ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որպես Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, որպես մարդ, որ պատասխանատվություն ունի Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ կրկին դիմում եմ ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական եւ ցեղասպանական գործողությունների»,- հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը

«Մեկուկես տարի առաջ՝ 2020 թվականի աշնանը, ռազմական ագրեսիա է իրականացվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակավայրերի եւ քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ, ռազմագերիների խոշտանգմամբ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ եւ այլն։ Այս բոլոր փաստերը պատշաճ փաստագրվել են մեր զեկույցներում եւ ներկայացվել միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ միջազգային հանրությունը, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չարձագանքեցին տեղի ունեցող հանցագործություններին։ Արհեստական հավասարության նշան դնելով ագրեսորի եւ ագրեսիայի զոհի միջեւ՝ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը՝ շարունակելու իր վայրագությունները։ Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն օգտագործել է իր հայեցողության տակ եղած բոլոր մեթոդները՝ ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու մեր բնակչության նկատմամբ, կրակելու քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական նշանակության այլ օբյեկտների ուղղությամբ, ոչնչացնելու մեր վանքերն ու եկեղեցիները, գերեզմանատները։ Ադրբեջանի կողմից համակարգված եւ դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել։ Նրանք կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։ Խրամորթ, Խնապատ, Նախիջեւանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ. այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ 7-րդ օրն է՝ Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետեւանքով Արցախում առաջացել են բազմաթիվ հումանիտար խնդիրներ, պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման համար եւ կենսական կարեւորության այլ խնդիրներ։ Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան։ Այո, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն, իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները, որոնք իրապես կարեւորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են եւ հետեւաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից եւ տարբերակված մոտեցումներին։ Դիմում եմ ձեզ՝ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը եւ իրական քայլեր կձեռնարկեք՝ ազդելու ադրբեջանական իշխանությունների վրա, հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից եւ հանցավոր գործողություններից»:
Ն. Պ.

 

 

 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մարդու իրավունքների ոտնահարման հերթական դեպքին է անդրադարձել իր ֆեյսբության գրառմամբ: Վերջինս մասնավորապես նշում է. «Ահազանգ եմ ստացել, որ Գյումրիում ոստիկանները, ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկել քաղաքացի Կարապետ Պողոսյանին, տապալել գետնին, ձեռքերը ոլորել, ինչի հետեւանքով վերջինս ստացել է ձեռքի փակ կոտրվածք։

Իմ շտապ հանձնարարականով՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցները կապ են հաստատել քաղաքացու հետ, հստակեցրել դեպքի մանրամասները, այնուհետեւ խոսել են ՀՀ ոստիկանության հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։ Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին իր ունեցած քրոնիկ հիվանդությունների մասին, ինչն անտեսվել է նրանց կողմից։ Ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցները քրեական օրենսգրքի 137.1 (Ծանր վիրավորանքի) հոդվածի շրջանակներում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստում։ Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ խնդրելով այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում եւ իրենց իրավասության շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

 

 

 

 

ԱՌԱՋ ԵՆ ԵԿԵԼ, ՎՐԱՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ
Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։ Այս մասին ասել է Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ «Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,-ասել է Խաչատուր Բաղդասարյանը։ Ըստ նրա Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից եւ պարբերաբար այցելում է իրենց համայնք։

 

 

 

 

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ԻՑ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին՝ Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 32-ամյա Արման Գ.-ն, որը 2019 թ. փետրվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 

 

 

ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձեւավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը, եւ հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու եւ իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին՝ այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում»,- տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: «Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետեւողականության դրսեւորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը»,-ասված է պարզաբանման մեջ:




Լրահոս