ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 փետրվարի 2022 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ եւ 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող ֆիզիկական անձանց եւ համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ, համաձայն N 1 հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ հետեւյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարեւոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը եւ սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը,

2) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, եւ ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:

  1. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող),

2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) տարին,

3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին),

4) սույն որոշմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների եւ դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ նկարագրության արձանագրության օրինակելի ձեւով,

5) պետության եւ ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի եւ ձեռք բերողի միջեւ կնքված պայմանագրին համապատասխան:

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաները՝ համաձայն NN 2 եւ 3 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ուսումնասիրել եւ տարածքները ձեռք բերողին ներկայացնել դրանցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական օբյեկտների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարին սույն սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության      վարչապետ      Ն. Փաշինյան

 




Լրահոս