Ռուսաստանցի մի քանի օլիգարխներ իրենց մտահոգությունն են հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի առաջացած հետեւանքների մասով: Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ սկսված եւ շարունակվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության, հետեւաբար հենց անմիջապես օլիգարխների վրա:
Ռուս հայտնի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան Թվիթերի իր էջում գրել է, թե խաղաղություն է պետք հնարավորինս շուտ, քանի որ արդեն հատել են անդառնալիության կետը: Մեկ այլ խոշոր գործարար Վլադիմիր Լիսինը կոչ է արել խաղաղ դիվանագիտական ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Իսկ, ահա, Օլեգ Տինկովը նույնիսկ հայտարարել է, թե ինքն այլեւս միլիարդատեր չէ, քանի որ խոշոր գումար է կորցրել: Բանն այն է, որ անցած շաբաթ նա եւ եւս երեք ռուսաստանցի միլիարդատերեր հայտնվել են «սեւ ցուցակում» եւ անձնապես նրանց հանդեպ պատժամիջոցներ են կիրառվել:
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց արդեն հայտարարեց «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Նա խոստացել է ակումբի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել Ուկրաինայի պատերազմի հետեւանքների վերականգնման նպատակով ստեղծվող բարեգործական հիմնադրամին։
Forbes հանդեսը նշում է, որ Եվրոպայի խորհրդի կողմից ներկայացված պատժամիջոցների ցանկում ընդգրկված են հենց այս ամսագրի վարկանիշում ընդգրկված մարդիկ:
Օրինակ՝ «Տինկոֆֆ» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովն արդեն դադարել է լինել դոլարային միլիարդատեր, նրա ունեցվածքը 5.5 անգամ կրճատվել է՝ դառնալով 820 մլն դոլար: «Յանդեքս»-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Արկադիյ Վոլոժը վերջին երեք ամիսներին կորցրել է 2 մլրդ դոլար, հիմա նրա ունեցվածքը գնահատվում է 580 մլն դոլար:
ՌԴ հարուստ կանանցից Տատյանա Բակալչուկի ունեցվածքը կրճատվել էր 7.6 մլրդ դոլարով՝ դառնալով 4.2 մլրդ:
Վնասներ են կրում նաեւ ազգությամբ հայերը, որոնք բիզնես գործունեություն են ծավալում ՌԴ-ում: Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից Արտյոմ Խաչատրյանը կորցրել է ավելի քան 700 մլն դոլար՝ ունեցվածքի մեկ երրորդը։ Հայկական արմատներ ունեցող մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին կորցրել է 36 մլն դոլար, իսկ, ահա, Ռուսաստանում գործունեություն ծավալող հայ գործարար Սամվել Կարապետյանը ոչ մի կորուստ չի ունեցել։
Հավելենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 19 գործարար է ներառվել սեւ ցուցակում, բացի այդ, իր ցուցակն ունի նաեւ Կանադան, որում ընդգրկված են 10 ռուսաստանցիներ, ում նա անվանել է Ուկրաինա ներխուժման մասնակից։
Ռուսաստանցի մի քանի օլիգարխներ խնդրի են բախվել ՌԴ-ի դեմ սկսված եւ շարունակվող պատժամիջոցների պատճառով, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում տնտեսության, հետեւաբար հենց անմիջապես օլիգարխների վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետեւել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՎ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
Ուկրաինայի իրադրությունը սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այդ մասին տեղեկացնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին: «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից»,- պարզաբանել Է նա: Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաեւ կազդի անասնակերի վրա: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Քատարը, Ռուանդան, Ղրղզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված Է 70 տոկոսով: Այդ կապակցությամբ ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել քայլեր ձեռնարկել առաջիկա մեկուկես տարում պարենային ճգնաժամից խուսափելու նպատակով: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:
Դրա համար, նրա խոսքով, պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան՝ Արեւմուտքը սահմանել Է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր՝ ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից: Մարտի 10-ի գիշերը եւ առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հիդրոօդերեւութաբանության կենտրոնը վարորդներին հորդորում է նշված հատվածներ երթեւեկել միայն ձմեռային անվադողերով։
ՁԱԽՈՂԱԾԸ ՄԱՐԶՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնել է, որ իրենց գյուղում 2020թ. հուլիսին ադրբեջանական զինուժի ռմբակոծություններից եւ գնդակոծություններից վնասված 6 առանձնատների վերականգնման գործը այդպես էլ չի սկսվել, թեեւ այդ տների վնասվելուց ավելի քան մեկուկես տարի է անցել։ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներն այդ առթիվ բազմիցս բողոքել, դիմումներ են ուղարկել Տավուշի մարզպետարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նրանց բողոք-դիմումներն ապարդյուն են։ Բերդի համայնքի սահմանամերձ բնակավայրերում 2020թ. հուլիսին ադրբեջանական ռմբակոծություններից եւ գնդակոծություններից վնասված տների վերականգնման գործը տեղում համակարգել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, որը նախկինում Կալանավանի գյուղապետ է եղել։
Ադրբեջանական ոտնձգություններից վնասված Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ գյուղերի տների վերականգնման գործը ձախողած Ռոբերտ Ղուկասյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս վստահել է ավելի բարձր պաշտոն՝ սահմանամերձ Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ մարտի 4-ին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, նա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ, շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել եւ ավարտին հասցնել պուրակի կանաչապատման, խաղային ատրակցիոնների ձեռքբերման, տեղադրման եւ ցանկապատման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ միասին քննարկել է նաեւ Չինարի գյուղի ռմբակոծված բնակելի տան եւ անասնագոմի շինարարության ընթացքը: Ն. Կարմիրաղբյուրում «Մայրիկ» պուրակի շինարարության աշխատանքները սկսվեցին 2020թ. հուլիսին՝ ադրբեջանական ռմբակոծություններից եւ գնդակոծություններից հետո։ Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարը հայտնել է, որ «Մայրիկ» պուրակում դեռեւս պետք է տեղադրվեն խաղային ատրակցիոններ, կանաչապատում իրականացվի։ Սահմանամերձ Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ 2020թ. հուլիսին ադրբեջանական ոտնձգություններից վնասված տների վերականգնումն ավարտված է, մնում են աշխատանքներ մեկ առանձանատան եւ դրան կից անասնագոմի շինարարություններում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ