ՄԵԾ ԷԿՐԱՆ ԲԱՐՁՐԱՑԱՎ «ՎԵՐԱԴԱՐՁ» ՖԻԼՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին մեծ էկրան բարձրացավ «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության կինոնկարը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Կիպրոսում:

 

Ֆիլմի ռեժիսորը Արման Գեւորգյանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Արման Աբովյանը:  Նկարահանման աշխատանքներն ընթացել են  2019 թ.-ին, այն իրական պատմության հիման վրա է, որի գաղափարի հեղինակը գլխավոր հերոսներից մեկին մարմնավորող կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը, իր իսկ խոսքով, մարմնավորում է ինքն իրեն: Յուրին նաեւ ֆիլմում հնչող երաժշտության հեղինակն է:

Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են հայրենիքի եւ սիրած աղջկա հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը ստիպում սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Արսեն Լեւոնյանը:

«Վերադարձի» պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել է առաջնագծում, մինչեւ զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում: Ֆիլմի գաղափարը Յուրիինն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը` Արման Գեւորգյանը։

Յուրին ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել են Կիպրոս: Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայրենիքի հետ կապ միշտ եղել է:

«Սա իմ առաջին դեբյուտային դերն է, այն էլ` գլխավոր: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, երգիչ: Դերասական կրթության բացը լրացնում եմ՝ վարպետության դասընթացներին մասնակցելով: Իսկ այս ֆիլմը սիրո, հայերենիքի, կարոտի, բարության մասին է: Այն մելոդրամ է»,-պատմում է երգիչը: Փոքր տարիքում Յուրին մասնակցել է հունական «Ձայնը» նախագծին եւ, նրա խոսքով, այդ տարիներից հասցրել է բախվել մարդկային բարությանն ու չարությանը, ինչպես ինքն է ասում, այս ֆիլմը միայն իր երաժշտական հաջողությունների մասին չէ:

«Ես այստեղ չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը: Սա մելոդրամ է, որտեղ միախառնված են մարդկային ճակատագրեր, կարոտ, հայրենիք, հերոսություն, սեր, անձնազոհություն հասկացությունները»,-ասում է նա: Ռեժիսոր Արման Գեւորգյանի խոսքով` այս երկու պատմություններին միավորում է սերը հայրենիքի ու ընտանիքի հանդեպ:

«Այս Ֆիլմը շատ բարի էնեգետիկայով ֆիլմ է, ու եթե ամբողջացնելու լինեմ, կարող եմ ասել` այն հույսի շող արթանացնող ֆիլմ է, քանի որ այնտեղ կա սեր, բարություն, անձնազոհություն, հայրենիքի ու ընտանիքի նկատմամբ նվիրվածություն»:

 

 

ԴԵԲՅՈՒՏ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓՈՔՐ ԲԵՄՈՒՄ

Դոն Նիգրոյի «Գորգոնները» պիեսի հիման վրա բեմադրված «Խաղը» ներկայացումը կհամալրի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը:

 

Ներկայացման առաջնախաղերը նախատեսված են մարտի 9-ին, 10-ին, 15-ին, 16-ին թատրոնի փոքր բեմում:

«Արդյոք գոյություն ունի՞ կանանց ընկերություն: Ի՞նչ է պետք զոհաբերել հաջողության հասնելու ճանապարհին: Այս եւ այլ հարցերի պատասխանները հանդիսատեսը կստանա՝ դիտելով մեր նոր ներկայացումը»,- ասվում է թատրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Խաղը» բեմադրել է թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը։ Սա նրա ռեժիսորական դեբյուտն է: Հանրահայտ ամերիկյան դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսները մեծ ճանաչում են վայելում եւ չեն իջնում աշխարհի շատ թատրոնների բեմերից: Բացառություն չէ նաեւ ռուսական թատրոնը, որտեղ արդեն երկրորդ ներկայացումն է բեմադրվում՝ ըստ Դ. Նիգրոյի պիեսի:

«Խաղը» («Գորգոնները») պիեսը ներկայացնում է երկու հոլիվուդյան կինոաստղերի, որոնց տրվել է հանրության սերն ու հանրաճանաչությունը վերադարձնելու վերջին հնարավորությունը: Բեմում կինոաստղն է եւ նրա վաղեմի մրցակցուհին: Եվ եթե Նիգրոյի պիեսում գործող անձինք կանացի դուետ են, ապա «Խաղը» ներկայացման մեջ հայտնվում է երրորդ կերպարը՝ երիտասարդ արտիստը՝ բարդ ճակատագրով տղա, որի հիշողություններն այդ երկու տաղանդավոր կանանց մասին կօգնեն ավելի լավ գլուխ հանել նրանց փոխհարաբերություններից եւ ճակատագրերից:

Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը, Լալիտա Բուկիան, Մանվել Խաչատրյանը եւ Անտոն Աղաջանյանը:

Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը:

Ներկայացումը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար:

 




Լրահոս