Արցախում հումանիտար ճգնաժամը երեկվանից շարունակվում է՝ գազամատակարարումը կրկին դադարեցվել է Ադրբեջանի կամայականության արդյունքում, որը արցախահայության նկատմամբ էթնիկ ատելության եւս մեկ արտահայտումն է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Առավոտյան հրատապ գրություններ եմ ուղարկել մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային գործընկերներիս՝ նրանց ուշադրությունը հրավիրելով ստեղծված հումանիտար աղետի վրա: Արցախի խաղաղ բնակչությունը եղանակային սաստիկ ցուրտ պայմաններում (մինչեւ – 6 աստիճան) առանց ջեռուցման, տաք ջրի եւ այլ կենսական անհրաժեշտ միջոցների (նման պայմաններում էլեկտրաէներգիան սկսել է խափանումներով աշխատել) չի կարողանում հոգալ իր առաջնային կարիքները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է դիմել ամենաստոր միջոցին անգամ, միայն թե հասնի Արցախի հայաթափմանը:
Ինչպես նշում են գործընկերներս՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հայտարարության մեջ, «Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է եւս մեկ «մանր վրեժխնդրության» գործիք»: Սա ամոթալի է:
Կոչ եմ արել միջազգային գործընկերներիս դատապարտել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ շարունակվող ահաբեկող գործողությունները եւ հրատապ քայլեր ձեռնարկել այն կանխելու համար»,-նշել է Թովմասյանը։