ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի արդյունքները: «Գիշերը մեր պատվիրակությունը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Կարծում եմ՝ հիմա մենք, նաեւ պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը, եւ ոչ միայն: Մեր պատվիրակության կազմում էին նաեւ առողջապահության նախարարը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, արտաքին գործերի նախարարը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի երկու տեղակալները: Նկատի ունեմ՝ մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել, եւ մեզ համար կարեւոր է կենտրոնանալ այդ օրակարգի իրականացման վրա: Տնտեսական կապերը նաեւ ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք», – նիստի ժամանակ նշել է վարչապետը:
Նա նաեւ նշել է, որ այցի ընթացքում, բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկվել են հարցերի լայն շրջանակ: «Նաեւ այստեղ կարեւոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ես առիթ ունեցա նաեւ ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկվեցին նաեւ Եվրամություն-Հայաստան համագործակցության հարցերը: Մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այցը բավականի հաջող էր, եւ պիտի աշխատենք դրա օրակարգի իրականացման եւ կյանքի կոչման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա շարունակել է, որ այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. «Այդ կապակցությամբ, գիտեք, ապրիլին նախատեսված է նաեւ իմ այցը Ռուսաստանի Դաշնություն: Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով եւ հարուստ բովանդակությամբ ընթանա»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցին. «Ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ «ընտրական ժողովրդավարություն»: Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգում է տեղի ունեցել: Այսինքն՝ նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր: Դրա իմաստը հետեւյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսը, ըստ էության, օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Ինչո՞ւմ է այս նոր բնորոշման էությունը: Այս նոր բնորոշման էությունը հետեւյալն է, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձեւավորման գործիք է»:
Ն.Պ.
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: «Մարտի 9-ին եւ 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։ Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի եւ ահաբեկչության համակցում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, եւ չպետք է անարձագանք մնան։ Վերջին զարգացումները մեկ անգամ եւս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի եւ նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու եւ այն պաշտպանելու վճռականությունը եղել է եւ կմնա անսասան»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս տարվա հունվար ամսին Հայաստանում մսի արտադրության ծավալները ավելացել են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս աճը գրանցվել է թռչնամսի արտադրության ավելացման հաշվին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալներն ավելացել են 17.1 տոկոսով, բայց խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն են նվազել: Խոզի արտադրության ծավալները այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, պակասել են 10.3 տոկոսով: Ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են 6.3 տոկոսով: Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 7 տոկոսով: Այս տարվա հունվարին մեր հանրապետությունում արտադրվել է 501 հազար 800 տոննա խոշոր եղջերավոր կենդանու միս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 539 հազար 800 տոննա: Բացի այս, նշենք, որ վերջին ամիսներին հավի մսի գինն է զգալի բարձրացել, ընդ որում՝ բարձրացել է ե՛ւ ներկրված, ե՛ւ արտադրված հավի մսի գինը: Ըստ մասնագետների՝ տեղական հավի միսը թանկացել է, որովհետեւ միաժամանակ բարձրացել են ե՛ւ ներմուծվող կերի գինը, ե՛ւ գազի, էլեկտրաէներգիայի սակագները:
ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հացի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 22 հազար 847 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 23 հազար 198 տոննա հաց, այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.5 տոկոսով են նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները։ Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2.3 հազարով։