«Թեժ մարտական գործողությունները Ուկրաինայում անկասկած մի պահի կանգնելու են։ Բնականաբար, որքան շուտ, այնքան լավ։ Սա հնարավորություն կտա խուսափել նորանոր զոհերից ու ավերածություններից։ Այլ հարց է՝ տնտեսական պատերազմը, որն իր ծավալներով դուրս է գալիս ռացիոնալ մտածողության սահմաններից։ Սա նախադեպը չունեցող տնտեսական պատերազմ է, որի երկարաժամկետ հետեւանքների մասին ոչ ոք իրատեսական պատկերցումներ չունի՝ ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ՝ ԱՄՆ-ն, ոչ՝ Չինաստանը, ոչ ոք։
Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող պետություն է, որի ցամաքային սահմաններից երկուսը փակ են, անշուշտ, ենթարկվելու է համաշխարհային տնտեսական աղետի հետեւանքներին։ Խոսքը գնալու է թե՛ պարենային անվտանգության, թե՛ մակրոտնտեսական իրավիճակի համար լրջագույն ռիսկերի մասին։ Ցանկանում եմ ընդգծել՝ սա մեր ուզել կամ չուզելու խնդիրը չէ, սա չոր իրականությունն է։ Մենք պետք է պատրաստվենք այդ դժվարություններին, մենք պետք է մշակենք հակաճգնաժամային կառավարման եւ քայլերի փաթեթ, որը թույլ կտա հնարավորինս մեղմել բացասական հետեւանքները։ Վստահ եմ՝ իշխանությունը լավ հասկանում է իրավիճակը, եւ Կենտրոնական բանկի պարբերաբար տրվող տեղեկանքները խոսում են իրավիճակը մշտական մոնիտորինգի մասին։ Իմ մտահոգությունն այլ է. իսկապես անհնար է հաշվարկել այս տնտեսական պատերազմի նույնիսկ միջնաժամկետ հետեւանքները, իսկապես դրա ծավալները ահռելի են, եւ Հայաստանը պետք է իր ներսում գնա վերակազմավորումների եւ ավելի երկարատեւ լուծումների։
Այս առումով հարկ եմ համարում ներկայացնել մի քանի առաջարկ, որոնցից շատերը հնչեցրել եմ թե՛ ԱԺ-ում, թե՛ հրապարակային այլ ձեւաչափերում։
Կառուցվածքային փոփոխություններ
Վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը։ Էկոնոմիկայի եւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունների ներուժի միաձուլում եւ դրանցից նոր երկու նախարարությունների ձեւավորում. Գյուղատնտեսության նախարարություն եւ Զարգացման նախարարություն։ Այս կառուցվածքը այսօրվա համաշխարհային տնտեսական մարտահրավերների համար, կարծում եմ, ամենաարդյունավետն է։
Հակաճգնաժամային գործողություններ
Ամենասուղ ժամկետներում ավարտել հողային ֆոնդի չմշակվող հողատարածքների հաշվառումը եւ տալ կոնկրետ լուծումներ։ Հողերի 60 տոկոսը չի մշակվում։ Անհրաժեշտ է իրականացնել հողային ֆոնդի մանրակրկիտ մոնիտորինգ։ Չմշակվող հողատարածքների սեփականատերերի հետ արագ բանակցություններ. կա՛մ մշակում եք, կա՛մ պետությունը գտնում է այլ լուծումներ դրանք մշակելու, օրինակ՝ համայնքային կառավարման տարբերակով։ Գաղտնիք չէ, որ շատերը հողատարածքներ են ձեռք բերել դրանք վերավաճառելու համար եւ որեւէ ցանկություն չունեն գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Մենք նման շռայլություն այսօր մեզ չենք կարող թույլ տալ. կա՛մ մշակում ես, կա՛մ մշակում է ուրիշը։
Ջրային ռեսուրսներ
Կառավարությունը այսօր իրականացնում է մի քանի խոշոր ջրամբարների կառուցում, ինչն իհարկե ճիշտ է։ Մտավախությունս հետեւյալն է. խոշոր ջրամբարների կառուցումը ե՛ւ ժամանակատար է (դրանց կառուցումը պահանջելու է զգալի ժամանակ), ե՛ւ ծախսատար։ Ջրային ռեսուրսների մինչեւ 80 տոկոսին մենք չենք տիրապետում։ Իմ առաջարկն է ողջ երկրով մեկ փոքր եւ միջին ջրահավաք ջրամբարների ստեղծումը՝ մեծ թվով՝ տարեկան մինչեւ 1000-1500։ Հայաստանում արդեն իսկ կան նման հաջողված փորձեր, որոնք ապացուցել են իրենց էֆեկտիվությունը։
Գյուղատնտեսական ռեգիոնալ ծրագրեր
Հաշվի առնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները՝ ՀՀ տարածքում նախաձեռնել 30-40 նոր առանձնահատուկ ծրագրեր։ Սա ե՛ւ կարճաժամկետ՝ հակաճգնժամային տրամաբանության մեջ է, ե՛ւ երկարատեւ՝ գյուղատնտեսության գրագետ զարգացման եւ վերափոխման։ Բերեմ մի քանի օրինակ. Աշոցք-Ամասիա-Շիրակի դաշտավայրի մի մասում՝ ոսպ, մեղվաբուծություն, անասնապահություն։ Հրազդան, Աբովյանի որոշ գյուղեր՝ կանաչ ոլոռ։ Սեւանի ավազանի հողեր՝ հնդկաձավար, մեղվաբուծություն, բալ, ծիրան։ Վայոց ձոր՝ մեղվաբուծություն, ծիրանի տնկարաններ, խեցգետնի եւ ձկան աճեցում։ Արփա գետի հունը՝ Վայքի եկեղեցուց մինչեւ Արենի՝ ջրամբարների կասկադ, ջուրը մղել Արարատյան դաշտավայր։ Սյունիքում՝ ջրամբարներ/ ձուկ, խեցգետին/ , մեղվաբուծություն, ծիրան։ Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Կոտայք, Լոռի՝ ալոճի վերամշակում՝ կոմպոտներ, մասուրի վերամշակում՝ մուրաբա։
Մրգային որակյալ օղիների արտադրություն
Այն, ինչի մասին ես գրում եմ այս պահին, միջազգային շուկայում ունեն բարձր գին։ Օրինակ՝ ամբողջ աշխարհում առկա է որակյալ մեղրի դեֆիցիտ։ Պատահական չէ, որ Ֆրանսիան նախորդ տարի մեծ քանակներով մեղր է գնել հարեւան Վրաստանից։ Մեղվաբուծությունը Հայաստանի համար կարող է ապահովել ոչ միայն ֆինանսական եկամուտ, այլեւ շատ մեծ թվով աշխատատեղեր ողջ երկրով մեկ։ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում հարյուր հազարավոր մարդկանց զբաղվածության խնդիրը կարող է լուծվել։ Մեղրի գինը միջազգային շուկայում այսօր բավական բարձր է։
Պետություն եւ բիզնես
Ճգնաժամը ստիպում է պետության եւ բիզնեսի ավելի ճկուն համագործակցություն։ Մենք ունենք հայ գործարարներ, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ներգրավված են գյուղատնտեսության մեջ։ Անհրաժեշտ է գույքագրել ողջ ինֆորմացիան՝ ով, որտեղ, ինչ ծավալներ է ապահովում, ինչ հնարավորություններ կան։ Պետությունը կարող է ուղիղ համագործակցության մեջ մտնել նրանց հետ՝ միջպետական խողովակներով կարգավորելով ծագող խնդիրները։
Ամփոփում
Տնտեսական մարտահրավերների թեմայով գուցե անհրաժեշտ է հրավիրել մասնագիտական խորհրդակցություններ։ Պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել իմ առաջարկները»։
ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյան
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Երեկվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը: Մարտի 15-ից ուժի մեջ է մտել ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.
պաշտոնատար անձի նկատմամբ 150 000-200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:
Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելը:
55 ՆՈՐ ԴԵՊՔ
Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 3060 բուժառու: Մեկ օրում կատարվել է 2170 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք, առողջացել է 237 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 938 հազար 644 -ի:
ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ
Իջեւան քաղաքի բնակչուհի, 1981թ. ծնված Նարա Ղազումյանը խարդախությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Չինչին համայնքի վարչական տարածքում անասնապահական եւ ջերմոցային տնտեսության զարգացման եւ ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր իրականացելու կեղծ խոստումներ տալով, 2016թ. դեկտեմբերի 29-ից մինչեւ 2017թ.-ի փետրվարի 20-ը Կ. Դարբինյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 97 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար: 2020թ. փետրվարի 7-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Նարա Ղազումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, Ն. Ղազումյանից հօգուտ Կարեն Դարբինյանի բռնագանձել 182 հազար 800 ԱՄՆ դոլար՝ որպես տուժողին պատճառված նյութական վնաս, քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք դնել Ն. Ղազումյանի անշարժ եւ շարժական գույքի վրա մինչեւ պատճառված վնասի հատուցումը: Ն. Ղազումյանի փաստաբանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է քրեական գործերով վերաքնննիչ դատարան, վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, փաստաբանը այդ դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Չինչին համայնքի նախկին ղեկավար, ներկայումս Բերդ համայնքի մաս կազմող Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանի խոսքով՝ իր բողոքների հիման վրա կատարված քննությամբ բացահայտվել է խաբեբաների 4-հոգանոց խումբ, որը շուրջ 15 տարի Ճամբարակում, Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպություն, մարդկանցից խաբեությամբ, շանտաժի միջոցով շորթել է շուրջ 1միլիոն դոլարին համարժեք գումար, այդ գործով տուժածները շուրջ 40 հոգի են՝ համայնքի ղեկավարներ, անասնապահներ եւ այլն։ Նա նշել է, որ այդ խմբի 4 անդամների դատավարությունը ներկայումս տեղի է ունենում Սեւան քաղաքում, խմբի մեջ մեջ կան իջեւանցի, էջմիածնեցի եւ այլք։ Կ. Դարբինյանի բողոքի հիման վրա է բացահայտվել այդ հանցավոր խումբը, սակայն նրան քրեական գործով տուժած չեն ներգրավել՝ նկատի ունենալով, որ նրան խարդախությամբ վնասներ պատճառած Ն. Ղազումյանը դատապարտվել է: Կ. Դարբինյանը հայտնեց, որ Ն. Ղազումյանի խարդախության պատճառով ինքը ստիպված է եղել վաճառել իր ընտանիքի ողջ ունեցվածքը, Ն. Ղազումյանը որպես սեփականություն ոչինչ չունի, պատճառված վնասը հատուցված չէ: Կ. Դարբինյանին հարցրի՝ հնարավոր է արդյոք, որ Ն. Ղազումյանը վաղաժամկետ ազատվի ազատազրկման վայրից, նա դա բացառեց՝ ասելով, որ իր բողոքի պայմաններում դա հնարավոր չէ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ