«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի հրապարակած 5-կետանոց առաջարկին: Նա իր խոսքում նշել է, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։
«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրները, ըստ էության, դեռեւս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», – ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմի համար սկզբունքային եւ հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները եւ ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ շեշտելով՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացների վերաբերյալ Բաքվի առաջարկին՝ Միրզոյանը վերահաստատեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն։
«Մենք շարունակում ենք հետեւողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես, օրինակ, զորքերի հայելային հետքաշմամբ եւ միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք, սակայն, ադրբեջանական կողմը մերժել է», – ասել է Միրզոյանը:
Իսկ հարցին, թե ինչ ձեւաչափում է տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները, Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը եւ Հելսինկյան եզրափակիչ ակտը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանը հայտարարեց, որ առաջիկայում հնարավոր է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Բաքուն իր հերթին հայտարարեց, թե հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երեւանին եւ սպասում է պատասխանի։ Հայաստանի արտգործնախարարությունը երեկ պատասխանեց Ադրբեջանի առաջարկներին՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։ Պաշտոնական Երեւանի այս հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն բացահայտեց փաթեթի բոլոր 5 կետերը, կամ ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են ձեւակերպում, «Երեւանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապայմանները»։
Փաստաթղթի նախագծում հետեւյալ դրույթներն են.
-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը եւ քաղաքական անկախությունը միմյանցից,
-կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ եւ ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,
-կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից,
-կողմերը պարտավորվում են սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել,
-պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները եւ կոմունիկացիաները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՏԸՆԹԱՑ ՈՒՆԵՆՔ
2018-ին, որը համարվում էր անցումային տարի, Երեւան քաղաքի բյուջեի կատարողականը ծախսերի մասով կազմել էր 78 տոկոս, 2019-ին՝ 79 տոկոս, 2020-ին, որը պատերազմի եւ Քովիդի տարի էր՝ 55 տոկոս: Այս մասին ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Ակնկալվում էր, որ 2021-ը պետք է լիներ ավելի լավը, քան առնվազն 2018 թվականը, բայց կատարողականը կազմել է 73,3 տոկոս, այսինքն՝ մենք ունենք կայուն հետընթաց, ինչը նշանակում է, որ նախորդ տարի մեր կայացրած որոշումը ճիշտ էր: Հիմա ես կոչ չեմ անի դեմ քվեարկել այս կատարողականին, քանի որ քննարկում ենք նախորդ քաղաքապետի կատարողականը, բայց կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները տեսնեն ու լսեն սա: Այսպիսի կատարողականներով հեռու գնալ չենք կարող: Մենք դեմ ենք քվեարկելու դրան: Ես շատ հույս ունեմ, որ 2022-ին մենք ավելի բարձր հայացքով կնայենք մեր քաղաքացիներին եւ կասենք, որ նախկին բացթողումները կարողացել ենք շտկել»,-ասել է նա:
ԿՎԵՐՍԿՍԻ ՉՎԵՐԹՆԵՐԸ
Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: «Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով: Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել Էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր Վարդենիս խոշորացված համայնքի՝ դեռեւս դեկտեմբերի 5-ին ընտրված ավագանին երկու խմբակցությունների առաջարկով արտահերթ նիստ կգումարի: «Համայնքապետի ընտրության օրակարգով մինչեւ այսօր նիստ չի եղել, ու մենք՝ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամներս, արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Մարտի 4-ին, հիշեցնենք, Վարչական դատարանը մասնակի բավարարել էր Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հայցը, ըստ որի՝ անվավեր էր ճանաչվել Վարդենիսի համայնքի ավագանու՝ 2021-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած անդրանիկ նիստի՝ համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը: Կողմերից ոչ մեկը չէր բողոքարկել դատարանի որոշումը:
ՔՐՈՋ ՈՐԴԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է
Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Խաչատուր Սամվելյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ։ Նշենք, որ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է։
ԲԵՆԶԻՆՆ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Այս տարվա մարտի 7-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.29 դոլար: Հայաստանում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը թանկացել է՝ դառնալով 530 դրամ, իսկ Պրեմիումը 550 դրամ է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.4 տոկոս գնանկում եւ դիզելային վառելիքի 2.7 տոկոս գնաճ: Իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 31.2 եւ 44.6 տոկոսով: ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, մարտի 7-ի տվյալներով, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Օրինակ՝ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջինը 200 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 354 դրամ, Ռուսաստանում՝ 192 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 346 դրամ: Նշենք, որ հայկական եւ վրացական շուկաներում բենզինը վաճառվում է գրեթե հավասար գներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վրաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է մոտ 500 դրամ: Ի դեպ, Վենեսուելայում այն կազմել է 0.025 դոլար: Մյուս կողմից նկատենք, որ բենզինն ամենաբարձր գինն ունի Հոնկոնգում` լիտրը 2 դոլար 831 ցենտ:
ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Երեւանի քաղաքապետարանում կյանքը կանգ է առել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այնտեղ բոլորը սրտատրոփ սպասում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Տիգրան Ավինյանը պետք է այցելի Երեւանի քաղաքապետարան եւ սկսի ամեն ինչ իր ուզածով ձեւափոխել եւ հարցերին լուծում տալ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ Տիգրան Ավինյանն արդեն պաշտոն կստանա քաղաքապետարանում՝ փոխքաղաքապետի կարգավիճակով, եւ կսկսվի փոփոխությունների շրջան: Այս որոշումից հետո արդեն ակնհայտ կերպով Երեւանի քաղաքապետարանի կառավարումն իր ձեռքը կվերցնի Տիգրան Ավինյանը, իսկ Հրաչյա Սարգսյանը կլինի քաղաքապետ՝ թղթի վրա: Եվ մինչ այս որոշումը քաղաքապետարանում կյանքը կանգ է առել: Անգամ վարչական շրջանների ղեկավարների փոփոխություն չի կատարվում, քանի որ բոլորը սրտատրոփ սպասում են նրա գալուն: