Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ իրեն էլ են հրավիրել, սակայն ինքը մերժել է հրավերը՝ ի սկզբանե առաջարկելով տեղափոխել օրը։ «Ի՞նչ կրթության հարցով քննարկում, երբ Արցախում երեխաները զրկված են կրթության իրավունքից դեռ անհասկանալի ժամանակով, ու իրենք որոշել են ՏՏ ոլորտ քննարկել` հաճելի մթնոլորտում։ Ես մերժել եմ հրավերը»-, նշեց նա։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանից կամ մյուս ՔՊ-ական անդամներ Հասմիկ Հակոբյանից եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանից, սակայն վերջինս նշեց, թե համերգի է եւ չի կարող մեր հարցին պատասխանել, իսկ մյուս երկու պատգամավորները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին ու նամակներին։
Այսօր Երեւանի ավագանին հերթական նիստն է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց: Այդ հարցերի թվում ավագանին պետք է քննարկի եւ հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Մինչ այն կքննարկվի ավագանու նիստում, «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ ուսումնասիրել է թեման: Մենք տեղեկացանք, որ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ 729մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոս, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։ «Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, «Եզրաքարերի վերանորոգումը»՝ 84 տոկոս, «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա, ըստ էության, Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է։ Հավելենք, որ այս տեսքով բյուջեի կատարողական քաղաքապետարանն ապահովել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ նրա ղեկավարությամբ:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի բանագնացության մասին հայտնի է դարձել շատ ավելի վաղ, քան այդ մասին պաշտոնապես հայտարարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է փակագծեր բացում՝ նշելով, որ 2021-ի գարնան վերջին բավականին լուրջ շրջանակներ գիտեին՝ հենց Ռուբինյանն է լինելու այդ բանագնացը: Դա վկայում է այն բանի մասին, հավելում է, որ ՀՀ իշխանությունները գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Թուրքիայի հետ: «Այդ ժամանակվա արտգործ նախարարին հարցումներ են եղել՝ թուրքական կողմի հետո որեւէ շփում կա արդյոք, նախարարը, որ այն ժամանակ Արա Այվազյանն էր, ասում էր՝ նման շփումների մասին իրեն հայտնի չէ: Ենթադրում եմ, սակայն, որ նաեւ նրա մտքի մի ծայրով չէր անցնում՝ իշխանության ինչ-որ շրջանակ Թուրքիայի հետ առանձին շփումներ կարող է ունենալ»,- փոխանցում է Մանուկյանը: «Փաստորեն, նախարարը տեղյակ չի՞ եղել ՀՀ-Թուրքիա իրական շփումներից»,- հարցրեցինք: «Եթե հետահայաց նորից ուշադիր լսեք Այազյանի հավաստումներն ու հետեւեք նրա գործունեությանը, պարզ կլինի ամեն բան: Հիշեցնեմ, օրինակ, Այվազյանի թիկունքում ստորագրված Վաղարշակ Հարությունյան- Սերգեյ Շոյգու հուշագիրը, ինչը իշխանությունները շուրջ մեկուկես տարի գաղտնի էին պահում»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան կասկածահարույց վաճառքի շուրջ հիմա էլ իրավապահ կառույցներում են կրքեր բորբոքվել: Հիշեցնենք, որ կասկածելի գումարներվ կառուցված Մոնումենտի հերթական դղյակներից մեկը ոչ թե վերադարձվել էր քաղաքացիներին, ինչպես խոստանում էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին, այլ նախկին պաշտոնյայից անցավ այսօրվա «սրտի օլիգարխին»: Ինչպե՞ս. արգելանքի տակ եղած գույքը ամենակարող գործարար, կասկածելի ճանապարհով կարճ ժամանակում հարստացած Նարեկ Նալբանդյանը գնեց՝ էլի փակովի, ինչպես «Գոլդեն փելիս» հյուրանոցը գնեց: Արգելանքի տակ գտնվող գույքի վաճառքից տարակուսած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ փորձելու է պարզել, թե ովքեր են մեղավորները: Գլխավոր դատախազի հայտարաությանը հակադարձեց Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, թե իրենք օրենքի շրջանակում են գործել ու մի բան էլ Գլխավոր դատախազի խոսքը որակեց «ականջահաճո արտահայտություն»: Գլխավոր դատախազությունը որոշեց չնահանջել եւ կրկին հրապարակային պատասխանեց Կոմիտեին, թե միգուցե տեղյակ չեն, կամ քննիչը Աբրահամյանի գործով չի իրազեկել հսկող դատախազին եւ նման այլ բաներ: Մի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, որ իրավապահները կատարված խայտառակությունը միմյանց վրա են գցում, իսկ վաճառքը արդեն կայացել է: Ու սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրապարակային պատերազմում են միմյանց հետ: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: