաբարո գործողություններ։

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ նույն հոդվածի 3-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը։ Ներկայումս չաշխատող, թոշակառու տղամարդը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատարանում նույնպես  մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ։ 2021թ. դեկտեմբերի 22-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել է երկուսուկես տարի ժամկետով ազատազրկման։ Այդ վճռի դեմ Վերաքննիչ բողոք են ներկայացրել քրեական գործով մեղադրող դատախազը, ով Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, Հրանտ Էդիլյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման։ Հ. Էդիլյանի պաշտպանն էլ Վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, հռչակել Հ. Էդիլյանի անմեղությունը եւ կայացնել արդարացման ակտ կամ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն՝ դատապարտել պայմանական ազատազրկման։ Սույն գործով Վերաքննիչ դատարանում դատաքննությունը շարունակվում է, հերթական նիստը նշանակված է մարտի 21-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՓՈՐՁԵԼ Է ԽՄԻՉՔՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼ

Ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառքի դիմաց կալանավորված անձին ալկոհոլային խմիչք փոխանցելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Նշված դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության բաժնի մասնագետը, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, Երեւան քաղաքում հանդիպել է ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի մտերիմին եւ վերջինիցս ընդունել կալանավորված անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության՝ արգելված իր հանդիսացող ալկոհոլային խմիչք նշված ՔԿՀ մտցնելու եւ նրան փոխանցելու համար 100.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու առաջարկը: 2021թ. նոյեմբերի 21-ի գիշերը նրանք կրկին հանդիպել են, ՔԿՀ աշխատակիցը ստացել է 5 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարաներում լցված էթիլ սպիրտ եւ մեթիլ սպիրտ պարունակող կոնյականման հեղուկները, ինչպես նաեւ կաշառքի նշված գումարը: Հերթափոխի օրը աշխատակիցը արգելված իրերը փոխադրել է ՔԿՀ, սակայն հիմնարկի ծառայողների աչալրջության արդյունքում, նրանց պահանջով ներկայացրել է փաթեթում առկա տարաները, որոնք սահմանված կարգով վերցվել են: Այսինքն՝ իր կամքից անկախ պատճառներով նա չի կարողացել խմիչքները փոխանցել կալանավորված անձին: Նշված հանցավոր արարքները կատարելու համար վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, իսկ կալանավորված անձի մտերիմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի՝ կաշառք տալու հատկանիշներով: Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործը՝ երկու անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Քրեական գործի նյութերով հիմնավորվել է նաեւ, որ ՔԿՀ աշխատակիցը կալանավորված անձի հետ ձեւավորել է մտերիմ հարաբերություններ, տեղեկացրել իր ֆինանսական խնդիրների մասին եւ վերջինիս պատրաստակամություն է հայտնել իր մտերիմի միջոցով աշխատակցի համար վարկ ձեւակերպել: Այսինքն՝ ՔԿՀ-ի աշխատակիցը անձնական այնպիսի կապեր է հաստատել, որոնք կարող էին խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը: Նման հարաբերություններն ի վերջո նպաստել են նաեւ հանցանքի կատարմանը:




Լրահոս