ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ԿԵՐՊ ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անթալիայում երեկ տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշողլուն։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հանդիպումը տեւել է մոտ 1,5 ժամ։ Նախքան բանակցությունները Չավուշօղլուն առանձնազրույցներ էր ունեցել Լավրովի ու Կուլեբայի հետ։ Հանդիպման ավարտին ՌԴ եւ Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես եկել։

 

Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ չի հաջողվել հրադադարի մասին պայմանավորվածության հասնել, բանակցությունները բարդ էին։ Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման եւ հրադադարի ռեժիմի հարցերը։ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան լինի ապառազմականացված ու բարեկամական, առանց ռուսաց լեզուն ու մշակույթն արգելելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Թուրքիայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսին։

«Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է կայացրել ռազմական հատուկ գործողություն իրականացնելու որոշումը։ Ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ապառազմականացված ու բարեկամական, որտեղ չի լինի հերթական ազգայնական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի արգելվի ռուսական մշակույթը, ռուսական ուղղափառ եկեղեցին ու ռուսաց լեզուն»,-ասել է նա։

Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան Արեւմուտքին անհրաժեշտ է միայն մեկ բանի համար՝ ռուսների դեմ աշխատելու։ Ռուսաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Մարիուպոլի ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա։ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականներն այնտեղից հանել էին անձնակազմն ու ծննդկաններին։ «Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ 3 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մեր պատվիրակությունը տեղեկացրել է, որ այդ ծննդատունը վաղուց գրավված էր եղել  «Ազով» գումարտակի եւ այլ ծայրահեղականների կողմից, որոնք հեռացրել էին ծննդականներին, բուժքույրերին ու ամբողջ անձնակազմը։ Այդ տվյալները ներկայացվել էին 3 օր առաջ, այնպես որ, ինքներդ եզրակացրեք, թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը»։

Նա հավելել է, որ արեւմտյան լրատվամիջոցները զգացմունքային նյութեր են պատրաստում ավերված ծննդատան մասին, սակայն նրանք օբյեկտիվ չեն։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ արեւմտյան քաղաքական գործիչները մշտապես անդրադառնում են միջուկային պատերազմի թեմային։ Նախարարը վկայակոչել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, ըստ որի` Ռուսաստանի դեմ դժոխային պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել երրորդ համաշխարհային պատերազմը։ Նա կարծում է, որ արեւմտյան քաղաքական գործիչները մշտապես բարձրացնում են միջուկային պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմի թեման, Ռուսաստանն այդ մասին երբեք չի խոսել։

«Իհարկե, մտահոգիչ է, երբ Արեւմուտքը անընդհատ վերադառնում է այդ թեմային», – ասել է նախարարը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ

Կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզերում հաշվառված Ադրբեջանից բռնագաղթած եւս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացին։  «Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջին գործընթացը տեղի է ունեցել 2004-2006 թվականներին, երբ մարզերի մեր մի խումբ հայրենակիցներին տրամադրվել է բնակարաններին գնման վկայական։ 2020 թվականին առաջին անգամ այս գործընթացը իրականացվել է Երեւանում, երբեք Երեւանում ապրող մեր հայրենակիցները չէին օգտվել  այս աջակցությունից։ Եվ մենք նախորդ տարի ավարտեցինք այդ գործընթացը Երեւանում։ Հիմա վերադառնում ենք մարզեր։ Այս տարի բյուջեով նախատեսված է 1,4 միլիարդ դրամ այս գործընթացի համար, նախնական կա  254 ընտանիք, եւ այս որոշումը առնչվում է իրենց»,- ասաց Սանոսյանը։ Նախարարը նշեց, որ նախագծով նախ հստակեցվում է, որ Ադրբեջանից բռնագաղթած անձինք բնակարանների գնման վկայագրեր կստանան  այն մարզում, որտեղ հաշվառված են: Մարզպետարաններից աշխատակիցներ են ներգրավվելու այդ աշխատանքները կազմակերպելու համար։

 

 

ՆԱՏՕ-Ն ՉԻ ՄՏՆԻ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, քանի որ հակառակ դեպքում դա կարող Է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարտի 9-ի երեկոյան La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք փորձում ենք կանխել Էսկալացիան,- պնդել Է նա:- ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մտնելու այդ պատերազմ, (…) դա կդառնար երրորդ համաշխարհային պատերազմ, դա կդառնար միջուկային պատերազմ»: «Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որեւիցե միջադեպ մեզ դրդի դեպի այդ ուղին»,- ընդգծել Է նա: Բորելի խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հուսով Է, որ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեռք կբերվի համաձայնություն՝ երաշխավորելու համար, որ գործակալությունը կարող Է հսկել» Չեռնոբիլի ատոմակայանի գործունեությունը: «Մենք աջակցում ենք գործակալության ջանքերին»,- հավելել Է նա: Բորելն «առաջին քայլ» Է համարել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակացությունները Թուրքիայի Անթալիայում: Ըստ որում, ԵՄ-ի ներկայացուցչի խոսքով՝ հարկ չԷ սպասել, թե հանդիպումը կավարտվի իրադրության կարգավորմամբ:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ

Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց միամսյակի շրջանակում մարտի 10-ին ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների եւ նախակրթարանների մանկավարժներին։  Շնորհավորելով տոնը՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, եւ շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության եւ հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։

Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին եւ դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու եւ ժամանակակից քաղաքացիներ։

 

 

 

«ԶՐՈՅԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ» ՊԵՏՔ ՉԷ

Կառավարությունն իր երեկվա նիստում փոփոխություն կատարեց որոշումներից մեկում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա թվայնացման լավ օրինակ է, որով մի շարք պրոցեսներ կհեշտացվեն քաղաքացիների համար: «Հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած, զրոյական տեղեկանք: Դրա համար մեր քաղաքացիները պարտավոր էին գնալ համայնքապետարան կամ վարչկան ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թսթային տարբերակով բերելու: Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Նախորդ տարվանից գործարկվել է էլեկտրոնային համակարգ, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել: Հիմա մենք այդ համակարգում լրացում ենք իրականացնում, եւ շարժական գույքն էլ ենք այդ բազայի մեջ մտցնում, եւ մեր քաղաքացիները, որոնք նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում  մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել իրենց գործը»,-նշեց նախարարը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ երկու խնդիր է լուծվում. «Նախ, զրոյական տեղեկանքը թղթային տրբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ, եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառվարման մարմին, եւ, օրինակ, ՃՈ-ում կամ որեւէ այլ մարմնում գործողություն անելիս կարող է էնտեղից վճարումն անել»,-ընդգծեց վարչապետը:

 

 

ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ

Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են: Տեղեկացնենք, որ գյուղացիները մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր, բայց վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները բավականին նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20-40 դրամով: Այն բնակիչները, որոնք չեն ցանկանում իրացնել այդ գնով, հիասթափված քաղում եւ թափում են այն աղբանոցը: Բայց, մյուս կողմից, կանաչին 20–40 դրամով գյուղացին է իրացնում, իսկ վերավաճառողները  գնում են եւ 150-200 դրամով են վաճառում: Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր:

 




Լրահոս