ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2021 թվականի դեկտեմբերի 23-ի 97-Ա որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ-ի փետրվարի 25-ի որոշման մեջ նշվում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության վերահսկողության վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ն. Խալաթյանի կողմից ներկայացրած զեկուցագիրը:

 

Այս կապակցությամբ դատավոր Սիմա Իսկանդարյանը 2022 թվականի փետրվարի 11-ին իր հերթին Վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պողոսյանի նախագահությամբ, որոշել էր մերժել վարույթ ընդունել Սիմա Իսկանդարյանի հայցադիմումը։

Որոշման մեջ նշվում է, որ այն մերժվել է, քանի որ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններից մեկը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը: Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի լիազոր մարմինը (ՀՀ արդարադատության նախարարը)։

«Դատարանն արձանագրում է, որ նախ՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ վեճը դատական վերահսկողության առարկա չէ, երկրորդ՝ ներկայացված պահանջը չի կարող համարվել հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման միջոց, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելու արդյունքում բոլոր դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ դատավորը զրկված չէ իր փաստարկները Բարձրագույն դատական խորհրդի առջեւ ներկայացնելու հնարավորությունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդում Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը տեղի է ունեցել մարտի 3-ին:

Նիստին Կարեն Անդրեասյանին ներկայացնում էր փախնախարար Գրիգոր Մինասյանը: Սիմա Իսկանդարյանի ներկայացուցիչը ԲԴԽ-ին միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել դատավորին պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը՝ այն հիմքով, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի 5 պատգամավորների դիմումը՝ առ այն, որ արդարատադության նախարարի միջնորդությամբ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական է:

Հիշեցնենք, որ հունվարին մի խումբ դատավորներ դատական իշխանության անկախությանը միջամտությունների վերաբերյալ հայտարարություն են ստորագրել՝ իրենց մտահոգությունը հայտնելով ՀՀ արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռեւս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՍԱՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է Վճռաբեկ դատարան:

 

Դատարանները հրաժարվում են վարույթ ընդունել նրա դիմումը: ArmLur.am-ը գրել էր, որ նախկին քաղաքապետը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարությանը: Վերջինս պահանջում է, որ վարչական դատարանը ապահովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված եւ ձեւավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը եւ քվեարկելու իրավունքը:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցանք է կատարել։ Բացի այդ, առանց համապատասխան թույլտվության, Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետեւանքով համայնքին էական վնաս է հասցվել: Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։

Հավելենք, որ Վանաձորի ավագանին դեռեւս քաղաքապետ չի ընտրել, մինչդեռ Ասլանյանը հայտնել էր, որ իր գլխավորած դաշինքն ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։

 

 

 

ԿՏԱՊԱԼՎԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Ինչպես հայտնի է, 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը սահմանվել է 6:

29.10.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն օրենքով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը սահմանվել է 8:

25.02.2022 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-24-Ն օրենքով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը կրկին սահմանվել է 6:

Մինչդեռ Բարձրագույն դատական խորհուրդը, անտեղյակ լինելով օրենսդրական վերջին փոփոխությունից, Ազգային ժողով է ուղարկել քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար եւս երկու դատավոր ընտրելու համար, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քրեական պալատում պաշտոնավարելու համար պետք է ընտրի երկու դատավորի այն դեպքում, երբ նշված պալատում ազատ հաստիքներ չկան, արդյունքում պալատի դատավորների թիվը կկազմի 8՝ օրենքով սահմանված 6-ի փոխարեն:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս խայտառակ իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրվում, եւ տարբեր սցենարներ մշակվում, այդ թվում՝ տարբերակներից մեկով քննարկվում է ընտրությունը ԱԺ-ում տապալելու սցենարը, երկրորդով՝ ԲԴԽ-ի կողմից ԱԺ ուղարկված դատավորների թեկնածուների ցուցակը հետ կանչելու, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում շուտափույթ փոփոխություն կատարելու եւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում թվակազմը նորից 8 դարձնելու սցենարը:

Բացի այդ, քննարկվում է նաեւ մեկ այլ իրավական մտամարզանք, ըստ որի՝ ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածն, իբր, ունի երկու իրարամերժ խմբագրություն, որոնցից մեկով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թվակազմը 8 է, իսկ մյուսով՝ 6, մինչդեռ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը 6-ն է:

Ք. Մ.

 




Լրահոս