«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԿՏԻ ՊԱՀՎԱԾՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է Արցախում:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունները:
-Ամենապարզ տրամաբանությամբ հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների առջեւ դրել են 5 կետից բացկացած, իրենց իսկ շահերից բխող պայմաններ՝ ուղղակի ի կատարումն Հայաստանի իշխանությունների: Եվ հասկանալի է, որ դրանք ոչ միայն պահանջներ են, այլ նաեւ պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն հենց այս իշխանություննրի ձեռքով: Եվ այստեղ միակ բանը, որ կրկին ակնհայտ փորձում են մոլորեցնել հայությանը, Հայաստանի իշխանությունների՝ մասնավորապես արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն է, որ իրենք դիմել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին այն նպատակով, որ այդ բանակցություններն իրենց միջնորդությամբ կնքվեն: Հասկանալի է, որ չի կարող խաղաղության նման պայմանագիր կնքվել առանց Արցախի հարցի կարգավորման, որը հենց ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում պետք է կարգավորվեր: Այսինքն՝ սա հերթական ինչ-որ տարօրինակ խաղն է այս իշխանությունների, եւ հասկանալի է, որ իրենք գնում են կրկին զիջումների, կրկին մեզ նոր աղետի ու փորձանքի առաջ են կանգնեցնելու, ինչը հիմա փորձում են իբրեւ մանեւրելով բանակցություններ եւ քաղաքական գործընթացներ ներկայացնել մեր հասարակությանը:
-Մի փոքր ներկայացրեք, թե ինչ վիճակ է Արցախում առանց գազամատակարարման եւ երբեմն նաեւ էլեկտրաէներգիայի:
-Այս օրերին ինչ կատարվում է Արցախում, արդեն բավականին երկար ժամանակ է, իսկ ավելի ճիշտ՝ ինտենսիվ՝ մարտի 8-ից սկսած առ այսօր. սա որակում եմ որպես հումանիտար ճգնաժամ: Սա արդեն հումանիտար աղետ է, որում գտնվում է Արցախի Հանրապետությունը: Այն, որ միակ գազատարը անցնում է այն հատվածով, որը թշնամու վերահսկողության տակ է, եւ այդ միակ գազատարը, առավել քան վստահ ենք, որ վնասել է հենց Ադրբեջանը, եւ եղանակային այս անտանելի պայմաններում Արցախում մարդիկ զրկված են ապրելու տարրական պայմաններից: Գարնանային արձակուրդները մեկ շաբաթ առաջ տեղափոխվեց՝ հույսով, որ կկարգավորվի մինչ արձակուրդների ավարտը: Այսինքն՝ ստացվում է, որ այսօր մեր երեխաները զրկված են կրթվելու եւ ամենատարրական՝ ապրելու իրավունքից: Խնդիր ունենք՝ նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված, որովհետեւ այն ծավալը, որ հիմա սպառվում է Արցախում, ուղղակի հնարավոր չէ այդքան ծանրաբեռնված լինել: Այս ամենին գումարած շփման գծով ադրբեջանական կողմը իրեն չափազանց լկտի է պահում, ագրեսիվ է պահում ու բացահայտ տեռորի է ենթարկում Արցախում ապրող հարյուր հազարավորից ավելի բնակիչներին: Ժամանակ առ ժամանակ տարբեր զինատեսակներից կրակում են ե՛ւ թիրախավորված, ե՛ւ ոչ թիրախավորված բնակիչների ուղղությամբ: Մի խոսքով, Արցախում կյանքը քաոսի է վերածվել: Եվ ինչպես պատերազմի ժամանակ, այդպես էլ հիմա աշխարհը դա չի տեսնում:
-Արցախի շփման գծում զինտեխնիկայի կուտակումները նկատելի՞ են:
-Լուրեր են պտտվում, որ շփման գծով զինտեխնիկայի կուտակումներ կան, չեմ հաստատի կամ չեմ հերքի, որովհետեւ իրականում պաշտոնական տեղեկատվություն նույնպես չկա: Շփման գծի բնակավայրում ապրող բնակիչները նկատել են շարժ, որն արվել է ցուցադրաբար՝ մարդկանց խուճապի մատնելու համար: Ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետեւ այս հարցին պետք է պատասխանեն թե՛ իշխանավորները եւ թե՛ համապատասխան ոլորտի մասնագետները: Լարվածություն կա, որեւէ մեկը դա չի կարող հերքել: Մարդիկ տարբեր արձագանքներ ունեն: Ցավալի է, բայց փաստ, որ 44-օրյա պատերազմից հետո, չվստահելով մեր պաշտոնական լրահոսին, մեր բանկչությունը հակված է նաեւ թշնամական կողմի լրատվությունը կարդալ ու հետեւել, որոնք սադրիչ հայտարարություններ են դնում: Խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին չհետեւել արդբեջանական լրահոսին: Էստեղ մարդիկ փաստում են, որ իրենք այլեւս չեն զգում, որ իշխանություն գոյություն ունի: Կա նախագահ, կան պաշտոնյաներ, որոնք զուգված, զարդարված, փոխկապները կապած Երեւանում նախագահի երդմնակալության արարողությանն են մասնակցում: Իրենց թվում է, որ իրենք Արցախի բոլոր խնդիրները լուծել են:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՍԱՆԿՑԻԱՆԵՐ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կառավարությունների ներկայացուցիչները մարտի 15-ին հաստատել են սահմանափակումների չորրորդ փաթեթը։

Այս մասին հայտնում է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը. գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական պարբերականում հրապարակվելուց հետո։ Եվրոպական լրատվամիջոցները նշում են, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ավելի ուշ։ «Քանի դեռ նախագահ Պուտինի պատերազմն ուկրաինացի ժողովրդի դեմ շարունակվում է, Ուկրաինային աջակցելու եւ Կրեմլի ռազմական մեքենայի ֆինանսավորումը խաթարելու մեր վճռականությունը շարունակվում է։ Այս պատժամիջոցների նպատակն է, որպեսզի նախագահ Պուտինը դադարեցնի այս անմարդկային եւ անիմաստ պատերազմը»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերը հայտարարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կհաստատվի այսօր, այն կվերաբերի 600 մարդու։ Պատժամիջոցների չորրորդ փուլը ներառում է Ռուսաստանի հետ առեւտրի նոր սահմանափակումներ։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնություն շքեղության ապրանքների մատակարարման արգելքի մասին է, ինչպես նաեւ Եվրամիություն ռուսական պողպատի եւ երկաթի ներմուծման դադարեցման։ Կարգելվեն նաեւ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի ոլորտում նոր ներդրումները, տեխնոլոգիաների կամ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաեւ էներգետիկ ռեսուրսների որոնման, արտադրության կամ վերամշակման ծառայությունների մատուցումը: Արգելքը կանդրադառնա նաեւ ցանկացած ՌԴ քաղաքացու կամ ռուսական ընկերության վարկային ծառայությունների մատուցման վրա։
Տաթեւ Ֆռանգյան

 

 

 

ՀՆԴԿԱՁԱՎԱՐԸ՝ ՈՍԿՈՒ ԳՆՈՎ
Հայաստանում հնդկաձավարը հասել է ոսկու գնի. փաթեթավորված հնդկաձավարի որոշ տեսակների գները սկսում են 1100 դրամից: Օրինակ՝ տեղական ընկերություններից մեկն առաջարկում է փաթեթավորված 500 գրամ հնդկաձավար 990 դրամով: Մեկ այլ ընկերության առաջարկած 700 գրամ փաթեթավորված հնդկաձավարն արժե 1670 դրամ: Նշենք, որ Հայաստանում սպառվող հնդկաձավարը հիմնականում ռուսական արտադրության է։ Տեղական հնդկաձավարը շատ փոքր մասնաբաժին ունի սպառման մեջ: Կիլոգրամով հնդկաձավարի գինը սկսում է 800 դրամից եւ տատանվում է 1000 դրամի սահմաններում: Մասնագետների խոսքերով՝ հնդկաձավարի գնի շեշտակի բարձրացման պատճառը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների խստացումն է: Այս ամենի հետեւանքով խնդիր է առաջացել հացահատիկի, ձեթի, բրնձի, ձավարի, հնդկաձավարի ներկրման հետ: Թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա, բայց նկատենք, որ հնդկաձավար այսօր մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել առեւտրի կետերում:

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման, ինչպես նաեւ քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանի բնակիչներ Կ. Ե-ն եւ Ա. Ա-ն, 2021-2022թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր եւ տեղեկություններ ներկայացնելով: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր եւ սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ եւ հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են երկու անձինք, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։




Լրահոս