ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ՝ ՀՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը: Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն ընդգծեց, թե իրենց պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ եւ տեւելու է երկու շաբաթ միայն: Սակայն նկատենք՝ աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված: Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականից սեփականատերերը փոխվել են, եւ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է: Հիշեցնենք՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը եւ այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչեւ 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ի իշխանափոխությունից հետո ACP-ն եւ «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց անցան «ՎՏԲ» բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել «ՎՏԲ»-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, եւ ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով։

 

 

 

«Մենք դեմ չենք սահմանների բացմանը, ավելին՝ մեր քաղաքական ուժը եւ անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարեւանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում»,-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ հեռանկարում մենք չենք կարող լավ ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը։ «Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու մեր ազգային ու պետական շահերը, հետեւաբար զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձեւի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել», – նշել է Վանեցյանը։ «Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը. այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում. ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որեւէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս՝ բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ», – ասել է ընդդիմադիր գործիչը։

 

 

 

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ երկրի կառավարման ղեկը լրագրողների աջակցությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին անցավ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել ու մինչեւ այժմ էլ խոսում են ժողովրդավարական արժեքներից եւ լրատվամիջոցների թափանցիկությունից: Ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով մերօրյա իշխանավորներն ամբիոններից վերամբարձ տոնով հայտարարում են, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրենց մատուցած լրատվության հետեւում ով է կանգնած, լրատվամիջոցների իրական տերերը պետք է հայտնի լինեն եւ այլն: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը» վերլուծության մեջ նույն իշխանություններին սպասարկող օնլայն հարթակները չեն նույնականացվում, կամ որ նույնն է, թափանցիկ չեն. տերերը հայտնի չեն: Հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հետազոտել են հայկական 89 առցանց լրատվամիջոցներ, 41 հեռուստա եւ ռադիոընկերությունների 44 առցանց հարթակներ եւ, որպես ընդհանուր արձանագրում, այն իրողությունն է, որ լրատվադաշտը նույնականացման տեսանկյունից փնթի վիճակում է: Փաստորեն, Աժ ամբիոնից, տարբեր հարթակներից լրատվամիջոցների թափանցիկության մասին հայտարարող իշխանությունն ինքն է հենց խախտում թափանցիկության կարեւորագույն սկզբունքը: Տեղեկացնենք, որ «Ռեգիոն» կենտրոնի հետազոտած լրատվամիջոցների ցանկում իշխանությանը սատարող երեք լրատվամիջոց է ներառված եղել, որոնցից միայն մեկն է հայտնվել թափանցիկ լրատվամիջոցների ցանկում. Armtimes.com: «Մյուս երկուսը` Freenews.am կայքը, հեռուստաընկերությունը եւ civik.am կայքը ունեցել են 0-2 նույնականացման տվյալ ներկայացված եւ հայտնվել են ոչ թափանցիկ լրատվամիջոցների շարքում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լաուրա Բաղդասարյանը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության քարոզչական հարթակները թաքցնում են իրենց իրական տերերին, ֆինանսական միջոցները եւ այլն:  Իհարկե, Հայաստանում կան տասնյակ տարիներ գործող ԶԼՄ-ներ, որոնք մասնակի թափանցիկ են, բայց Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների ոչ թափանցիկ կարգավիճակը չի բխում այն սկզբունքներից, որոնք կարեւորում է հենց ինքը` լրագրող Փաշինյանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում լուրջ վիճաբանություն է հասունանում: Բանն այն է, որ դեռ նախորդ տարի պետական բուհերի ռեկտորների խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում փոխատեղման՝ ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով: Վիճակահանությամբ որոշվել էր խորհրդի նախագահության հերթականությունը: Արդյունքում Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նախորդ տարվանից պաշտոնավարում էր որպես խորհրդի նախագահ մինչեւ այս տարվա մարտի 22-ը: Ըստ այդ հերթականության՝ ՀՀ մայր բուհը, որ երկար ժամանակ ռեկտոր չուներ, խորհրդի նախագահ կարող է դառնալ միայն 8 տարի հետո: Ի՞նչ անել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ ստացավ այն մասին, որ ԵՊՀ-ի նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է իրավիճակ փոխել եւ առաջիկայում դառնալ ռեկտորների խորհրդի նախագահ՝ առանց ռոտացիայի՝ մշտական: Ինչո՞ւ է շտապում. իր պաշտոնավարման ժամկետը ընդամենը 5 տարի է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար Հովհաննիսյանը որոշել է ռեկտորների խորհրդի իրեն ենթարկվող ռեկտորների հետ փոխել նախորդ տարվա որոշումը՝ ըստ այդմ հաստատելով, որ ռեկտորների խորհրդի նախագահը մշտապես ի պաշտոնե պետք է լինի ԵՊՀ ռեկտորը: Իր պլաններն իրականություն դարձնելու ճանապարհին Հովհաննիսյանը նույնիսկ չի խորշում նաեւ ռեկտորներին զանգահարել եւ պնդել, որ ԿԳՄՍՆ դիրքորոշումն է այդպիսին, որ ինքը պետք է դառնա ռեկտորների խորհրդի նախագահ: Իսկ այսօրվա խորհրդի նախագահ  Ռուզաննա Հակոբյանն էլ այս գործում ստանձնել է Հովհաննիսյանի օգնականի դերը։ Կան նաեւ կզբունքային ռեկտորներ, որոնք իրենց որոշումը չեն ցանկանում փոխել: Աղմկահարույց այս նիստը կկայանա այսօր, որին մանրամասն կանդրադառնանք նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթն, իհարկե, փորձեց մեկնաբանություն խնդրել Հովհաննես Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր:




Լրահոս