Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր տարաբնույթ ու հակահայ հայտարարություններով անընդհատ փորձում է նոր օրակարգ ձեւավորել, ինչին հայաստանյան իշխանությունները համարժեք գործողություններով չեն հակազդում։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունն առհասարակ չի գիտակցում Ադրբեջանից եկող իրական սպառնալիքները։
-Ադրբեջանն օրեր շարւոնակ սադրանքներ է հրահում Արցախի տարածքում, բարձրախոսների միջոցով խրամորթցիներին հորդորում են լքել իրենց տները: Եվ սա կատարվում է այն ֆոնին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Եվրոպայում՝ Ֆրանսիայում, պաշտոնական այցով: Սա ի՞նչ է նշանակում: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Նախ կասեմ, որ մինչեւ վերջին սադրանքները՝ վերջերս, Երասխում իրավիճակը սրվեց, որի հետեւանք, ցավոք, նաեւ զոհ ունեցանք: Մոտ մեկ ամսվա կտրվածքով Ադրբեջանը պարբերաբար՝ ամեն առավոտ՝ գրեթե նույն ժամին, մամլո հաղորդագրություն էր տարածում՝ իբրեւ հայակական կողմը գնացել է սադրանքների: Դրան հաջորդում էր մեր ժխտումը, եւ դա հիմք էր տալիս ենթադրելու, որ նախապատրաստվում են սադրիչ գործողությունների, եւ դրա համար փորձում են պարարտ հող ստեղծել: Վերջին շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին իրավիճակը հստակ լարվեց: Իհարկե, Խրամորթի հետ կապված մինչ այդ էլ խնդիրներ կային, եւ ոչ միայն Խրամորթի մասով, այլ մի քանի ուղղություններով խնդիրներ կան: Նաեւ խնդրահարույց է, որ սկսել են ավելի ծանր տեխնիկա տեղակայել եւ ականանետեր կիրառել: Պետք է ընդհանուր աշխարհագրությանն էլ նայենք, հասկանանք, թե ինչու են թիրախավորում Կարմիր շուկայի եւ Խրամորթի այդ հատվածները:
-Նկատի ունե՞ք ճանապարհի հետ կապված խնդիրները:
-Ենթադրում եմ՝ այո: Չգիտեմ՝ որքանով է հիմնավոր, բայց ընդհանուր առմամբ այդ տպավորությունն ունեմ: Դրանից բացի հետաքրքրական էր նաեւ վերջերս նրանց կառավարության կողմից հայտարարությունն առ այն, որ դիմումներ են ուղարկել ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին եւ տարբեր այլ կազմակերպություններին՝ բողոքելով, թե իբրեւ հայերն օգտագործում են Բերձորի-Լաչինի միջանցքը ռազմական նպատականերով: Բոլորս գիտենք, որ այդ միջանցքի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներին են, եւ այս հակամարտության փուլում դիմել Արեւմուտքին նման խնդրով, կարծում եմ, ոչ միայն մեր, այլ նաեւ ռուսների դեմ ուղղված քայլ էր:
-Ասում եք՝ ռազմավարական նշանակություն, իսկ ռազմական գործողությունների կհասնի՞, թե՞ Ռուսաստանն ամեն դեպքում նման բան թույլ չի տա:
-Ես կարծում եմ՝ ռիսկեր, իհարկե, կան: Բացի դրանից, անցած տարի դեկտեմբերին, երբ Լաչինում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին, իհարկե իրենց սցենարներն ունեն գծած, մենք չենք կարող բացառել: Կախված է նաեւ միջազգային իրավիճակից: Եթե իրավիճակը ռուսական կողմի համար բարդանա, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը գնա նման սադրանքների: Բացի դրանից, նաեւ մեր սահմանների հետ կապված իրավիճակն էլ կփորձեն լարել:
-Այսինքն՝ ինչքան Ռուսաստանն իր տարածքի հարցերով զբաղվի, Ադրբեջանը կարող է պահը օգտագործել եւ նոր հարձակումներ գործե՞լ:
-Ադրբեջանը նոր ախորժակ չունի, ախորժակը հինն է: Առավելություններ են ստեղծվում իր համար: Առանց Անկարայի աջակցության Ալիեւը նման ռիսկի չէր գնա:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԵԽ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունն արձագանքում է ՀՀ դատական համակարգում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ իմ գրություններին:
Հայաստանի իշխանության կողմից երկրի երրորդ` անկախ իշխանության` դատական համակարգի նկատմամբ շարունակ իրականացվող տարատեսակ ճնշումների, անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման, քրեական հետապնդումների դեպքերի, մասնագետների պնդմամբ՝ դատավորին ապօրինի կալանավորելու գործընթացի ահազանգով դիմել էի Եվրոպական երկրների դեսպաններին, ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը՝ ակնկալելով արդարացի արձագանք եւ համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։ Ուզում եմ տեղեկացնել, որ ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ստացել եմ արձագանք իմ հնչեցրած ահազանգերի առնչությամբ: Մասնավորապես՝ Գլխավոր տնօրեն Քրիստոս Գիակոմոպուլոսն իր արձագանքի մեջ հղում է կատարել «Ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վերաբերյալ զեկույցին» եւ նշել, որ անկախ եւ անկողմնակալ դատական համակարգը օրենքի գերակայության հիմնական սյունն է, հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նախապայմանը։ Քրիստոս Գիակոմոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդն իր համապատասխան մարմինների աջակցությամբ հետեւում է իրավիճակին Հայաստանում` հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Նախարարների կոմիտեի առաջարկներին, Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներին։ Գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ իրենք համապատասխան օղակներով եւ համագործակցության ծրագրերով ակտիվորեն համագործակցում են ազգային իշխանությունների եւ դատական համակարգի հետ։
Այսպիսով, ԵԽ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բաժնի գլխավոր տնօրենի պատասխան նամակի ուսումնասիրության, դրանում մատնանշված ուղենիշների համատեքստում Հայաստանում առկա իրավիճակին հետեւելով՝ կարող ենք եզրահանգել, որ Հայաստանը դատական անկախության մասով ՀՀ Մայր օրենքով` Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ դրույթների պաշտպանության լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Դատական համակարգի անկախության ապահովման հարցը օրեցօր ձեռք է բերում առավել մեծ հրատապություն։
Հ.Գ. Պատասխան-արձագանքի մասով իրազեկումը փոխհամաձայնեցված է»։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿԻ
Երեկ ԲԴԽ-ն հրապարակեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի որոշումը: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ԲԴԽ դատավոր անդամները կռիվ են տվել՝ նշելով, որ նախարարի հարուցած կարգապահական վարույթը մասնագիտական տեսանկյունից անհիմն կարգապահական վարույթ է, եւ նախարարության ներկայացուցիչները անգամ ԲԴԽ-ում չկարողացան մասնագիտական առումով հիմնավորել դատավորի սխալը: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կարգապահական վարույթ հարուցեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու նկատմամբ: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախարարը կարգապահական վարույթը հարուցել է այն պատճառով, թե դատավոր Վազգեն Ռշտունին երկարատեւ արձակուրդ գնալու պատճառով քրեական գործերը վերամակագրման է հանձնել:
ԴԱՏԱՎՈՐԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվեց՝ ավտովթարի ենթարկվելուց հետո ոստիկաններին վիրավորելու համար։ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմա Իսկանդարյանին։ Ըստ միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում: Մասնավորապես՝ դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսեւորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետեւ ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։ Ի դեպ, նշված դեպքի առնչությամբ Վարչական դատարանում եւս առկա է վարույթ, մասնավորապես՝ ոստիկանությունը դիմել է դատարան՝ Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այժմ գործը գտնվում է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթում։ Ոստիկանությունը դիմել էր նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որտեղ հարուցվել էր կարգապահական վարույթը, ապա՝ կարճվել, իսկ ԱՆ նախարարությունում հարուցված վարույթի շրջանակներում միջնորդությունն արդեն քննության առարկա է դարձվել ԲԴԽ֊ում։