ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՆ ՈՒ ՍՈՒԲՅԵԿՏ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց. մաս 2:

Մաս 1-ինը՝ երկրորդ էջում:

 

-Չե՞ք կարծում, որ այսօր բանակցային սեղանի շուրջ ինչ-որ բանի դիմաց սահմանը բացելու հարց քննարկելն ինքնին նախապայման է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից: Եթե Անկարան ուզում է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, ապա պիտի նախ եւ առաջ միակողմանիորեն բացեր սահմանը, որից հետո մյուս հարցերի շուրջ կարող էին սկսվել բանակցություններ: Այսինքն՝ այստեղ նույնպես մեզ փորձում են մոլորեցնել, եւ առավել քան միանշանակ է՝ այստեղ կան նախապայմաններ, դրանցից ոչ մեկից թուրքական կողմը չի հրաժարվել: Ավելին՝ գործընթացներից կա տպավորություն, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն էլ լծվել են դրանք բավարարելու գործին: Բայց ես նորից ուզում եմ մեր սկզբունքային մոտեցումը բարձրաձայնել. մենք դեմ չենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը: Մենք դեմ ենք այսօ՛ր նման գործընթացին՝ քիչ առաջ ներկայացրածս պատճառներից ելնելով:

-Խոսեցիք Շուշիի հռչակագրի եւ դրանում առկա նախապայմանների մասին. ես կխնդրեի այս թեմայի շուրջ մի փոքր ավելի մանրամասն խոսեինք. Ի՞նչ վտանգներ եք տեսնում այդ հռչակագրում, ի՞նչ նպատակ ուներ ընդդիմության նախաձեռնությունը՝ ԱԺ հայտարարություն ընդունելու հետ կապված, եւ ինչու՞ այս առաջարկությունը մերժվեց իշխանությունների կողմից:

-Շուշիի հռչակագիրը բացահայտ հակահայկական փաստաթուղթ է: Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան նոր մակարդակի են բարձրացնում իրենց համագործակցությունը, այդ թվում եւ առաջին հերթին՝ ռազմական առումով: Այստեղ, կարծում եմ՝ հասկանում ենք, որ մենք թիրախ ենք: Մենք տեսել ենք Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ դրա համար պատշաճ իրավական հիմքեր դեռ չկային անգամ: Հիմա այդ հիմքերն են ձեւավորվում: Մյուս կողմից՝ այդ հռչակագրով թուրք-ադրբեջանական կողմը հերթական անգամ առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունների իր նախապայմանները՝ Արցախից հրաժարում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում եւ վերջում նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք: 2021-ի հունիսին Անկարան եւ Բաքուն ստորագրեցին այդ փաստաթուղթը, որն, ի դեպ, մինչեւ նախորդ ամիս ընդամենը դեկլարատիվ բնույթ ունեցող փաստաթուղթ էր, այն չուներ պարտադիր իրավական ուժ կողմերի համար: Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարաններում վավերացվելուց հետո այդ հռչակագիրը դարձավ նրանց ներքին օրենսդրության մաս: Սա շատ կարեւոր հանգամանք է: Եվ ընդդիմության նախաձեռնությունը՝ ունենալու ՀՀ ԱԺ հայտարարություն Շուշիի հռչակագրի հետ կապված, հենց սրանից էր բխում: Կարծում եմ՝ նման նախաձեռնությունն առավել քան տրամաբանված ու կարեւոր էր, եւ նույնկերպ առավել քան անտրամաբանական էին իշխող խմբակցության դիրքորոշումը, կցկտուր ու ոչինչ չասող արդարացումները: Ցավոք, իշխանության այսօրվա կեցվածքը հերթական արձանագրումն է նրա, որ մենք այսօր միջազգային ասպարեզում չկանք, բացակայում ենք՝ որպես պետություն, որպես սուբյեկտ:

-Չե՞ք կարծում, որ հանրության համար Ձեր մոտեցումները ընկալելի չեն: Տեսեք՝ իշխանություններն ասում են, որ երբ սահմանները բացվեն, երկրի վիճակը կլավանա, տնտեսությունը կաշխուժանա, կհարստանանք: Սա միջին վիճակագրական քաղաքացու համար գրավիչ հեռանկար է: Ո՞րն է Ձեր պատասխանը:

-Իմ պատասխանը շատ հստակ է. մենք երկարաժամկետ հեռանկարում չենք կարող «լավ» ապրել, եթե անվտանգությունը ստորադասենք նյութական բարեկեցությանը, ի դեպ՝ խիստ կասկածելի նյութական բարեկեցությանը։ Վերադառնալով սահմանները բացելու թեմային՝ նորից կրկնեմ՝ մենք դեմ չենք սահմանների բացմանը։ Ավելին՝ մեր քաղաքական ուժը եւ անձամբ ես խորապես համոզված ենք, որ հարաբերությունները հարեւանների հետ պիտի նորմալ, բնականոն զարգանան, բայց մենք սկզբունքային մոտեցում ունենք այս հարցում. Հայաստանը պիտի գործոն ու սուբյեկտ լինի այս գործընթացներում։ Մեր անվտանգությունն ու պետական շահերը չպիտի ստորադասվեն, ավելին՝ դրանք խորապես պիտի հաշվի առնվեն։ Ցավոք, մենք այսօր չունենք իշխանություն, որն ի վիճակի է, կամք ու ցանկություն ունի առաջ տանելու այդ շահերը։ Հետեւաբար զարմանալի չէ, որ հանրության հետ աշխատանքը կառուցում են հենց այս բանաձեւի ներքո՝ «սահմանները բացվեն, տնտեսությունը կլավանա, կհարստանանք»։ Մեր ժողովրդին նորից մոլորեցնում են, շարունակում են մոլորեցնել։ Իհարկե, տարածաշրջանի ապաշրջափակումը, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական աշխուժություն կմտցնի տարածաշրջանում, բայց եթե մենք ցանկություն ունենք շահելու այդ փոփոխություններից, մենք պիտի լրջորեն աշխատենք՝ այսօրվանից սկսած, դեռ երեկվանից սկսած։ Մեր տնտեսությունը պիտի պատրաստ լինի այդ փոփոխություններին, այլապես մենք կունենանք մի իրավիճակ, երբ կարճաժամկետ հեռանկարում գուցե որոշ ապրանքներ էժանանան, տնտեսությունն ակտիվանա, բայց երկարաժամկետ հեռանկարում լրջագույն խնդիրների կարող ենք բախվել, եւ, իհարկե, այս ամենին գումարած անվտանգային խնդիրները։ Ինչ խոսք, այս պոպուլիստ իշխանությունները կարողանում են ժողովրդի ականջին հաճո հայտարարություններով հանդես գալ, բայց կարծում եմ՝ ժամանակն է մի փոքր ավելի խորը վերլուծելու, հասկանալու իրավիճակը։ Ի՞նչ է առաջարկել այս իշխանությունը. այսպես կոչված բեռներից ազատվել, լավ ապրել։ Բայց ի՞նչ ունենք արդյունքում. ունենք կորցրած թիկունք, կորցրած կարողություններ, անվտանգություն, բայց որեւէ կերպ ավելի լավ չենք ապրում։ Ավելին՝ շատ ավելի վատ ենք ապրում։ Եվ իմ այս պնդման յուրաքանչյուր բառ հիմնավորված է ու հաշվելի։ Հիմա հարց եմ տալիս. բացի վնասից, այս իշխանություններն ի՞նչ են տվել մեզ։ Իհարկե, այս ամենը հանրությանը բացատրել է պետք, եւ մենք եւ ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը եւս հանրությանն այս ամենը ներկայացնելու հարցում կարեւոր անելիքներ ունենք։

– Ձեր վերջին պնդման հետ կապված մի դիտարկում ունեմ. իշխանությունների կեցվածքը շատ հստակ է, իրենք այս ճանապարհն են ընտրել, այս ուղղությամբ են երկիրը տանում: Դուք եւ ընդդիմության մյուս առաջնորդները պնդում եք, որ սա սխալ ճանապարհ է: Ի՞նչ եք առաջարկում:

-Այո՛, իշխանությունների կեցվածքը շատ հստակ է. իրենք հետեւողականորեն երկիրը տանում են կործանման։ Մենք անկախություն ու պետականություն կորցնելու լուրջ վտանգի առաջ ենք հիմա կանգնած։ Ես եւ մեր քաղաքական թիմը առաջարկել եւ առաջարկում ենք կանգնեցնել այս ընթացքը, մենք շարունակում ենք մեր պայքարը հնարավոր բոլոր տարբերակներով։ Այսօր հիմնական գործիքակազմում նաեւ պատգամավորի մանդատն է եւ խորհրդարանը, վաղը այս գործիքակազմի առաջնահերթությունները կարող են փոխվել։ Ես հասկանում եմ, որ հանրության մի ստվար զանգված դժգոհ է ընդդիմությունից, մեր որոշ հայրենակիցներ ավելի վճռական քայլերի են սպասում, բայց ես ուզում եմ նաեւ, որ մենք օբյեկտիվ գնահատենք մեր վիճակն ու այսօր առկա հնարավորությունները։ Մեզ իրենց քվեն տված ՀՀ քաղաքացիները մեզ ընտրել են, որ դուրս քշենք Փաշինյանին ու այս ապաշնորհ թիմին։ Մենք չենք մոռացել մեր առաքելությունը, մենք աշխատում ենք մեր ձեռքին եղած բոլոր միջոցներով։ Բայց ես մի ուրիշ հանգամանքի վրա էլ ուշադրություն կհրավիրեի. մենք հանրության ներսում մեծ երկխոսության կարիք ունենք։ Ի՞նչ ենք մենք հիմա ուզում՝ որպես հանրություն, որպես ժողովուրդ։ Մենք պիտի հասկանանք ապագայի մեր տեսլականը, ազգովի հասկանանք։ Հետո այդ տեսլականը կյանքի կոչելու մեթոդներն ավելի հեշտ կլինի ընտրել։ Ես իմ եւ իմ թիմի անունից կարող եմ ասել, որ մենք չենք հանձնվելու եւ շարունակելու ենք պայքարը։

-Մի փաստ հստակ կարող ենք արձանագրել՝ ժողովուրդը դժգոհ է, դժգոհ է այդ թվում ընդդիմությունից, ինքներդ էլ նշեցիք: Ժողովուրդը այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց հետ միասին, կարծես, մենակ է մնացել: Մենք քաղաքական, անվտանգային հարցերին ենք հիմնականում անդրադառնում, բայց միջին վիճակագրական քաղաքացու համար կարեւորագույն խնդիրները չեն սկսվում եւ չեն ավարտվում սրանցով, դրա վառ վկայությունը արտագաղթի տեմպն է: Ի՞նչ խնդիրներ եք այստեղ տեսնում: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որ բերում են այդ թվում արտագաղթի այս տեմպերին։

-Տեսե՛ք, շատ ճիշտ եք նշում, որ այսօր արտագաղթի հետ կապված ծանր վիճակ ունենք։ Օբյեկտիվության համար նշենք, որ այս խնդիրը նորանկախ Հայաստանի գրեթե ողջ ընթացքում առկա է եղել, բայց այսօր եղած տեմպն առավել քան մտահոգիչ է։ Այն համեմատության մեջ է 90-ականներին արձանագրված արտագաղթի հետ: Հիշում ենք՝ ինչ մարդկային ու մասնագիտական մեծ ռեսուրսների կորուստ ունեցանք այն ժամանակ: Ցավոք, մտավախություն ունեմ, որ մենք այսօր նորից բախվել ենք այդ մարտահրավերին: Ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ. ոչինչ, ավելի ճիշտ անում է քայլեր՝ խթանող արտագաղթի ծավալները։ Ես ավելին ասեմ. այսօր մենք ականատես ենք լինում Ռուսաստանից, Ուկրաինայից մեծ թվով մարդկանց՝ Հայաստան տեղափոխվելու գործընթացին՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով: Ես անկեղծորեն չեմ բացառում, որ հետագայում այս իշխանությունները կփորձեն արտագաղթի վիճակագրություն էլ խեղաթյուրել՝ օգտագործելով այսօր Հայաստան տեղափոխվողների թիվը: Ես անգամ սա չեմ բացառում: Վերադառնալով արտագաղթի ծավալներին՝ նշեմ, որ պատճառները շատ լայն են։ Հայաստանում եւ Արցախում այսօր առկա անվտանգային լրջագույն խնդիրներին, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու կյանքին եւ կենսապայմաններին, գումարվում են մի շարք այլ պատճառներ՝ սկսած մարդու իրավունքների խայտառակ վիճակից մինչեւ սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Ապօրինի ձերբակալությունները, քաղաքական հետապնդումներն այս իշխանությունների ձեռագիրն են, դրա մասին մենք առիթ ունեցել ենք բավական մանրամասն խոսելու։ Անմխիթար վիճակում է այսօր մեր դատաիրավական համակարգը. պարզապես խայտառակություն է դատավորին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հետապնդման ենթարկելը։ Մենք ժողովրդավարության առումով արագ տեմպերով հետ ենք գլորվում, եւ սա փաստ է։ Փորձեմ անդրադառնալ տնտեսական խնդիրներին ու այստեղ առկա անորոշության բարձր մակարդակին։ Նախ՝ պարենային ապրանքների թանկացումները, որոնք արդեն երկու տարի է՝ հարվածում են քաղաքացու նվազագույն կենսապահանջների բավարարմանը: Այս տարի եղած իրավիճակին ավելացան նաեւ հոսանքի, գազի, ջրի սակագների թանկացումները: Սա արդեն լուրջ խնդիր է մարդկանց համար, հատկապես երբ անընդհատ թանկացումներին զուգահեռ եկամուտները մնում էին անփոփոխ, իսկ իրականում նույն գնաճի արդյունքում՝ նվազում: Իսկ ինչու՞ չեն ավելանում եկամուտները. որովհետեւ տնտեսությունը դադարել է արդյունք գեներացնել, կամ դա անում է ոչ բավարար մակարդակով: Այ այստեղ պատճառները շատ ավելի խորքային են՝ ներդրումային սպառված գրավչություն, արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության բացակայություն, բիզնես անորոշություն, պետության կողմից կարճաժամկետ որոշումների ընդունում, որոնք չունեն ռազմավարական-մարտավարական  բնույթ: Եվ այս ամենին դեռ փորձեք մտովի էլ գումարել այն ամենը, ինչ այսօր կարող է ածանցյալ ազդեցություն բերել ռուս-ուկրաինական պատերազմից, որոնց հետ կապված եւս, մեղմ ասած, որեւէ աշխատանք չի արվում ռիսկերի գնահատման եւ գործողությունների մշակման տեսանկյունից։ Վերոնշյալ խնդիրների մասին մեսիջները գալիս են բիզնեսից, փորձագիտական հանրույթից, բայց ի պատասխան՝ մենք գրեթե երկու տարի լսում ենք, որ ճգնաժամը հաղթահարված է, գնաճը մեկ-երկու ապրանքի մասով է, ներդրումները հորդում են, բոլորն ապրում են ավելի լավ, քան երբեւէ: Սա է մեր լրջագույն մարտահրավերներից մեկը՝ իրավիճակի մակերեսային ընկալումը կամ պարզապես աշխատանք ցույց տալու իմիտացիան, անշուշտ, նաեւ տեսլականի բացակայությունը, ինչի մասին արդեն խոսեցինք։ Մի բան հստակ է՝ կառավարման մինիմալ ունակություն չունեցող այս իշխանությունը չի կարող որեւէ իրական արդյունքի հասնել ճգնաժամայի՛ն կառավարման հարցում։ Իսկ մենք փաստենք, որ այսօր մեր երկիրը ճգնաժամի մեջ է, որին էլ, ի դեպ, մեզ հասցրել է նույն այս իշխանությունը։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ




Լրահոս