ԿԱՊԱՆ-ՃԱԿԱՏԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պարզվում է` Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է եւ դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ: Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին չէ խոսքը, որի դիտարկման մասին բարձրաձայնել էի ամիսներ առաջ։

 

Այս նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Կապանից դեպի Ճակատեն եւ եւս 5 գյուղեր տանող այն ժամանակավոր այլընտրանքային ճանապարհը, որը սկսվեց շահագործվել 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հիմնական ճանապարհն արգելափակելուց հետո եւ ներկայում էլ շահագործվում է՝ անցնելով Կապանի Գեղանուշ գյուղով: Որպես հիմնական կառուցվող՝ նոր ճանապարհն անցնում է ոչ թե Գեղանուշով, այլ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած հիմնական ճանապարհի անմիջական հարեւանությամբ՝ այդ ճանապարհի անմիջապես «տակով»:

Այս խիստ մտահոգիչ նոր փաստերը վեր ենք հանել Սյունիքի մարզի Կապան համայնքում մոտ 10 օր առաջ իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհը հանցավոր արարքներով արգելափակելուց հետո ստեղծված վիճակի հետ:

ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը հաշվետվություն տա, թե ինչու է Սյունիքում Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքային ճանապարհը կառուցում ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով, առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:

Ի՞նչ պատասխան կա մարդանց կյանքի ու անվտանգության համար այս բացարձակ անթույլատրելի վիճակի համար: Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները եւ գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու: Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը եւ դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն: Ընդ որում, Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որեւէ մեկը Կառավարությունը չի ընդունել: Առհասարակ, ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական ցուցանակներն ու դրոշները ՀՀ գյուղերի հարեւանությամբ եւ ճանապարհներին Գեղարքունիքում ու Սյունիքում հայտնվեցին 2020թ. ադրբեջանական սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նոր պատերազմի սպառնալիքների ներքո ու շարունակվող հայատյացության քաղաքականության պայմաններում: Այդ ժամանակից սկսած՝ նրանք, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, հանցավոր արարքներով ամեն օր խախտում են ՀՀ բնակիչների իրավունքները, նրանց պատճառում են զրկանքներ:

Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների, նրանց դրոշների ու ցուցանակների հայտնվելուց հետո խաթարվել է թե՛ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերթ գյուղերի, թե՛ Կապան քաղաքի անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:

Իսկ այդ ճանապարհին, այսպես կոչված, սահմանային ու մաքսային հսկողություն անօրինական սահմանելուց ու ճանապարհն արգելափակելուց հետո մեկուսացման եւ հումանիտար լուրջ խնդիրներ են առաջացրել նշված բնակավայրերի համար, դիտարկման ներքո են պահում ՀՀ քաղաքացիական բնակիչների: Ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որ մարդկանց անվտանգությունը լինի ապահովված: Անկախ դրանից` երբեք չի կարելի անտեսել անվտանգության հարցերը։

Փաստահավաք աշխատանքի նոր տվյալներն ամբողջացվելու են եւ օգտագործվելու են տարբեր հարթակներում մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։

 




Լրահոս