
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն երկու հրամանագիր է ստորագրել, որոնցով ժամանակավոր արգելվում է արդյունաբերական առանձին ապրանքների, ինչպես նաև հացահատիկի վերամշակման միջոցով ստացված արտադրանքի արտահանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։
«Առաջինը կենդանիներին կերակրելու համար նախատեսված վերամշակված հացահատիկի արտադրանքի արտահանման արգելքն է։ Այն վերաբերում է նաև կերերի արդյունաբերության համար նախատեսված սպիտակուցային հումքի արտահանմանը»,-ասված է հայտարարությունում։
Կառավարությունը տեղեկացրել է, որ երկրորդ փաստաթղթով արգելվում է արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտահանումը պետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթում խոսքը 254 տեսակի ապրանքի մասին է։
Երկու փաստաթղթով նախատեսված արգելքը սահմանվում է 6 ամսով։ Ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից հետո։