Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքները: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ եւ ուժ կիրառելուց, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից,
– պետական սահմանի սահմանազատում եւ սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտային ուղեիների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:
Հիշեցնենք, որ Երեւանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին եւ դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա: Սա հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։
Նշենք, որ չբացահայտելով մանրամասները՝ Ադրբեջանի արտաքին գործնախարար Բայրամովը խոսել էր խաղաղության հիմնարար փաստաթղթի ստորագրման առաջարկից՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը հեշտությամբ կընդունի ադրբեջանական նոր փաստաթուղթը»։ Ընդ որում, Ջեյհուն Բայրամովը հիշատակել էր Ադրբեջանի նախագահին, որը, ըստ նրա, բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա:
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների սկսման պայման բազմիցս համարել է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ չստորադասելով նաեւ «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտությունը։ Երեւանն էլ է պատրաստակամություն հայտնում ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց շեշտում է նախ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաեւ մերժում միջանցքի գաղափարը։
Պաշտոնական Բաքուն պատերազմի ավարտից ի վեր հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը կարգավորված է, Մինսկի խումբն էլ գոյություն չունի։ Բանակցություններն էլ մեծ հաշվով փակուղում են. Մինսկի խմբի շրջանակներում ղեկավարների մակարդակով հանդիպում ընդհանրապես չի եղել, արտգործնախարարներն էլ թեեւ հանդիպել են, բայց բուն կոնֆլիկտի հանգուցալուծմանը անդրադարձ չի եղել, միջնորդներն էլ մինչեւ այժմ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել։
Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար Երեւանն այսօր շեշտադրել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, դրա երեք հիմնական դրույթներն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքները։
Ն.Հ.
ՍՈՒՏ Է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշելէ, որ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Իսկ այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է, եւ բոլորն այդ մասին գիտեն»,-նշել է նա:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Իշխանյանը։
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Երեւանում մարտի 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում մարտի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Արցախում այսօր եւ վաղը սպասվում է ձյուն։
ԼԱՐՍԸ ՓԱԿ Է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար եւ 97 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ եւ այլն:
«Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետեւյալ հարցերի վերաբերյալ.
- Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, եւ ի՞նչ սահմաններով,
- Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին եւ ընդհանրապես անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,
- Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ եւ առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,
- Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը եւ սահմանագծումը,
- Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որեւէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով։
Հ. Գ. Հարցերը նաեւ գրավոր ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանին»: