ՎԱՉԵ ԱՄԱՐՅԱՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանն իր երկրպագուների համար նորություն ունի: Երգիչը  ArmLur.am-ը զրույցում պատմել է ներկա զբաղվածության, ոճային փոփոխության մասին:

 

-Վաչե՛, երբ նոր էիք սկսում Ձեր կարիերան, բավականին ակտիվ էիք, սակայն նկատում ենք, որ վերջին տարիներին այնքան էլ այդպես չէ: Ինչու՞:

-Վերջին  տարիներին  ես ավելի  շատ  երգեր եմ  ստեղծել, քան  նախկինում:

Միգուցե,  տպավորություն է, որ  պասիվ եմ,  բայց դա այդպես չէ: Իմ պասիվությունը պայմանավորված է նոր երգեր  ստեղծելով, դրանց գործիքավորելով ու տեսահոլովակներ նկարելով:

Այդ ամենը ես ինքս եմ անում:

-Վաչե՛ հետաքրքիր բացահայտում էր ինչպես ինձ, համոզված եմ՝ նաեւ մեր ընթերցողների համար:

-Այո՛, իմ երգերը ինքս եմ գրում եւ երգերիս մեծ  մասն ինքս եմ գործիքավորում: Ունեմ իմ սեփական ստուդիան, որտեղ  այդ ամենը  կազմակերպում եմ: Կարելի է ասել՝ օրս  չի հերիքում: Բացի այդ, վերջերս  սովորեցի նաեւ  ռեժիսորի  ու օպերատորի աշխատանքը: Հիմա արդեն ինքս եմ իմ տեսահոլովակները նկարահանում եւ  մոնտաժում: Դրանք  բավականին ժամանակատար են,  բայց   ես պասիվ չեմ, ակտիվ աշխատում  ու ստեղծագործում եմ: Նոր տեսահոլովակների պակաս չունեմ: Շատ շուտով անակնկալներ են սպասվում իմ երկրպագուների համար, որոնք  արդեն պատրաստ են, ու մեկը մյուսի ետեւից  կհանձնեմ  հանդիսատեսի  դատին: Կարծում եմ՝ շատ  կսիրվեն:  Աշխույժ, ռիթմիկ ու տարբերվող  երգեր են: Խոսքը՝ «Մեկ ա, մեկ ա», «Ջանա՛», «Քոչարի» «Սիրահարվել եմ» երգերի մասին է, եւ ինչպես խոստացել էի, կլինի հաճելի ոճային անակնկալ եւ փոփոխություն: Ուզում եմ  մարդկանց  ուրախացնել, պարզապես սպասում եմ՝  աշխարհը  խաղաղվի:

-Վաչե՛, հետաքրքիր է՝ հանրությունը Ձեզ առավել շատ սիրեց եւ  ճանաչեց, երբ առաջին անգամ նկարահանվեցիք «Մեղրամիս» հեռուստասերիալում: Ինչո՞ւ կանգ առաք:

-Կանգ  չեմ առել: Մտածում եմ նոր սերիալի մասին, բայց  «Մեղրամիս»-ը  այնպիսի արձագանք  ունեցավ, որ դրանից  հետո  ուղղակի պիտի  ժամանակ անցեր, ու հետո երկու  տարի  անընդմեջ էկրանին եմ եղել: Հեռուստադիտողին պետք է թույլ տաս քեզ կարոտել, որ նորից  սպասի:  Կարծում եմ՝ շատ  չեմ սպասեցնի: Իրականում դերասանի մասնագիտությունը ես սիրել եմ, շատ եմ սիրել,  բայց նախեւառաջ ես երգիչ եմ:

 Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

 

Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի՝ մարտի 5-ին, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը իր հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրը արվեստասեր հանրությանը նոր անուններ է ներկայացնում: Այս տարի թանգարանը հանրության լայն շրջանակի համար բացահայտել է նկարչուհի Նաիրա Թումանյանին՝  ցուցադրելով հեղինակի  40 կտավը:

 

Ցուցահանդեսի բացմանը Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշել է, որ մարտի 5-ին Հենրիկ Իգիթյանը կդառնար 90 տարեկան: Նաիրա Թումանյանն էլ  ցուցահանդեսի բացումը նման նշանավոր օրը իր համար մեծ պատիվ է համարել: «Ես շատ զգացված եմ, որ իմ ստեղծագործությունների ցուցահանդեսով այսօր տոնում ենք Հենրիկ Իգիթյանի տարեդարձը՝ մարդու, որը Հայաստանի ամենաականավոր արվեստագետներից մեկն էր: Նա հերոս էր, քանի որ ամբողջ կյանքում  պայքարել է  հայ մշակույթի, արվեստի ու գեղագիտության համար»,- ասել է նա: Թումանյանն ընդգծել է՝ քանի դեռ մարդիկ շարունակում են այցելել տարբեր մշակութային միջոցառումների, արվեստը շարունակում է ապրել: Նա շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպիչներին, հյուրերին եւ իր ամուսնուն՝ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին, որը  նրան ոգեշնչել է ստեղծագործել: Նաիրա Թումանյանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մասնագիտության տեսաբան Նաիրա Թումանյանը իրեն նվիրել է դիզայնին ու նկարչությանը: Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են Աստանայի օպերային թատրոնում, Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարանում, Ղազախստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություններում, բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում (Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ) եւ փառատոններում:

2017 թվականին նա «Հանդիպում» անհատական ցուցադրությունն է ներկայացրել  «ARTROOM-21» ժամանակակից արվեստի թանգարանում, նույն տարում՝ Էքսպո-2017 համաշխարհային ցուցահանդեսում, որն անցկացվել է Աստանայում, «Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ» ցուցադրությանը ներառվել են նաեւ Նաիրա Թումանյանի աշխատանքները:

Նկարչուհին Դիզայներների եվրասիական միության անդամ է, Վենետիկի բիենալեի մասնակից, բազմաթիվ հեռուստանախագծերի սցենարների հեղինակ:

 

 

ՉԻ ՆՎԱՃԻ

Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի պարտությունը «Ռեալից» (ընդհանուր հաշիվը՝ 2։3) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում։ «Ամեն տարի տեղի է ունենում նույնը, ամեն տարի ՊՍԺ-ի մարզիչն է տարբեր։ Մի քանի շաբաթ առաջ էի ասել, որ ՊՍԺ-ն չի նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, քանի որ նրանք կոշտ ու ամուր չեն։ Այդպես է արդեն 5-7 տարի։ Բոլորը կարծում են, որ այդ աստղային ֆուտբոլիստները կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց գործնականում դա գրեթե հնարավոր չէ»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։ Հիշեցնենք, որ Փարիզում ՊՍԺ-ն հաղթել էր 1։0 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ։ Պատասխան խաղում էլ Մբապեն բացեց հաշիվը, սակայն Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկը քառորդ եզրափակիչ դուրս բերեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին։

 

 

ԳՈԼ ՉԽՓԵՑ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 15 տարում առաջին անգամ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Փարիզյան ակումբը երկու հանդիպումների արդյունքում պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1։0, 1։3)։ Նախորդ անգամ Մեսին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ չէր խփել 2007թ. փետրվարին «Լիվերպուլի» հետ դիմակայությունում (1։2, 0։1)։ «Բարսելոնան» դուրս էր մնացել պայքարից։

 

 

ԱՌԱՆՁԻՆ Է ՄԱՐԶՎԵԼ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից առանձին է մարզվել անհատական ծրագրով. հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոնալդուն ազդրի վնասվածք ունի եւ բաց էր թողել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ նախորդ տուրի հանդիպումը։ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր 1։4 հաշվով։ Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանն ու ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին լիարժեք մարզում են անցկացրել եւ պատրաստ կլինեն հաջորդ հանդիպմանը։ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 12-ին կընդունի «Տոտենհեմին»։

 

ՉԻ ՎԱՃԱՌՎԻ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ՝ սառեցնելով նրա ակտիվները. հաղորդում է Reuters-ը։ «Չելսիին» հատուկ թույլտվություն է տրվել շարունակելու միայն ֆուտբոլի հետ կապված գործունեությունը։ Այս փուլում ֆուտբոլային ակումբի վաճառքը հնարավոր չէ։ Աբրամովիչը «Չելսիի» վաճառքից ակնկալում է մոտ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։

 




Լրահոս